Կառավարության դարակազմիկ խոստումները և դրանց սպառնացող արտաքին ռիսկերը
Հինգշաբթի օրը վերանշանակված վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում կներկայացնի իր ղեկավարած կառավարության ծրագիրը: Եթե անկեղծ լինենք, այն առանձնապես չի տարբերվում Սարգսյանի նախորդ ծրագրերից, և այնտեղ ներառված են բազմաթիվ խոստումներ, որոնց իրականացման արդյունքում Հայաստանը կհասնի և կանցնի զարգացած երկրներին: Չնայած կառավարության ծրագրում համեստորեն խոսվում է տարբերությունը կրճատելու մասին:
Կառավարության ծրագրի հենց նախաբանում գրված է. «Կառավարության ծրագիրը մշակվել է` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության և «Օրինաց Երկիր» կուսակցության նախընտրական ծրագրի հիմնական դրույթները, ինչպես նաև խորհրդարանական կուսակցությունների ծրագրերում ներկայացված` նշված փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները»: Սա նշանակում է, որ կառավարության ծրագիրը մշակվել է՝ հաշվի առնելով ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, «Ժառանգության» և ՀՅԴ-ի նախընտրական ծրագրերը: Իհարկե, ոչ ամբողջությամբ, բայց գոնե մասնակի: Այնպես որ, ծրագիրը կարելի է համարել ազգային համաձայնության և միասնության ծրագիր:
Կառավարության ծրագիրը ծայրից ծայր բաղկացած է խոստումներից, ընդ որում՝ շատ ճոռոմ: Օրինակ, խոսելով աղքատության կրճատման մասին, ծրագրի հեղինակները գրում են. «Յուրաքանչյուրը պետք է վստահ լինի, որ աղքատությունն ու գործազրկությունը ոչ թե ճակատագիր է, այլ ամենօրյա աշխատանքով հաղթահարվող դժվարություն»: Կամ խոսելով տնտեսական ոլորտում հավասար պայմանների ստեղծման մասին՝ ասվում է. «Յուրաքանչյուրը պետք է վճարի իր կարողության և եկամտին համապատասխան հարկեր»: Պետք է հասկանալ, որ կառավարությունն ընդունում է, որ մինչև այժմ հարկերը վճարվում են բոլորովին այլ սկզբունքով:
Կառավարությունը՝ ներկայացնելով իր գործունեության հիմնական գերակայությունները՝ առաջնային է համարում անվտանգ և ապահով Հայաստան ստեղծելը, իր գործունեության հիմքում դնելով «սահմանափակ ռեսուրսներով առավելագույն արդյունքի հասնելու սկզբունքը»: Կարևոր գերակայություն է համարվում ԼՂՀ խնդրի լուծումը և Ցեղասպանության ճանաչումը: Հայաստանը շարունակելու է կոմպլեմենտար քաղաքականությունը՝ հարաբերություններ զարգացնելով բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ:
Այդ մասին ծրագրում ասվում է, որ կառավարության գործունեությունն ուղղված է լինելու «Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի դաշնակցային, ռազմավարական գործընկերության զորացմանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերության զարգացմանն ու ընդլայնմանը, Եվրամիության հետ մերձեցման քաղաքականության շարունակելուն, եվրոպական պետությունների հետ հարաբերությունների առավել ամրապնդմանը»:
Ինչպես միշտ, կառավարության ծրագրում նախատեսվում է անմնացորդ պայքար մղել կոռուպցիայի դեմ և նախատեսվում են բազմաթիվ միջոցառումներ. «Կառավարությունը շարունակելու է միջոցառումներ իրականացնել հակակոռուպցիոն ռազմավարության կիրարկումը և կոռուպցիայի դեմ պայքարի կարողությունները մեծացնելու ուղղությամբ, առանց որի երկրի ինստիտուցիոնալ կայացումը վտանգված է»: Կարելի է չկասկածել, որ այս բնագավառում ևս կառավարությունը հաջողելու է:
Կառավարությունը խոստանում է, որ շարունակվելու են գործարար միջավայրի բարելավման ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները` գործարարության (հատկապես` փոքր և միջին ձեռնարկությունների) համար վարչարարական ընթացակարգերի պարզեցման, կանխիկով գործարքի կատարման շրջանակը փոքրացնելու, հարկային և մաքսային հավասարակշռված քաղաքականության վարման ուղղությամբ:
Կառավարության ծրագրում կան նաև կոնկրետ խոստումներ: Օրինակ, որ տարեկան ՀՆԱ-ի աճը պետք է լինի 5-7 տոկոսի սահմաններում: Կառավարությունը խոստանում է նաև «ներմուծման նկատմամբ արտահանման աճի առաջանցիկ տեմպերի ապահովում, նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում, նվազագույն աշխատավարձ/աղքատության ցուցանիշի առնվազն 140 տոկոս մակարդակի ապահովում, ծնելիության գումարային գործակցի աճ՝ մինչև 1.8-ի, 5-6 տարեկան երեխաների առնվազն 90 տոկոսի համար նախադպրոցական կրթության հասանելիության ապահովում, միջին աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակի մակարդակի բարձրացում՝ հասցնելով աղքատության գծի համեմատ 125-135 տոկոսի, աղքատության կրճատման ապահովում՝ 8-10 տոկոսային կետով, 100 հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում, ընդ որում, ոչ գյուղատնտեսական զբաղվածների թիվը կավելանա 30-50 հազարով, պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճի ապահովում՝ տարեկան համախառն ներքին արդյունքի 0.3 – 0.4 տոկոսային կետի չափով»:
Պատահական չէ, որ այս խոստումների ֆոնի վրա կառավարությունն իրատեսական է համարում ոչ միայն Հայաստանից արտագաղթի տեմպերի դանդաղումը, այլև մեկնածների վերադարձը: Ծրագրում կան այլ դարակազմիկ խոստումներ ևս: Բայց դրանց իրականացումը կարող է չկայանալ, եթե համաշխարհային տնտեսության մեջ ամեն ինչ չլինի այնպես, ինչպես պատկերացնում է կառավարությունը:
«Համաշխարհային տնտեսական աճի բացասական դրսևորումները Հայաստանի տնտեսության վրա կարող է ազդել հետևյալ ուղիներով՝ գործընկեր երկրներում տնտեսական աճի տեմպերի դանդաղումը կհանգեցնի մեր երկրի արտահանման ապրանքների նկատմամբ պահանջարկի շարունակական անկման, ինչպես նաև մետաղների գների շարունակական անկման, հետևաբար՝ Հայաստանի արտահանման աճի տեմպերի դանդաղումը կզսպի ՀՆԱ-ի աճի տեմպերը, Ռուսաստանի տնտեսության աճի տեմպերը՝ կախված գլոբալ տնտեսության բացասական զարգացումներից, կարող են դանդաղել:
Արդյունքում՝ դեպի Հայաստան ներհոսող կապիտալ ներդրումները, գործոնային եկամուտները և տրանսֆերտները կկրճատվեն` հանգեցնելով նաև ՀՆԱ-ի աճի ծրագրում ներկայացված սցենարից ավելի ցածր մակարդակի ձևավորմանը:
Էներգակիրների ներմուծման գների հնարավոր բարձրացումը միջնաժամկետում Հայաստանի տնտեսվարողների համար կհանգեցնի ծախսերի աճի, ինչը միջնաժամկետում կարող է զսպող ազդեցություն ունենալ թողարկման ծավալների՝ հետևաբար ՀՆԱ աճի տեմպերի վրա»:
Ինչպես տեսնում եք, կառավարության ծրագրի իրականացման արտաքին ռիսկերը բազմազան են: Բավական է՝ դրանցից որևէ մեկն իրականանա, և ծրագիրը կձախողվի: Երևի կառավարության հույսն էլ հենց դա է: