Վատ լուր. ո՞վ կասի առաջինը

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` առաջարկելով գազի գինը 1000 խմ-ի համար սահմանել 221.000 դրամ` նախկին 132.000 դրամի փոխարեն: Սա վատ լուրերի այն շարքից էր, որը բարձրաձայն առաջինն արտասանելու քաջություն ոչ ոք չի ունենում: Պահում են լուրը մինչև վերջին պահը և ասում են այն ժամանակ, երբ այլևս չասել հնարավոր չէ:

Եվ այժմ էլ, երբ արդեն ամեն ինչ հայտնի է, իշխանության ներկայացուցիչները համերաշխորեն պնդում են, թե վստահ են` ժողովրդական բողոքի ալիք չի լինի: Անգամ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վստահեցրեց, թե բողոքի ալիք չի բարձրանա:
Բարձրաստիճան պաշտոնյաներն ունեն բոլոր հիմքերը` վստահ լինելու, որ սոցիալական բունտ չի լինի: Ինչպես չի լինում քաղաքական, փոփոխություններ ամրագրող բունտ: Հնարավոր բոլոր թեստերն անցել ենք` կեղծված ընտրություններ, թանկացումներ: Նվազագույն աշխատավարձի համեմատ սոցիալական նվազագույն զամբյուղի պարունակությունը շքեղություն է թվում:

Եվ ոչ մի սոցիալական բունտ: Չէ՛, այնպես չէ, որ չենք բողոքում. խոհանոցներում յուրաքանչյուրը Ցիցերոնին հավասար հռետոր է, կարող է փաստարկել, թե ինչու այսպես այլևս հնարավոր չէ: Որ գազի թանկացումը ենթադրում է էլեկտրաէներգիայի, հացի և մթերքի մյուս տեսակների, ծառայությունների թանկացում: Իսկ պաշտոնյաները միակարծիք են` ժողովուրդն ըմբռնումով կմոտենա, սոցիալական ընդվզում չի լինի: Գազի թանկացման մասին մամուլում արդեն երկար ժամանակ գրվում է: Սակայն երկրի առաջին դեմքերն այդ լուրը թաքցնում էին այնպես, կարծես խոսքն իրենց անձնական կյանքի մութ էջերի կամ անձնական հաշիվների մասին էր: Իմ գործընկերները հիշեցրին նախագահական ընտրություններից հետո լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը, երբ վերջինս գազի թանկացման վերաբերյալ հարցադրման մասին ասաց բառացիորեն հետևյալը. «Զարմանում ես. որպեսզի իրենք չարախնդան, ուզում են, որ այս երկիրը խնդիրներ ունենա: Հազարավոր հերյուրանքներ, բամբասանքներ թանկանալու մասին»:

Այդ դեպքում ինչպե՞ս է, որ աշխարհի այլ երկրներում, Եվրոպայում, Արևմուտքում, արաբական երկրներում մարդիկ փողոց են դուրս գալիս, երբ պետությունը փորձ է անում դիպչել իր քաղաքացիների շահերին: Ինչո՞ւ են հազարավոր, տասնյակ-հազարավոր մարդիկ իրենցով լցնում փողոցները: Արհմիությունների ինստիտուտն այնտեղ ժամացույցի ճշգրտությամբ աշխատում է, սակայն միայն դրանով պայմանավորել մարդկանց բողոքի մոտիվացիան, թերի կլինի: Այն մարդիկ, ովքեր դուրս են գալիս փողոց, ունեն մի անչափ կարևոր հիմնավորում` նրանք իրենց ապագան տեսնում են իրենց երկրում, հետևաբար` շահագրգռված են, որ իրենց շահերը երկարատև պաշտպանված լինեն: Եվ բոլո՛ր ոլորտներում: Եվ հետո, եվրոպացիները, ամերիկացիները վստահ են, որ ընտրություններին իրենց ձայնը կշիռ ունի: Կշիռ և ոչ թե` գին: Հետևաբար, իշխանությունների համար պոտենցիալ ընտրողներից յուրաքանչյուրի ձայնը կարևոր է:

Հայաստանում առայժմ այլ տրամաբանություն է աշխատում: Նախ` մարդիկ իրենց ապագան իրենց երկրում չեն տեսնում: Եվ սա սոցիոլոգիական տարբեր հարցումների արձանագրում չէ: Մեզնից յուրաքանչյուրը, որպես բոլոր խնդիրների վերջնական լուծում, առնվազն մեկ անգամ գոնե մտածել է Հայաստանից հեռանալու մասին: Իսկ դա այնպիսի միտք է, որը թույլ չի տալիս երկարատև լուծումներ ենթադրող խնդիրներ բարձրացնել, հետամուտ լինել դրանց լուծմանը: Սոցիալական բունտը կաշկանդող այլ գործոն ևս կա` անվստահությունը` ի՞նչ կտան բողոքի ակցիաները: Խնդրեմ, հատկապես նախագահական ընտրություններից հետո դուրս ենք գալիս փողոց, մինչ այդ էլ գնում ենք, և դեմ ենք քվեարկում գործող իշխանություններին, ի՞նչ է փոխվում դրանից:
Մյուս կաշկանդող գործոնը պետության հետ ապօրինի գործարքն է, որի մեջ քաղաքացիները ներքաշվում են համապետական նշանակության բոլոր ընտրություններին:

Իր քաղաքացիների հետ նման անօրինական քայլի գնալով` իշխանությունը երկու խնդիր է լուծում. ապահովում է իր վերարտադրությունը, ապա կաշկանդում ընտրակաշառք վերցրած մարդկանց բողոքելու, ընդվզելու ազատությունը: Ահա ինչու են բոլոր պաշտոնյաները, ում տեսնելու հնարավորություն լրագրողները մինչև երեկ ունեցել են, վստահ, որ սոցիալական ոչ մի բողոք մարդկանց փողոց դուրս չի բերի: Իսկ բողոքող մարդկանց թիվը գնահատելու մեկ միջոց կա. քանի հոգի է ներկա գազի թանկացման դեմ բողոքի ակցիային: Հարյո՞ւր: Հարյուր հիսո՞ւն: Դե, չափազանց անլուրջ պետք է լինել այդ թիվը վտանգավոր համարելու համար:

Իշխանությունների հանգստությունը հասկանալի է: Սակայն, որքան հասկանալի է իշխանությունների հանգստությունը, նույնքան անհասկանալի է ընդդիմության հանգստությունը: Գազի թանկացումը, սոցիալական խնդիրները, թվում է, իսկական նվեր են ընդդիմությանը: Սակայն այս կուսակցությունները եթե ասելիք ունեն, ապա հիմնականում կամ, ավելի ստույգ, բացառապես կոնկուրենտ կուսակցություններին: Հիմա կա կոնկրետ պատճառ, որն անհանգստացնում է այս երկրի գրեթե բոլոր քաղաքացիներին: Կա կարևոր խնդիր, թե ինչ բնապահպանական աղետի կարող է հանգեցնել գազի թանկացումը: Դա նշանակում է, որ մարդիկ` որպես վառելիքի այլընտրանքային միջոց, կօգտագործեն փայտը: Այսինքն` անտառը: Բնապահպաններն ավելի մանրամասն կներկայացնեն անապատացող Հայաստանի այս նոր մարտահրավերը:

Կարճ ասած, աշխատելու, գործելու, մարդկանց ոտքի հանելու շատ կարևոր հիմնավորում կա: Ինչո՞ւ որևէ մի ուժ նման պատասխանատվություն չի վերցնում: Գուցե պատճառն այն է, որ պետք է այդ դեպքում ներկայացվի իրենց այլընտրանքայի՞ն ծրագիրը:

Գազի թանկացման լուրը շատ վատն էր: Եվ այն մեզ հասավ ուշացումով: Սակայն կա մեկ այլ` նույնքան վատ լուր ընդդիմության մասին: Այդ վատ լուրն ինքս ասել չեմ համարձակվում: Նման լուրերը, որպես կանոն, հայտնում են ամենահարազատ մարդիկ:

Տեսանյութեր

Լրահոս