Անգելա Մերկելը գլխավորել է Forbes-ի՝ 2013 թվականի ամենաազդեցիկ կանանց ցուցակը
Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է 2013 թվականի աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց հոբելյանական 10-րդ վարկանիշային աղյուսակը:
Դրանում աշխարհի ամենաազդեցիկ կանայք բաժանված են 7 կատեգորիայի՝ միլիարդատերեր, բիզնես, lifestyle (զվարճություն ու նորաձևություն), մեդիա, ոչ կոմերցիոն կազմակերպություններ, քաղաքականություն և տեխնոլոգիաներ:
Մեթոդաբանությունը հաշվի է առնում երեք հիմնական գործոն՝ փող, մեդիայում ներկայություն և ազդեցություն ոլորտում: 2013 թվականի ամենաազդեցիկ կանանց ցանկում ընդգրկվել է 9 երկրի ղեկավար, այդ թվում նաև Գերմանիայի 58-ամյա կանցլեր Անգելա Մերկելը, ով զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Մերկելը երրորդ տարի անընդմեջ Forbes-ի կողմից ճանաչվում է առաջինը:
Այդ 9 կանանց կողմից ղեկավարվող երկրների ընդհանուր ՀՆԱ-ն կազմում է 11.8 տրիլիոն դոլար: Բացի այդ, կանանց գլխավորած 24 ընկերությունների հասույթը մոտենում է 900 միլիարդ դոլարի: Վարկանիշային աղյուսակում ընդգրկված 16 կին հիմնել է սեփական բիզնես: Ցանկի բոլոր 14 միլիարդատերերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 82 միլիարդ դոլարը:
Forbes-ի վարկանիշային աղյուսակում կա 15 նորեկ, այդ թվում նաև 11-րդ հորիզոնականում հանգրվանած Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Խեն: 10 մասնակից էլ մշտապես ընդգրկվել է Forbes-ի հրապարակած բոլոր 10 վարկանիշային աղյուսակներում:
Նրանց թվում են ամերիկացի հեռուստաաստղ Օփրա Ուինֆրին (13-րդ տեղ) և ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը (հինգերորդ տեղ): ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման չորրորդն է, իսկ ամերիկացի երգչուհի և դերասանուհի Բեյոնս Նոուլզը՝ 17-րդը: