Նախարարներն այլևս միայնակ «դալան» չե՞ն մտնում
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը այսօր անդրադարձավ նաև ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանի հայտարարությանը: Հիշեցնենք, որ Վ. Հովհաննիսյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր. «Ուզում եմ հարց ուղղել պարոն Աշոտյանին, իր հարևան Հրայր Թովմասյանին, կառավարության մյուս անդամներին` դուք, որ ձեր թեկնածությունը դնեք ընտրությունների ժամանակ ու ձեզ չպատշապանի Հովիկ Աբրահամյանը, նախագահը, դատախազը, ոստիկանությունը՝ կհաղթե՞ք: Ձեզ էնքան կծեծեն դալաններում, որ դուք կարտագաղթեք, տղերք»: Արծվիկ Մինասյանն այս առնչությամբ կատակեց. «Այդ հայտարարությունից Ես տեսա կառավարության անդամներին՝ Հրայր Թովմասյանին, Դավիթ Սարգսյանին, Արմեն Աշոտյանին հետո ԱԺ դալանում, ու ասացի՝ փաստորեն որոշել եք այլևս մենակ դալան չմտնել հա՞, հիմա երեքով եք մտնում»: Ա. Մինասյանը շեշտեց, որ եթե իշխանությունը զրկվի վարչական ռեսուրսից, միայն այդ դեպքում կարող է հավասարը հավասարի կերպ մտնել ընտրապայքարի մեջ: «Վահան Հովհաննիսյանը կարող էր շատ ավելի բաներ ասել: Բայց նրա հայտարարությունը եղել է կոռեկտության սահմաններում ու եղել է ակնարկ, թեթև հայտարարություն՝ բռնություն և ուժ գործադրելու մասին, որ եթե չունենաս վարչական լծակներ, փողի իշխանություն, կհավաքես ցածր տոկոս»,- նշեց նա:
Հարցին, թե «տղերքը երբ կարտագաղթեն», ՀՅԴ պատգամավորը պատասխանեց, թե իրենք չեն ուզում, որ Հայաստանի որևէ քաղաքացի, բնակիչ, այդ թվում՝ իրենց ընդդիմախոսները արտագաղթեն: