Գաղջագիտություն, անհեթեթաբանություն, բարգավաճասիրություն… նոր ուսմունքների հիմնումը Հայաստանում

Կա մի տարածված կարծիք, թե ժամանակակից աշխարհը, մարդկային միտքն այնքան է զարգացել, որ համացանցի և գիտատեխնիկական այլ նվաճումների տված անսահման հնարավորությունների շնորհիվ կամ, միգուցե, պատճառով այսօր շատ քիչ երևույթներ կարող են ընդհանրապես զարմացնել մարդուն: Սակայն Հայաստանում տեղի ունեցող վերջին գործընթացները` հատկապես հասարակական, քաղաքական և սոցիալական, երևի կզարմացնեին շատ օտար քաղաքագետների, հասարակագետների կամ, թեկուզ, լրագրողների, եթե մի օր նրանք ժամանեին Հայաստան: Ավելին, խորը ուսումնասիրության դեպքում կարելի է նույնիսկ հիմնել որոշ գիտական ուղղություններ կամ ուսմունքներ, և սա ամենևին էլ կատակ չէ (թեև, իհարկե, իր մեջ պարունակում է զավեշտ): Բայց հատկանշական է, այդպիսի մի շարք ուսմունքներ արդեն իսկ հիմնվել են այդ գործընթացի ակտիվ գործիչներից մի քանիսի կողմից,  պարզապես դա հիմնականում տեղի է ունենում ակամայից:

Օրինակ` ի՞նչ ուղղություն կհիմնեին բրիտանացի գիտնականները (ովքեր, ինչպես հայտնի է, անընդհատ ինչ-որ անհեթեթ գիտական հայտնագործություններ են անում), եթե ուսումնասիրեին Հայաստանի Հանրապետական կուսակցության կարկառուն ներկայացուցիչներից մեկի` Գալուստ Սահակյանի կերպարը կամ նրա քաղաքական հայացքները: Դե, իհարկե, այստեղ երկու կարծիք լինել չի կարող, այդ նոր ուսմունքը կկոչվեր աբսուրդոլոգիա կամ անհեթեթաբանություն: Ո՞վ չի լսել թեկուզ մի անհեթեթ արտահայտություն այդ գործչի կողմից, ով հայտնի է երևույթների նկատմամբ իր բավական յուրօրինակ պատկերացումներով:

Հիշենք թեկուզ նրա վերջին արտահայտությունը, որ «գազի գինը չի բարձրացել»: Հիշեցնենք, որ այդ մասին պաշտոնապես հայտարարեց նաև ՀՀ կառավարությունը, և ողջ հասարակությունը, իհարկե, մեծամասամբ՝ բուռն դժգոհությամբ լցված, լծվեց այդ կարևորագույն հարցի քննարկմանը, սակայն պարոն Սահակյանն այդ ամենին կարծես նայում է վարդագույն ակնոցով: Ի դեպ, այս ուսմունքի հիմնադիրներ, նույն հաջողությամբ, կարելի է համարել իշխանության ներկայացուցիչներից շատ-շատերին, սակայն, կարծում ենք, որ ամեն դեպքում այս հարցում առաջատարը Գալուստ Սահակյանն է: Քանի որ Գ.Սահակյանը շատ նշանավոր «ուսումնասիրվող» է, հարկ ենք համարում հիշել նրա ևս մի արտահայտություն, որն ավելի լավ պատկերացում կտա անհեթեթաբանության վերաբերյալ. 2012 թ. դեկտեմբերի 21-ից մի քանի օր առաջ, երբ ամբողջ աշխարհը քննարկում էր հարցը` արդյոք կլինի՞ աշխարհի վերջ, թե՞ ոչ, այդ հարցն ուղղեցին նաև Գալուստ Սահակյանին, ով անկեղծորեն պատասխանեց, որ ընդդիմության այդ նոր մտահղացումը որևէ արդյունք չի տա: Երևի թե այսքանը բավարար է անհեթեթաբանությունից, քանի որ ցանկության դեպքում յուրաքանչյուր ընթերցող կարող է բերել մի շարք օրինակներ:

Հաջորդ ուսմունքն ակամայից կամ գուցե դիտավորաբար հիմնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, ում նախագահության օրոք իշխող կուսակցությունը և նրա ներկայացուցիչն անվրեպ հաղթանակներ են տանում, և իշխանության թեկնածուների ստացած քվեների թիվը շատ հաճախ գերազանցում է ամենավառ երևակայություն ունեցող մարդու սպասելիքները: Պարզապես այս ուղղության ուսմունքի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ շատերը` հատկապես իշխանությունից, հերքում են դրա գոյության մասին, իսկ մյուսները պնդում են, որ հենց Տիգրան Մուկուչյանն է հիմնադրել քաղաքական, ավելի ճիշտ` ընտրական գործընթացների վրա որոշիչ դեր կատարող այդ «կարևորագույն» տեսությունը:

Կարդացեք նաև

Չմտնելով օրինակների դաշտ` պարզապես մի պահ հիշենք յուրաքանչյուրիս շրջապատում իշխանությունից դժգոհողներին և յուրաքանչյուր ընտրության ժամանակ իշխանության ստացած, կարծես «գծված» թվերը, որոնք մեզ հրամցնում է, իհարկե, Տիգրան Մուկուչյանը: Շատ քաղաքացիներ այս առումով հակված են այն մտքին, որ Տիգրան Մուկուչյանը մի նոր ճյուղ է հիմնել նկարչության` գեղարվեստի մեջ,  սակայն, ամեն դեպքում, կարծում ենք, որ նա` իշխանական և պետական այլ համապատասխան օղակների հետ միասին, թվաբանական նոր փիլիսոփայության հիմնադիրն է: Այսպիսով, նոր ուսմունքը կարելի է կոչել մուկուչյանական թվաբանություն:

Բնականաբար, արդարացի չէր լինի, եթե անդրադառնալով իշխանությանը` շրջանցեինք ընդդիմության ներկայացուցիչներին, որոնցից շատերը նույնպես ակամայից լուրջ ներդրումներ են ունեցել քաղաքագիտության և հասարակագիտության մեջ: Երևի թե շատերն են լսել Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի «քաղաքագիտական վերլուծության» մասին` նվիրված իրեն ոչ մի կերպ ընդդիմություն չհամարող մեկ այլ կուսակցությանը` «Բարգավաճ Հայաստանին» իշխանությունից «պոկելու» քաղաքականությանը:

Եվ ահա, քաղաքական դաշտում արդեն շուրջ երկու տարի ընթանում է թեժ բանավեճ` «կպոկվի՞» ԲՀԿ-ն, թե՞ ոչ, կդառնա՞ ընդդիմություն, թե՞ ոչ, կարծես սա դարձել է ժողովրդի ամենակենսական խնդիրը: Եվ բոլոր նրանք, ովքեր համարձակվում են պնդել, թե ԲՀԿ-ն չի կարող դառնալ ընդդիմություն, կամ առավել ևս` իշխանության սպասավորն է, արժանանում են այս քաղաքական կուրսի դրոշակակիրների անողոք քննադատությանը: Այստեղ գլխավոր դերակատարն, իհարկե, ՀԱԿԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է, ով իր հրապարակային գործունեության մեծ մասը նվիրել է ԲՀԿ-ի պաշտպանությանը: Եվ այսպես, կարելի է եզրակացնել. Լևոն Զուրաբյան` բարգավաճասիրության հիմնադիր: Փաստենք, որ բարգավաճասիրությունը Հայաստանում ունի համակիրների մեծ բանակ:

Սրա տրամաբանական շարունակությունը, որպես մեկ այլ ճյուղ քաղաքագիտության մեջ, բնականաբար, այլընտրանքագիտությունն է:

Այս շարքը երկար կարելի է շարունակել, սակայն կա մի ուղղություն, որի մասին իրականում խոսում են գրեթե բոլորը և գրեթե ամեն օր: Այդուհանդերձ, հասարակությանը հուզող ամենակարևոր հարցերից մեկի վերաբերյալ ուսմունքը Հայաստանի քաղաքական դաշտում բոլորովին վերջերս հիմնադրեց, ոչ ավել, ոչ պակաս, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Երևի թե բոլորը գիտեին, որ հատկապես վերջին տարիներին Հայաստանում բարոյահոգեբանական վիճակն այնքան էլ բարվոք չէ, սակայն մարտ ամսին կայացած Սերժ Սարգսյանի հայտնի ասուլիսից հետո հայտնի դարձավ, որ Հայաստանում «գաղջ մթնոլորտ է»: Անշուշտ, հանուն արդարության պետք է նշել, որ գաղջագիտության մեջ խորասույզ են եղել քաղաքական գործիչներից, վերլուծաբաններից և հասարակ քաղաքացիներից շատերը, և բոլորը ցանկանում են պարզել` ո՞րն է «գաղջ մթնոլորտի» պատճառը: Պարզապես խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը «գաղջ մթնոլորտը» համարում է երկրի խնդիրների պատճառ, իսկ նրա ընդդիմախոսները գտնում են, որ այն ընդամենը հետևանքն է: Հետևաբար, միգուցե Գիտությունների ակադեմիայում գաղջագիտության բաժնի հիմնումը կօգներ ավելի մասնագիտական ուսումնասիրություն կատարել և, ի վերջո, կպարզեր բոլորին այդքան հուզող և մտահոգող հարցի պատասխանը:

Հ.Գ. Բնականաբար, առաջին հայացքից կարող է մի փոքր տարօրինակ թվալ այսպիսի հարցերը նման տեսանկյունից դիտարկելը, սակայն մի՞թե զավեշտը չէ շատ դեպքերում առավել դիպուկ նկարագրում քաղաքականությունը կամ որևէ քաղաքական իրադարձություն:

Տեսանյութեր

Լրահոս