
« Գրիգորիչ, իմ պահանջը քո շուլուխին վնաս չէ». Արծվիկ Մինասյանը՝ Գալուստ Սահակյանին

ԱԺ նիստի ընթացքում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը հայտարարել էր. «Ես գոհ եմ Վահան Հովհաննիսյանից, որ մեծարեց ՀՀ նախագահին` ասելով` հլը դուք ի՞նչ կլինեիք, եթե ինքը չլիներ: Բա դուք ի՞նչ կլինեիք, եթե ինքը չլիներ: Իմ շուլուխը Վահանի հանճարին վնաս չէ»: Այս առնչությամբ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց. «Գալուստ Գրիգորիչը ինչպես միշտ փայլում է իր մտքի գոհարներով: Նա ճիշտ է՝ եթե չլիներ այսօրվա իշխանությունը, Դաշնակցությունը կլիներ իշխանության: Երևի դա նկատի ուներ: Նա փորձեց բարձրացնել նախագահի դերը, բայց իրականում կտրուկ գցեց նախագահի դերն ու իրականությունը, ավելին՝ բացահատեց իշխանության դերը: Գալուստ Գրիգորիչը իմ հասցեին հայտարարություն հնչեցրեց, թե ես չխնդրեցի, որ իշխանությունը հրաժարական տա: Ես այո, չխնդրեցի՝ պահանջեցի ու ինչպես Ջիվանին կասեր՝ Գրիգորիչ, իմ պահանջը քո շուլուխին վնաս չէ»: