
ԵՄ-ն արձագանքել է Վանո Մերաբիշվիլիի և Զուրաբ Չիաբերաշվիլիի ձերբակալմանը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի արտաքին հարցերով ու անվտանգության քաղաքականության գծով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնն ու ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն համատեղ հայտարարություն են տարածել:
Դրանում նրանք ընդգծել են, որ ուշադիր հետևելու են Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի և Առողջապահության նախկին նախարար Զուրաբ Չիաբերաշվիլիի շուրջ ընթացող գործընթացներին.
«ԵՄ-ն ուշադիր հետևելու է նրանց նկատմամբ իրավական գործընթացին՝ ակնկալելով, որ այն կլինի թափանցիկ և լիովին անկախ՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան»: Փաստաթղթում նաև ընդգծվում է, որ Էշթոնն ու Ֆյուլեն այդ երկու գործերում էլ ակնկալում են արդարադատություն ու քաղաքական նպատակամղվածության բացակայություն:
Մերաբիշվիլին և Չիաբերաշվիլին ձերբակալվել են մայիսի 21-ին՝ Քութայիսում հարցաքննվելուց հետո: Նրանք մեղադրվում են կոռուպցիոն գործունեության մեջ, ինչը մասնավորապես վերաբերում է գրեթե 3.2 միլիոն դոլարկազմող բյուջետային միջոցների վատնմանը, որը վճարվել է նախընտրական քարոզչություն իրականացնող 22.000 ֆիզիկական անձանց: