«Սոցիալական բունտը թակում է մեր պետության դուռը». Ռուբեն Հակոբյան

Որևէ ծրագիր այս համակարգին հակացուցված է: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպարզրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նա նշեց, որ Կառավարության նոր ծրագրի վերաբերյալ խմբակցության դիրքորոշումն այն է, որ որևէ ծրագիր, անկախ նրանից` լա՞վն է, թե՞ վատն է, այս համակարգում հակացուցված է: «Ես չէի ասի, թե այս ծրագիրն այդքան վատ ծրագիր է, բայց եթե ուզում է իրավիճակ փոխել… խնդիրը ծրագրի մեջ չէ: Եթե այս ծրագիրը մանրամասն իրագործվի, պետք է վերջ տա կոռուպցիային, ստվերին, մենաշնորհին, իսկ դրանց վերացումը բացառվում է, որովհետև հակացուցված են նորմալ առողջ քաղաքական զարգացումների համար: Պետք է նկատի ունենալ, որ համակարգի շարժիչ ուժը կոռուպցիան է, մենաշնորհը, ստվերը, իսկ եթե գործող համակարգը սրանցից զրկվի, կվերանա»: Ըստ նրա` գործող իշխանությունն է հենց դեմ էվոլյուցիոն զարգացմանը, որովհետև դրանց զարգացումը ընտրական ժամանակաշրջանում  է արձանագրվում: Իշխանության փոփոխության համար, նրա խոսքով, միակ այլընտրանքը մնում է սոցիալական բունտը, ինչը այս վիճակում չի բացառվում ու «թակում է մեր պետության դուռը»: Ինչ վերաբերում է վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությանը, թե մտածողության հեղափոխություն է պետք, որը այս օրերի ընթացքում, Տ. Սարգսյանի խոսքով, արձանագրվեց խորհրդարանում, Ռուբեն Հակոբյանն ասաց. «Դա ճաշակի հարց է: Բուն պրոցեսին, քննարկումներին անդրադառնալով՝ կարող եմ ասել, որ դրանք քաղաքական քննարկումներ էին, չհաշվելով՝ ոչ կոռեկտ արտահատությունները: Խիստ կասկածում եմ՝ ինչպես կյանքի կկոչվեն դրանք, բայց կարող եմ փաստել, որ քննարկումները լավն էին»:

Տեսանյութեր

Լրահոս