Բաժիններ՝

Մահացել է իր հրաժեշտի երգով You Tube-ում միլիոնավոր մարդկանց հուզած քաղցկեղով հիվանդ ամերիկացի երիտասարդը (տեսանյութ)

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ քաղցկեղով հիվանդ ամերիկացի Զակ Զոբիեկը, ով իր Clouds (Ամպեր) երգով դարձել է «You Tube-ի աստղ», մահացել է անցած երկուշաբթի: Դրանից քիչ առաջ լրացել էր նրա 18 տարին:

Իր մահվանից երկու շաբաթ առաջ երիտասարդը համացանցում տեղադրել էր 20 րոպեանոց մի տեսանյութ՝ «Իմ վերջին օրերը. ծանոթացե՛ք Զակ Զոբիեկի հետ», որն արդեն իսկ ունի 5.5 միլիոն դիտում:

Դրանում Զակն ասում է. «Դուք չպետք է իմանաք, որ մահանում եք, որպեսզի նոր կյանք սկսեք»: Զակի մյուս հանրահայտ տեսանյութը նրա հրաժեշտի երգն է, որը նրա մահվանից երկու օր անց առաջին տեղը զբաղեցրեց բրիտանական iTunes-ի կայքից բեռնվող երգերի թվում:

Զակ Զոբիեկն իր քաղցկեղով հիվանդ լինելու մասին իմացել է 2009 թվականի նոյեմբերին: Դրանից հետո նա ենթարկվել է վիրահատության և անցել է քիմիոթերապիայի կուրս, սակայն դա չի օգնել: Նախորդ տարվա մայիսին բժիշկները նրան հայտնել են, որ մնացել է ապրելու ընդամենը մի քանի ամիս, առավելագույնը՝ մեկ տարի:

Դրանից հետո Զակի մայրը որդուն առաջարկել է նամակներ գրել ընկերներին, որպեսզի հասցնի հրաժեշտ տալ բոլորին: Սակայն երիտասարդը նախընտրել է կյանքի մնացյալ մասը նվիրել երաժշտությանը և գրել է Clouds երգը, որն էլ տեղադրել է You Tube վիդեոհոսթինգում: Երգի վաճառքից ստացող եկամուտը հայտնվում է Զակ Զոբիեկի անվան հիմնադրամում, որը զբաղվում է քաղցկեղի այն տեսակի հետազոտմամբ, որը կործանեց երիտասարդի կյանքը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս