Գյուղացիությունը ոչինչ չունի կորցնելու. նույնիսկ շղթաները գրավադրված են
Հիմա արդեն պարզ է, որ կարկտահարությունից տուժած ու սովամահության եզրին հայտնված գյուղացիությունն իշխանությունից ոչինչ էլ չի կարող ակնկալել: Գյուղացիներին հանդարտեցնելու համար կառավարությունը ոչ թե բավարարելու է գյուղացիների պահանջները, այլ ոստիկանական բռնաճնշման միջոցով ցանկանում է կանխել ընդվզման ցանկացած գործողություն: Ոստիկանությանը հաջողվել է ցրել մայիսի 16-ին Արմավիր-Երևան ավտոճանապարհը փակած գյուղացիներին և բացել ճանապարհը: Սակայն գյուղացիները սպառնացել են, որ եթե իրենց պահանջները չբավարարվեն՝ իրենք հավաքվելու են նաև մայիսի 19-ին, գալու են ընտանիքներով, երեխաներով:
Այդ միջադեպից հետո Արմավիրի մարզային ոստիկանապետի մոտ են կանչվել կարկտահարությունից տուժած համայնքների գյուղապետերը, որտեղ նրանց հրահանգվել է թույլ չտալ, որպեսզի գյուղացիները շարունակեն բողոքի գործողությունները`այլևս չփակեն ավտոճանապարհները և բավարարվեն կառավարության կողմից իրենց ցուցաբերվող հզոր աջակցությամբ, որն արտահայտվում է խորհրդատվությամբ:
Գյուղապետերը չափազանց մեծ կախվածության մեջ են իշխանությունից և հատկապես՝ իրավապահ մարմիններից, քանի որ նրանց նկատմամբ ցանկացած պահի կարելի է քրեական գործեր հարուցել՝ համայնքային բյուջեն ոչ նպատակային ծախսելու մեղադրանքով: Ինչպես ցանկացած պաշտոնյա, գյուղապետերն էլ իրենց չափով են զբաղված բյուջետային միջոցները սեփական կարիքների համար օգտագործելով, և այդ իմաստով պարտադրված են կատարել վերևից իջեցված բոլոր հրահանգները: Բայց նույնիսկ նրանք հայտարարել են, որ ամեն ինչ կորցրած, սովի մատնված համագյուղացիներին բողոքի միջոցառումներից հետ պահելու հնարավորություն իրենք չունեն, քանի որ, եթե նման փորձ անեն, բողոքի ալիքը կուղղվի իրենց դեմ:
Ինչո՞ւ է հայ գյուղացիությունը որոշել ելնել կենաց ու մահու պայքարի՝ այն ժամանակ, երբ պետք է մշակեր իր դաշտերը: Կարկտահարությունը ոչ այնքան պատճառն է, որքան առիթը: Եվ ահա, թե ինչու: Հայ գյուղացիությունը դարձել է ունեզուրկ՝ շնորհիվ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ժամանակին ղեկավար եղած և այժմ գովերգած բանկային համակարգի: Գյուղացիությունն իրականում չունի որևէ սեփականություն, քանի որ այն տունը, որտեղ նա ապրում է՝ գրավադրված է բանկում, այն հողը, որը նա մշակում է՝ նույնպես գրավադրված է բանկում: Բանկային տոկոսներն աճում են օրեցօր և ժամառժամ, և գյուղացիները չեն կարող վճարել այդ պարտքերի դիմաց: Սա նշանակում է, որ այդ բնակարանները և հողերն այլևս իրենցը չեն, այլ՝ շատ կայացած բանկային համակարգինը: Գյուղացիները, որոնց համագյուղացիներին ամեն օր բանկերը Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների հետ գալիս և դատարանների վճիռներով իրենց բնակարաններից դուրս են անում: Եթե մինչև կարկտահարությունը դա այնքան էլ մասշտաբային չէր, ապա կարկտահարությունից հետո այդ վիճակում են հայտնվելու բոլորը. բանկերն ազատելու են ամբողջ գյուղեր:
Իսկ ունեզուրկ մարդը, ով չունի սեփական բնակարան և հող, այլևս գյուղացի էլ չի, այլ սովորական բոմժ է, ով ստիպված է ճանապարհ փակել՝ ստիպելով, որ իր վրա ուշադրություն դարձնեն, իրեն օրվա հացի փող տան: Կան դեպքեր, երբ գյուղացիները հուսահատությունից հրդեհում են իրենց բնակարանները`«Ոչ ինձ, ոչ ձեզ» սկզբունքով: Այսինքն, եթե այդ բնակարանն այլևս իմը չէ, թող ձեզ էլ հասնի հրդեհված վիճակում:
Եթե գյուղացիությանը չի օգնում իշխանությունը, ապա ինչպե՞ս է վերաբերվում գյուղացիական բունտին ընդդիմությունը: Միակ մարդը, ով այս ընթացքում այցելել է կարկտահարված գյուղեր`ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն է: Բայց դա ոչ թե քաղաքական գործչի, այլ այդ տարածքում տնտեսական գործունեություն իրականացնող գործարարի այց է եղել: Ծառուկյանը հայտարարել է, որ զիջում է այն թունաքիմիկատների գումարը, որն իրեն պատկանող գինեգործական ընկերությունը բաժանել էր խաղողագործ գյուղացիներին: Պարզ է, որ Ծառուկյանը չէր կարող հայտարարել, որ ինքը կգլխավորի գյուղացիական շարժումը՝ ընդդեմ իշխանության, քանի որ նա արդեն ասել է, որ ընդդիմադիր չէ: Իսկ ոչ ընդդիմադիրները չեն պայքարում իշխանության դեմ:
Իհարկե, Հայաստանում կան նաև իրենց ընդդիմադիր հռչակած կուսակցություններ: Բայց այդ կուսակցություններն էլ, երևի, գյուղացիական ընդվզումը չեն գլխավորում զուտ գաղափակարական սկզբունքներից ելնելով, քանի որ նրանք ուզում են իշխանության գալ ոչ թե գյուղացիական ապստամբության, այլ բուրժուադեմոկրատական հեղափոխության միջոցով: