Հայաստանում անցկացվող միկրոէլեկտրոնային օլիմպիադայի օրինակով Չինաստանում ստեղծվել է նման օլիմպիադա
«Սինոփսիսի» տեխնոլոգիաները կիրառվում են միլիարդավոր ինտեգրալ սխեմաների և համակարգերի նախագծման և ստեղծման համար: Աշխարհում գրեթե չկա մի այնպիսի էլեկտրոնային սարքավորում, որն ունի չիպ, և որի նախագծման համար չլինի օգտագործված «Սինոփսիս» ընկերության ծրագրային որևէ մի գործիք: «Հնարավոր է՝ ամբողջ չիպ նախագծված չլինի մեր ընկերության գործիքակազմով, սակայն դրա գոնե մի ֆունկցիան կամ նախագծի մի մասն արվել է հաստատ մեր ընկերության գործիքներով: Պարզապես շատերը նախընտրում են չբարձրաձայնել դրա մասին՝ չցանկանալով բացահայտել գաղտնիքն իրենց մրցակիցների համար»,- մեզ հետ զրույցում ասաց «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը՝ նշելով, սակայն, որ կան ընկերություններ, օրինակ՝ հարավկորեական Samsung ընկերությունը, որոնք ասում են դրա մասին, իսկ այլք, ըստ նրա, չեն բարձրաձայնում:
«Սինոփսիս» ընկերությունն ավելի քան 70 գրասենյակ ունի` Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Ճապոնիայում, Ասիայում և Հնդկաստանում: «Սինոփսիսն» իր գործունեությունը Հայաստանում սկսել է 2004 թվականին՝ որպես «Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ): Այն զբաղվում է գիտահետազոտական և ճարտարագիտական աշխատանքներով, էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (ԷՆԱ), արտադրության համար նախագծման (ԱՀՆ) և կիսահաղորդչային մտավոր սեփականության (ՄՍ) մշակման ոլորտներում: Ընկերությունը 2006 թվականից Հայաստանում անցկացնում է հայաստանյան Միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադա, որի համբավը և մասնակիցների թիվը տարեցտարի ընդլայնվում է.
Այս տարի մրցույթին մասնակցության ցանկություն է հայտնել 22 երկիր, նախորդ տարի դրանց թիվը 14 էր, դրա նախորդ տարին՝ 7 և այլն: Հայաստանում անցկացվող մրցույթի համբավի աճի մասին է վկայում նաև այն, որ Չինաստանում այս տարի առաջին անգամ կազմակերպել է առանձին միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադա՝ Հայատանի օլիմպիադայի օրինակով: Այդ մասին մենք զրուցեցինք «Սինոփսիս» ընկերության մարքետինգի գծով փոխնախագահ և «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանի հետ:
– Հետաքրքիր է, որ Հայաստանի օրինակով Չինաստանում ստեղծվում է իրենց սեփական միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադան: Գիտեմ, որ նոր եք վերադարձել Չինաստանից, կպատմե՞ք այդ մասին, ինչպե՞ս այդ ամենը ստացվեց:
– Այո, այսպիսով, ասես նոր ավանդույթ է սկսում ձևավորվել, արդեն նաև Չինաստանը Հայաստանի միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադայի օրինակով իր սեփական օլիմպիադան է ստեղծում: Նախորդ տարի՝ Հայաստանում անցկացվող մրցույթին հաղթողը հենց Չինաստանից էր:
Մենք այս անգամ Չինաստանում զրուցում էինք այնտեղի մրցույթի կազմկոմիտեի հետ։ Հարցին, թե` զարմացե՞լ եք, որ հաղթողը հենց Չինաստանից է, այնտեղի կազմկոմիտեի նախագահը պատասխանեց՝ ոչ, դա բնական է, որովհետև հաղթող ուսանողը նաև «Սինոփսիսի» լաբորատորիայի հետ աշխատելու փորձառություն ուներ: Այսինքն՝ պարզապես գիտելիքը բավարար չէ, այլ նաև գործնական փորձառություն է պետք, իսկ նման փորձառություն տվյալ անհատը ձեռք էր բերել, ուստի նրա հաղթանակը մրցույթում լրիվ բնական էր: Միգուցե նրանք զարմանային, եթե ուղղակի հաղթող չունենային մրցույթում: Սա առաջին տարին է, որ Հայաստանի միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադայի օրինակով, ասես, Չինաստանում ենթաօլիմպիադա է ստեղծում, որը լինելու է ինքնուրույն օլիմպիադա: Այնտեղի մրցույթին մասնակցում են 65 հոգի՝ 24 տարբեր համալսարաններից: Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված, Չինաստանում անգամ հատուկ ավտոբուսներ էին վարձվել, որոնք հարակից քաղաքներից մոտ 2 ժամում բերում էին այդ մասնակից-ուսանողներին Պեկին՝ օլիմպիադային մասնակցելու համար, և հետ էին վերադարձնում:
Այն հաջողությունները, որ մենք ունենք օլիմպիադայում, բերում են նոր փոփոխություններ, օրինակ՝ Չինաստանից ուսանողներ կարող են գալ մեզ մոտ` «Սինոփսիս Արմենիա»՝ մեր ուսումնական բաժանմունքում սովորելու, և մեր ուսանողները կարող են գնալ Չինաստան: Իսկ այդ ամենը բարձրացնում է նաև Հայաստանի անունը՝ որպես բարձր տեխնոլոգիական երկիր: Մենք ունենք նաև Իսրայելի օրինակը. այնտեղ ևս առաջին անգամ այս տարի ապրիլի 23-ին կազմակերպվեց միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադա, որի հաղթողը բավականին բարձր գնահատականներ ստացավ: Այսինքն՝ սա բացառիկ բան է, որ Չինաստանում և Իսրայելում հիմնադրեցին իրենց սեփական օլիմպիադան, որը կազմակերպվում է, ասես, որպես Հայաստանի օլիմպիադայի դուստր օլիմպիադա: Հայաստանի oլիմպիադայի անունը կցված է նաև այդ օլիմպիադաների անվան մեջ: Փաստորեն, Հայաստանը, օլիմպիադաների ձևավորման մշակույթը ներմուծեց նաև այլ երկրներ:
– Այս տարի Հայաստանում անցկացվող օլիմպիադային սպասվում է մասնակցություն 22 երկրներից: Ի՞նչ նոր երկրներ են միացել:
– Հայաստանում անցկացվող օլիմպիադայի ճանաչելիությունը տարեցտարի ավելանում է, քանի որ օլիմպիադայի մասնակից երկրները մրցույթի այդ հայտարարությունը տարածում են ամբողջ երկրով մեկ, տարբեր համալսարաններում և կազմակերպություններում: Այդ ամենի արդյունքում` բարձրացել է Հայաստանի հեղինակությունը` որպես ՏՏ երկիր: Տարեցտարի մասնակիցների ավելացման գործում մեծ դեր է խաղում մեր ընկերության հեղինակությունը, նաև շատ գրավիչ է Հայաստան գալը, քանի որ այստեղ կարողանում են համեմատել նաև իրենց գիտելիքները և ավելի ուժեղացնել իրենց կրթական ծրագրերը: Օրինակ, նախանցյալ տարի Չինաստանից երկրորդ տեղը գրաված մասնակիցն ամեն ինչ արեց, որպեսզի այս տարի գրավի հենց առաջին տեղը, և հասավ իր նպատակին: Իսկ դա նշանակում է, որ ամբողջ տարին նա նպատակաուղղված աշխատել է, որպեսզի հաղթի այս օլիմպիադայում և գա Հայաստան՝ մասնակցելու եզրափակիչ փուլին, որը տեղի կունենա հոկտեմբերին:
Ուզում եմ նշել, որ այս միջոցառումը քաղաքականության հետ որևէ կապ չունի, պարզապես մարդիկ մասնակցում են այս մրցույթին՝ փորձելով իրենց ուժերն ու գիտելիքները: Հետաքրքիր է, որ այս տարի օլիմպիադային առաջին անգամ մասնակցություն կունենա նաև Թուրքիան: Մենք նրանց հետ 2-3 տարի աշխատել ենք, որպեսզի իրենք մասնակցություն ունենան այս օլիմպիադային: Այսպես այս տարի առաջին անգամ օլիմպիադայի տեղական փուլը Թուրքիայում կանցկացնեն ամռանը և տեղական փուլի հաղթողին կուղարկեն արդեն Հայաստան՝ եզրափակիչին մասնակցելու:
– Իսկ Ադրբեջանից մասնակցություն լինելո՞ւ է:
– Ադրբեջանի մասնակցության մասին նշեմ հետևյալը. որպեսզի երկիրը մասնակցի, ապա այն պետք է ունենա կրթական համակարգ միկրոէլեկտրոնիկայի բնագավառում: Ես վստահ չեմ, որ Ադրբեջանն ունի միկրոէլեկտրոնիկայի տաղանդներ: Հիմնականում մենք հրավիրում ենք այն երկրներին, որտեղ ունենք կապեր և գիտենք, որ միկրոէլեկտրոնիկան այնտեղ հզոր է: Մեզ համար հետաքրքիր է բերել հզոր երիտասարդների և համեմատել նրանց գիտելիքը մեր գիտելիքի հետ: Այս տարի առաջին անգամ մասնակիցներ կունենանք Հարավային Ամերիկայից, Չիլիից, Բրազիլիայից, Արգենտինայից: Արդյունքում` այս տարի արդեն 22 երկիր պատրաստվում է գալ Հայաստան՝ մասնակցելու Հայաստանում անցկացվող միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադային:
Արտգործնախարարությունն անգամ մեզնից մեկ ամիս առաջ խնդրել էր իրենց տալ, օրինակ, Սաուդյան Արաբիայից մասնակցի և նրա՝ օլիմպիադայում 2-րդ տեղը գրավելու հետ կապված Սաուդյան Արաբիայում հրապարակված տեղեկատվությունը, որովհետև ցանկանում են նրանց հետ դիվանագիտական հարաբերություններ սկսել։ Նրանք մեզ հարցնում էին՝ ինչպիսի՞ կապեր և ինչպիսի՞ հիմք ունենք Սաուդյան Արաբիայի հետ: Մեր նպատակն է` օլիմպիադայի միջոցով խթանել Հայաստանում և մասնակից երկրներում միկրոէլեկտրոնիկայի զարգացումը՝ հայտնաբերելով և խրախուսելով տարածաշրջանի երիտասարդ և տաղանդավոր ճարտարագետներին, մեծացնելով երիտասարդ մասնագետների շրջանում միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ հետաքրքրությունը, բացահայտել միկրոէլեկտրոնիկայի բնագավառում երիտասարդ մասնագետների գիտելիքների մակարդակը և ստեղծել միկրոէլեկտրոնիկայի ոլորտի երիտասարդ մասնագետների համայնք:
Միևնույն ժամանակ, այդ 22 երկրների մասնակիցները Հայաստանում գտնվելու 3 օրերի ընթացքում ունենալու են նաև մշակութային ծրագիր և շփվելու են տարբեր երկրների խելացի և տաղանդավոր մասնակիցների հետ, կապեր են հաստատելու, և շատ հնարավոր է` հենց այդ կապերի միջոցով փոփոխություններ կարողանան մտցնել` միասին աշխատելով իրենց կարիերայի ժամանակ: Վստահ եմ` այս մարդիկ իրենց երկրի լիդերներն են լինելու, որոնք այստեղ գտնվելով և Հայաստանի հետ կապված որոշ զգացմունքներ ունենալով` հետագայում կարող են իրենց գրասենյակները ստեղծել, ինչո՞ւ ոչ, հենց Հայաստանում:
– Նշեցիք, որ 7 տարի է, կազմակերպվում է այս օլիմպիադան: Ըստ Ձեզ՝ ո՞րն է օլիմպիադայի անցկացման գլխավոր ձեռքբերումը:
– Կարծում եմ՝ այն, որ արդեն 22 երկրներում մարդիկ այժմ գիտեն, որ Հայաստանում գոյություն ունի առաջատար բարձր տեխնոլոգիական ոլորտ, դա գլխավոր ձեռքբերումն է մեզ համար: Մենք արդեն կապեր ենք հաստատել տարբեր մասնակիցների հետ, կապեր ենք հաստատել նաև այդ երկրների մրցույթի կազմակերպիչների հետ, և տարեցտարի այդ կապերն ավելի են ամրանում: Ես արժևորում եմ նմանատիպ հարաբերություններն ու կապերը:
– Ի՞նչ եք կարծում՝ ինչպիսի՞ն է լինելու Հայաստանում անցկացվող օլիմպիադաների ապագան, քանի որ այն գնալով ավելի ու ավելի ընդլայնվում է: Ինչպիսի՞ն կլինի այն, օրինակ, 5 կամ 10 տարի հետո:
– Այս օլիմպիադան արդեն 7 տարի կազմակերպվում է, և մասնակից երկրների աճը գրեթե յուրաքանչյուր տարի կրկնապատկվել է. առաջին տարին դա ընդգրկում էր միայն Երևանը, հետո միացավ Գյումրին, իսկ հետո արդեն` Ռուսաստանը, Ուկրաինան: Կարծում եմ, սա գնալով շատ մեծ պատկեր է դառնում: Հնարավոր է, սակայն, հետագայում այն անցկացնելու հարցում մենք նաև Կառավարության աջակցությունը խնդրենք, քանի որ այն կարող է, օրինակ, 50-60 երկրներից մասնակիցներ ունենալ: «Սինոփսիսը» գրասենյակներ ունի աշխարհի 60 երկրներում, այնպես որ՝ մենք անձնապես կապեր ունենք 60 տարբեր երկրներում և, հուսով եմ, մասնակցություն կունենանք 60 երկրներից: Եվ հավատում եմ, որ այդ երկրները հետագայում կունենան նաև իրենց տեղական օլիմպիադաները` Հայաստանի միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադայի օրինակով: