Արմեն Մովսիսյանը հրապարակել է իրանական գազի գինը

ԱԺ-ում մեկնարկել են գազի գնի բարձրացման հետ կապված խորհրդարանական լսումները, որոնց մասնակցում են Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Նրանք պետք է պատգամավորներին բացատրեն, թե ինչու է թանկանում գազը, և ինչ հետևանքների այն կարող է հանգեցնել:

Առաջինը ելույթ է ունեցել Արմեն Մովսիսյանը, ով շարունակել է պնդել, որ բանակցությունները ռուսական կողմի հետ շարունակվում են, որ գազի գնի վերջնական սակագինը հայտնի չէ, և գործող սակագինը` 180 դոլար՝ 1000 խմ-ի համար, շարունակում է գործել մինչև բանակցությունների ավարտը: Մի խոսքով, ոչ մի գաղտնի ինֆորմացիա, հանուն որի իմաստ ուներ, որ խորհրդարանական լսումները փակ լինեին:

Միակ քիչ թե շատ գաղտնի կամ, ավելի ճիշտ, չպաշտոնականացված տեղեկությունը եղել է այն, որ Արմեն Մովսիսյանն ասել է, թե իրանական գազն ավելի թանկ է, քան ռուսականը`335 դոլար՝ 1000 խորանարդ մետրի համար: Մովսիսյանն ասել է նաև, որ Իրան-Հայաստան գազամուղը «ՀայՌուսգազարդի» սեփականությունը չէ, այն Հայաստանի Հանրապետության բալանսում է, ուղղակի կառավարվում է «ՀայՌուսգազարդի» կողմից: Նա նշել է նաև, որ այդ գազամուղի  թողունակությունը միանգամայն բավարար է ապահովելու Հայաստանի տարեկան պահանջարկը, քանի որ դրանով հնարավոր է տարեկան մոտ 3 միլիարդ գազ տեղափոխել Հայաստան, մինչդեռ Հայաստանի պահանջարկը 2 միլիարդի սահմաններում է:

Այս քննարկմանը մասնակցած մեր զրուցակիցն ասում է, որ այդպես էլ պարզ չի դարձել ամենակարևոր հարցի պատասխանը. Հայաստանն Իրանի հետ բանակցություններ վարե՞լ է ռուսական գազի ներմուծումն իրանականով փոխարինելու հարցի շուրջ, թե՞ Հայաստանի իշխանությունները նախապես իմանալով, որ իրանական գազը թանկ է ռուսականից, այս ուղղությամբ որևէ քայլ չեն արել:

Հետաքրքիր է նաև մեկ այլ հանգամանք. Հայաստանում ավելի ու ավելի բարձրաձայն է հնչում այն տեսակետը, որ պետք է հրաժարվել ռուսական գազից և դա փոխարինել իրանականով: Այսօրվա քննարկման ժամանակ ևս տեսակետ է հնչել, որ իրականական գազն իր կալորիականությամբ անհամեմատ ավելի բարձր է, քան Հայաստան մատակարարվող ռուսական գազը, և իմաստ ունի մտածել իրանական գազի ներմուծման մասին:

Բայց այս ամբողջ քննարկումը կատարյալ անիմաստ է մի պարզ պատճառով. «ՀայՌուսգազարդը», որը 80 տոկոսով ռուսական ընկերություն է, մենաշնորհային կարգով տիրապետում է Հայաստանի ամբողջ գազաբաշխիչ ցանցին: Եթե նույնիսկ իրանական գազը լիներ 50 դոլար՝ 1000 խմ-ի համար, միևնույն է, նա կարող է ասել, որ նպատակահարմար է գտնում գազը գնել ոչ թե Իրանից, այլ Ռուսաստանից: Թե ինչ կարող է անել այս պարագայում Հայաստանի իշխանությունը, այնքան էլ պարզ չէ: Թերևս, միայն կարող է ստիպել, որ «ՀայՌուսգազարդը» սահմանի բաշխման ավելի ընդունելի սակագին և հետևի, որ մատակարարվող գազը լինի սահմանված կալորիականությունից ոչ ցածր:

Տեսանյութեր

Լրահոս