Բաժիններ՝

Երկու Հայաստան

Իշխանությունն օրնիբուն խոսում է փոքր ու միջին բիզնեսի մասին, սակայն իրականում միտումնավոր կամ ակամայից այնպիսի պայմաններ է ստեղծում, որ փոքր բիզնեսը հայտնվում է սնանկացման եզրին։ Դա անում է ոչ միայն հարկային քաղաքականությամբ, այլ, օրինակ, հենց բնական գազի սակագների միջոցով։

Ինչպես հայտնի է, այս պահին խոշոր սպառողները (որոնց ամսական սպառումը գերազանցում է 10 հազար խորանարդ մետրը) 1000 խմ գազի դիմաց վճարում են 243 դոլար։
Փոքր սպառողները վճարում են շուրջ 310 դոլար (132 000 դրամ)։ Փոքր սպառողների մեջ մտնում են ոչ միայն բնակիչները, այլև փոքր բիզնեսի ներկայացուցիչները։ Օրինակ՝ Հայաստանի գործատուների միության նախագահի ասուլիսին մասնակցում էր նաև միջին մասշտաբի մի գործարար՝ Իսահակ Աբրահամյանը։ Վերջինս փոքր արտադրություն ունի և ամսական սպառում է 6000 խմ գազ։ Նա նշում է, որ ինքն անհավասար պայմաններում է աշխատում խոշոր մրցակիցների հետ, քանի որ նրանք գազի համար ավելի քիչ են վճարում։ Խոշոր բիզնեսը բնական գազի համար 67 դոլարով ավելի քիչ է վճարում։
Սրան էլ երբ գումարվում են հարկերն ու պահանջարկի նվազումը (արտագաղթի ու գնողունակության անկման պատճառով), ապա շուկայում դիմանալը գրեթե անհնարին է դառնում։
Այժմ ամեն ինչ գնում է նրան, որ փոքր ու միջին բիզնեսի և խոշոր բիզնեսի «գազային խտրականությունը» մեծանում է։
Այս պահին քննարկվում է հայտը, ըստ որի՝ մանր սպառողների համար 1000 խորանարդ մետր գազի գինը դառնում է 540 դոլար, իսկ խոշոր սպառողների համար՝ 392 դոլար։ Այսինքն՝ տարբերությունը կազմում է արդեն 148 դոլար (նախկին 67-ի փոխարեն)։
Ստացվում է, որ գազի գնի փոփոխությունը հարվածելու է մանր բիզնեսին շատ ավելի ցավոտ, քան խոշորին։
Իսահակ Աբրահամյանը նշեց, որ նման պայմաններում Հայաստանում աշխատելն անհնարին է դառնում, և ինքն անձամբ մտածում է բիզնեսը տեղափոխել Ռուսաստան։ Ասում է, որ ուսումնասիրել է Ռուսաստանի բիզնես դաշտն ու հարկային օրենսդրությունը, և համոզված է, որ այնտեղ բիզնես անելն ավելի հեշտ կլինի։ Նաև ասում է, որ իր նման բազում գործարարներ կան, որոնք կանգնած են դժվարությունների առջև և լրջորեն մտածում են իրենց փոքր կապիտալը Հայաստանից դուրս տեղափոխելու ուղղությամբ։
Սա առաջին՝ իրական Հայաստանն է՝ խնդիրներով, հիասթափությամբ, բացասական տրամադրություններով ու սպասումներով։
Սակայն կա նաև երկրորդ Հայաստանը, որը երևում է, օրինակ, Հ1-ի եթերում։ Կամ՝ պետական պաշտոնյաների պատուհաններից ու միջազգային կազմակերպությունների զեկույցներում։
Այնտեղ էլ կան խնդիրներ, սակայն ամեն ինչ լուսավոր է, հույսով ու լավատեսությամբ լի։ Այնտեղ չկան արտագաղթած կամ արտագաղթելու ցանկություն ունեցող մարդիկ, այդ թվում՝ գործարարներ։ Այնտեղ ստեղծված են փայլուն պայմաններ՝ բիզնեսով զբաղվելու համար… Օրինակ՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Կադաստրի դաշնային ծառայության ղեկավար Նատալյա Անտիպինային, և զրույցի ընթացքում վերջինս նշել է, որ  տպավորված է «Doing Business» զեկույցում Հայաստանի մեծ առաջընթացով (վարկանիշային աղյուսակում Հայաստանը գերազանցում է նաև Ռուսաստանին):
Դե, իհա՛րկե, Տիգրան Սարգսյանը նրան չի ասել՝ ախր, չնայած այդ զեկույցում ձեզանից առաջ ենք, բայց ի՞նչ օգուտ՝ մեր քաղաքացիներն այստեղից փախչում են ձեզ մոտ։ Որովհետև վարչապետական կաբինետից Հայաստանի վիճակն այդքան էլ տխուր չի երևում։ Իշխանավորներն ապրում են մյուս՝ երկրորդ Հայաստանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս