Բաժիններ՝

Գագիկ Ծառուկյանի մատաղը և Պողոս Պողոսյանի սպանությունը. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արդյո՞ք ճիշտ էր Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացմանը հաջորդող մատաղի կադրերի նկարահանումն ու տարածումը: Միանշանակ՝ այո: Հնարավոր է, պետք չէր ֆիքսվել դեմքերի վրա: Բայց այդ նկարահանումը նախ կարող էր անել դիլետանտը, որը լրագրողական էթիկայի պարտավորություններ չունի: Երկրորդ, մատաղի կադրերը պատմում են սոցիալական խայտառակության մասին:

Լրագրողները հաճախ են անդրադառնում այս կամ այն ընտանիքի սոցիալական խնդիրներին: Սովորաբար այդ ընտանիքին հաց ուտելիս չեն նկարագրում: Էլ ավելի հաճախ, սոցիալական ճգնաժամի մասին նկարահանած կադրերը բավարար չեն ամբողջական պատկերացում ունենալու համար:

Նման նկարահանումների ժամանակ հերոսը պատրաստվում է դժգոհել, հաճույքով ցուցադրում է իր սոցիալական անհարմարությունները: Բոլոր դեպքերում, ինքը տեղյակ է, որ թեմայի թիրախ է: Այս դեպքում լրագրողը փաստը ֆիքսել է որպես ճանապարհին պատահած վթար, որպես ծեծկռտուք և որպես հանրահավաքի ժամանակ տեղի ունեցող խժդժություն: Սոցիալական այդ խայտառակության ետևում գրեթե ցանկացած անոմալ երևույթ կտեղավորվի: Պարզ է, որ կադրում կոնկրետ մարդիկ են, ոչ թե դեկորացիաներ: Պարզ է, որ նրանք պարտավոր չեն իրենց հաշիվ տալ լրատվամիջոցների ներկայության մասին: Պարզ է նաև, որ տեղի ունեցածի մեղքը ոչ թե նրանցն է, այլ մատաղի արարողության կազմակերպիչներինը:

Սակայն այս դեպքում լրագրողը կամ լրագրողները ներկա են գտնվել պատրաստի իրադարձության՝ մատաղի, որի ժամանակ կողմերից ոչ մեկը չէր կարող կանխատեսել դեպքերի այսպիսի զարգացումը: Մատաղի ժամանակ անհնար էր նկարահանումներ չիրականացնելը, քանի որ մարդու ուշադրությունն է գրավում մի բան, որում ինքն անձնապես չի եղել: Բոլոր առումներով այդ նկարահանումն արդարացված է:

Էթիկայից դուրս կդիտվեր տեղի ունեցածը, եթե ի սկզբանե պարզ լիներ, որ արարողությունը սովյալների համար է, քանի որ ճոխ սեղանների առջև սովյալների ռեակցիան կանխատեսելի է: Լրագրողը տեսականորեն ներկա է գտնվել մի արարողության, որում մատաղի մասնակիցը կդրսևորվեր ճիշտ նույն կերպ, ինչպես լրագրողը կամ ոչ սովյալ մեկը: Այն պարզապես ինքն իրեն ընդունելի կդարձներ:

Տեղի ունեցածը նկարահանելը, առավել ևս տարածելը, կհամարվեր հակաէթիկական, եթե նախապես հայտարարվեր, որ զուտ էթիկայի շրջանակներում ցանկալի չէ նկարահանել այն, ինչ շուտով տեղի կունենա: Այսինքն, կանխատեսելի կլիներ տեղի ունենալիքը: Բայց ամենագլխավորը, որ նկարահանումը և տարածումը դարձնում է էթիկական, -թեպետ, կրկնում եմ, դեմքերի կոնկրետության մասով ճիշտ կլիներ, որ կադրերը շատ ընդհանուր լինեին,- այն է, որ տեղի ունեցածը ցույց է տալիս, թե իրականում ինչ վիճակում է աբովյանցին, երկրորդ, աբովյանցու վիճակը պրոյեկտվում է ամբողջ երկրի ազգաբնակչության սոցիալական վիճակի հետ:

Միշտ չէ, որ լրագրողները հեռավոր մարզեր հասնելու հնարավորություն ունեն նման թեմաներին անդրադառնալու համար: Եվ միշտ չէ, որ լրագրողին հաջողվում է իշխանության դեմքին շրխկացնել իր «սոցիալական» ծրագրերի արդյունքը։ Այս դեպքում թեման իր կադրային ընդգրկունությամբ ընկավ լրագրողների ոտքերի առաջ: Եվ շրխկաց։

Էթիկայի տեսանկյունից կա մի փաստ, որը կադրից դուրս է, բայց հասկացվում է՝ իր «մենթալիտետով» հիշյալ մատաղը շատ նման է Պողոս Պողոսյանի սպանությանը: Երկու դեպքում էլ փաստին նախորդել է բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունը դեպքի վայրում: Երկու դեպքում էլ կոնկրետ պաշտոնյան՝ մատաղի դեպքում ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, Պողոս Պողոսյանի սպանության դեպքում՝ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, արել են կամ առնվազն ենթադրվում է, որ արել են (դատելով մարդասպանի փաստացի անպատժելիությունից) կոնկրետ հանձնարարականներ: Երկու դեպքում էլ երկու պաշտոնյաներին չեն հետաքրքրել կատարվելիքի հետևանքները: Երկու դեպքում էլ երկուսն էլ չեն կանխատեսել, թե ինչի առջև են իրենք ու հասարակությունը կանգնելու: Երկու դեպքում էլ հիմնական մեղավորները՝ Գագիկ Ծառուկյանը և Ռոբերտ Քոչարյանը, ջրից չոր դուրս եկան։ Երկու դեպքում էլ սպանության հետ գործ ունենք. մատաղի դեպքում՝ անձի ինքնասիրության, Պողոս Պողոսյանի դեպքում… Չերկարացնեմ: Իսկ սպանությունը միշտ թեմա է»։

Մհեր Արշակյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս