Բաժիններ՝

Ռուսաստանի տնտեսական վիճակի վատթարացումը բացասաբար է ազդելու Հայաստանի վրա. Հ. Բագրատյան

Ռուսաստանի Դաշնության վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2013 թվականի առաջին եռամսյակի մակրոտնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն ՀՆԱ-ն աճել է ընդամենը 1.6%-ով։ Աճի տեմպը 3 անգամ ցածր է 2012 թվականի աճի տեմպից (2012թ. առաջին եռամսյակում ՌԴ տնտեսությունն աճել էր 4.8%-ով)։

Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Անդրեյ Կլեպաչը դեռ ապրիլին հայտարարում էր, որ եթե կառավարությունը տնտեսությունը խթանելու ուղղությամբ քայլեր չձեռնարկի, ապա երկրում կարող է ռեցեսիա սկսվել։

Իսկ ՌԴ Տնտեսագության բարձրագույն դպրոցը հայտարարում է, որ ռեցեսիան արդեն իսկ սկսվել է, քանի որ տնտեսական գործունեության հիմնական ձևերի ապրանքների և ծառայությունների արտադրությունը նվազում է երկրորդ եռամսյակն անընդմեջ։

Գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանից։ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գտնում է, որ Ռուսաստանի տնտեսական վիճակի վատթարացումը, կապված է հիմնականում վառելիքի գների անկման հետ, անխուսափելիորեն անդրադառնալու է նաև Հայաստանի տնտեսության վրա։

Կարդացեք նաև

Հ. Բագրատյանը համոզմամբ՝ դա կարտահայտվի առաջին հերթին Ռուսաստանից եկող մասնական դրամական փոխանցումների ծավալների մեջ։ Նախկին վարչապետը նշում է, որ առայժմ վաղ է ասել՝ դրանք կկրճատվեն, բայց կարելի է հաստատ ասել՝ դրանք չեն աճի։

Ի դեպ, Հայաստանից արտագաղթողների մի ստվար հատվածը մեկնում է Ռուսաստան։ Արդյո՞ք ՌԴ տնտեսական վիճակի վատացումը կարող է հանգեցնել նրան, որ ՀՀ միգրանտների հոսքը նվազի։ Հրանտ Բագրատյանը կարծում է, որ նման բան չի լինի, որովհետև Հայաստանում իրական վիճակն այնքան վատ է, որ մարդկանց համար Ռուսաստանը շարունակելու է ավելի նախընտրելի մնալ։

Իսկ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տնտեսական աճի ցուցանիշը, ըստ Բագրատյանի, խիստ ուռճացված է (2012-ի համար ԱՎԾ-ն հրապարակել է 7.2% աճ)։ Այնպես որ դժվար է ասել՝ ՀՀ տնտեսությո՞ւնն է ավելի վատ վիճակում, թե՞ Ռուսաստանինը՝ իր 1.6% աճով։ Ամեն դեպքում, ըստ Հրանտ Բագրատյանի, Ռուսաստանում վիճակագրությունը գոնե չեն կեղծում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս