Բաժիններ՝

Հայաստանի գործատուների միությունն ահազանգում է. գազի թանկացումը հանգեցնելու է արտագաղթի նոր ալիքի

Ես ձեր միջոցով ահազանգ, «մեսիջ» եմ հնչեցնում՝ ուղղված կառավարությանը, որ գազի գնի թանկացումը լուրջ հարված է հասցնելու տնտեսությանը։ Դիմելով լրագրողներին՝ այս մասին այսօր հայտարարեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։

Վերջինիս համոզմամբ՝ այդ թանկացումն առաջին հերթին ազդելու է միկրո և փոքր բիզնեսի վրա, ովքեր այսօր առանց այդ էլ աշխատում են գրեթե զրոյական շահութաբերությամբ։ Անգամ 8-10 տարվա ընկերությունները չեն դիմանա և արդյունքում կփակվեն՝ նոր թափ հաղորդելով արտագաղթին։

Գ.Մակարյանը գտնում է նաև, որ գազի թանկացումը կազդի ոչ միայն փոքր, այլև խոշոր բիզնեսի վրա, հատկապես՝ հանքարդյունաբերության։ Եվ քանի որ հանքարդյունաբերության ոլորտը չի կարող փոփոխել իր արտադրանքի գները (դրանք ձևավորվում են միջազգային շուկաներում), ապա ստիպված են լինելու  իջեցնել շահութաբերությունը։

Գ. Մակարյանի խոսքերով՝ «ՀայՌուսգազարդի» հայտը պետք է մանրամասն ուսումնասիրել և պարզել՝ որքանո՞վ է այն հիմնավոր։ Նրա խոսքերով՝ ընկերությունը հայտի հիմքում դրել է շահութաբերության բարձր ցուցանիշը, աշխատավարձերի բարձրացումը, պայմանների բարելավումը, և այլն։ Սակայն, ըստ ՀԳՀՄ նախագահի, առնվազն բարոյական չէ նման «գերէլիտար» պայմաններ ստեղծել սպառողների հաշվին։ Գ. Մակարյանը նշում է, որ պետությունը պետք է հետամուտ լինի այս խնդիրներին, և իրենց կազմակերպությունն էլ պատրաստ է օգնել ուսումնասիրություն անցկացնելու հարցում։

Կարդացեք նաև

Կառավարության կողմից խոստացված 30%-անոց սուբսիդավորումը, Գ. Մակարյանի համոզմամբ, հարցի լուծում չէ։ Ըստ Գ. Մակարյանի՝ կառավարության հայտարարությունն անհասկանալի է և հարցեր է առաջացնում՝ ո՞ւմ է սուբսիդավորելու, որքա՞ն ժամանակով, և այլն։ Ըստ ՀԳՀՄ նախագահի՝ սուբսիդավորման վրա կառավարությունը պետք է ծախսի մի քանի տասնյակ միլիոն դոլար, և հասկանալի չէ՝  «ո՞ւմ հաշվին, ո՞ւմ բերանից են կտրելու այդ միջոցները»։

Բացի այդ՝ Գ. Մակարյանի համար անհասկանալի է՝ ինչպե՞ս կարող է կառավարությունը միանգամից հայտարարել 30% սուբսիդավորման մասին, երբ վերջնական սակագինը դեռ չի հաստատվել։ Սա, ըստ բանախոսի, թույլ է տալիս ենթադրել, որ կար նախնական պայմանավորվածություն, և կառավարությանը հայտնի է, թե ինչ գին է հաստատվելու գազի համար։

Իսկ, որ «ՀայՌուսգազարդը» ՀԾԿՀ դիմեց հենց այս պահին՝ ընտրություններից հետո, Գագիկ Մակարյանը պատահական չի համարում՝ «ժամանակը պատահական չէր ընտրված»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս