«Դիտորդ` ՀՀԿ-ից»-«Կյանք». «Բարև, Երևանը» ներկայացրեց հայտնաբերված ընտրախախտումները
«Ժառանգություն» կուսակցության անդամ, ԿԸՀ-ում և վարչական դատարանում «Բարև, Երևան» դաշինքի ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների վերահաշվարկի մասին, որին մասնակցել էին «Բարև, Երևանը» և «Բարգավաճ Հայաստան» ու Հանրապետական կուսակցությունները:
«Որքան էլ այդ լրատվական ճնշումը, որը եղել է հատկապես իշխանական լրատվամիջոցների կողմից, թե իբր կատարվել են վերահաշվարկներ, ոչ մի արդյունք էլ չի փոփոխվում, Հանրապետականի ձայներն են մեկով, երկուսով ավելանում և այլն, իրականում վերահաշվարկի ինստիտուտը միակ տարբերակն է, որով կարելի է ընտրություններից հետո ծանոթանալ, թե որքանով է պահպանվել օրինականությունը ընտրությունների ամփոփման ժամանակ, մատյանները լրացնելիս, եղել են արդյոք այլ անձանց փոխարեն քվեարկություններ»,- ասաց նա:
«Բարև, Երևանի» ներկայացուցիչը, ԿԸՀ-ի որոշմանը հակառակ, հայտարարեց, որ ընտրախախտումները ազդել են ընտրությունների արդյունքների վրա:
Որպես իր խոսքերի ապացույց Լ.Պետրոսյանը ներկայացրեց մի շարք փաստեր, որոնք հիմնված են ընտրատեղամասերի գրանցամատյանների և «Transparancy International» հասարակական կազմակերպության կազմակերպության արձանագրությունների վրա: Մասնավորապես, Լ.Պետրոսյանը մատնանշեց մատյաններում նույն ձեռքով ստորագրված բազմաթիվ ստորագրությունների և գունավոր գրիչներով նշված քվեաթերթիկների փաստերը, որոնք եղել են միայն իշխող Հանրապետական կուսակցության օգտին:
Բացի այդ, ըստ նրա, վերահաշվարկի ընթացքում պարզ է դարձել, որ ավագանու ընտրություններին նաև կատարվել է քվեարկություն բացակա անձանց փոխարեն:
Լուսինե Պետրոսյանը ներկայացրեց գրանցամատյանների պատճեների հատորները, որոնք հետո ներկայացվեցին վարչական դատարան, մասնավորապես 12-րդ, 13-րդ և մի քանի այլ ընտրատարածքներից, ինչպես նաև «Transparancy International»-ի հաղորդագրությունները, որոնցում երևում է, թե ինչ ընտրախախտումներ են կատարվել և ինչ գրառումներ են արվել մատյաններում: Վերջիններս, ինչպես նա նշեց, պաշտոնական փաստաթղթեր են և ընտրական գործընթացի համար կարևոր նշանակություն ունեն:
«Երկրորդը, ինչը երևաց գրանցամատյաններում, դիտորդների և վստահված անձանց գործունեության ընդհանուր պատկերն էր»,- ասաց Լ.Պետրոսյանը` հիշեցնելով, որ, ըստ Հայաստանի ընտրական օրենսգրքի, յուրաքանչյուր կուսակցություն իրավունք ունի մեկ տեղամասում ներկայացնել միայն մեկ վստահված անձ:
«Գրանցամատյանների պատճեներից պարզվեց, որ հատկապես Հանրապետական կուսակցությունը բազմաթիվ ընտրատեղամասերում միաժամանակ ունեցել է երկու վստահված անձինք, նույնիսկ պատահել են դեպքեր, որ երեք վստահված անձինք են եղել»,- տեղեկացրեց «Բարև, Երևանի» ներկայացուցիչը` ընդգծելով, որ այդ ամենը գրանցած է գրանցամատյաններում: Լ.Պետրոսյանն ընգծեց, որ դրանից դժվար չէ հասկանալ, որ «վստահված անձան ինստիտուտի միջոցով կատարվել է ընտրական գործընթացի վերահսկողությունը»:
Ոչ պակաս ուշագրավ էին որոշ դիտորդական առաքելությունների վերաբերյալ բացահայտումները, մասնավորապես խոսքն այն կազմակերպությունների մասին էր, որոնց ներկայացուցիչները գրանցված էին որպես դիտորդներ, սակայն իրականում նույն կերպով այս կամ այն ուժի ուղղորդմամբ իրականացնում էին ընտրությունների վերահսկողությունը:
«Սովորաբար հավատարմագրում են 80, 100 դիտորդներ: Կա մի կազմակերպություն, կարծեմ «Կյանք» կոչվածն է, որը հավատարմագրել էր ավելի քան 1000 դիտորդ 464 տեղամասի համար: Եվ պատկերացրեք` ինչ աստիճանի պետք է լինի այդ դիտորդական կազմակերպության կապը կուսակցության հետ, օրենքով արգելված կապերը, որ գրանցամատյաններում դիտորդի անվան դիմաց գրում են` «դիտորդ ՀՀԿ-ից», հետո գրում են` «Կյանք», հետո գրում են` «դիտորդ` ԲՀԿ-ից, Համահայկական երիտասարդական ասոցիացիա»»,- նշեց Լ.Պետրոսյանը:
Խոսելով վարչական դատարանի կողմից «Բարև, Երևանի»` ընտրախախտումների մասին դիմումի մերժման վերաբերյալ` Լուսինե Պետրոսյանն ընդգծեց, որ եթե նախկինում դատարանը բերում էր այնպիսի փաստարկներ, թե ընդդիմությունը չի ներկայացնում ընտրախախտումների փաստեր կամ եթե ներկայացնում է, ապա հղում է կատարվում լրատվամիջոցներին, որոնք «վստահելի աղբյուր չեն» և այլն, ապա այս անգամ, ըստ Լ.Պետրոսյանի, դատարանը դա չէր կարող ասել, քանի որ ներկայացված էին այնպիսի աղբյուրներ, որոնց հավաստիությանը ոչ ոք չէր կարող կասկածել, այսինքն` վերոհիշյալ գրանցամատյանները և արձանագրությունները:
Այսպիսով, տալով իր գնահատականը վերահաշվարկի արդյունքների և վարչական դատարանի ընդունած որոշման վերաբերյալ` Լուսինե Պետրոսյանն ասաց. «Միայն այն փաստը, որ դատարանը շրջանցում է ներկայացրած փաստերը և չի անդրադառնում փաստերին, այլ որոշում է, որ պետք է հենվի կամ քննարկի միայն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները, ընդ որում չնայելով, թե ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները որքանով են արտացոլում իրականությունը, արդեն հասկանալի է դառնում, որ ընտրախախտումները չեն դարձել քննության առարկա»:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում 65 հոգուց բաղկացած ավագանու մեծամասնությունը կրկին կազմեց իշխող Հանրապետական կուսակցությունը, որն իրավունք կունենա վերանշանակելու իր առաջադրած քաղաքապետի թեկնածուին, իսկ ոչ իշխանական ուժերից ընտրական շեմը կարողացան հաղթահարել միայն ԲՀԿ-ն և «Բարև, Երևան» դաշինքը, որոնք կստանան համապատասխանաբար 17 և 6 մանդատ: