Բաժիններ՝

Վահան Արծրունի. «Սա ո՞ւմ հայրենիքն է» (տեսանյութ)

Օրերս տեղի ունեցավ երգիչ-երգահան Վահան Արծրունու առաջին պաշտոնական տեսահոլովակի պրեմիերան: Այն նվիրված էր Հաղթանակի օրվան: «Սա ո՞ւմ հայրենիքն է» կոչվող երգի խոսքերի հեղինակը Ռազմիկ Դավոյանն է: Երգը ստեղծվել է Ռ. Դավոյանի՝ 80-ականներին գրված մի բանաստեղծության հիման վրա և մեկն է Վահան Արծրունու այն երգաշարից, որի հիմքում նույնպես Դավոյանի բանաստեղծություններն են։ Տեսահոլովակը նկարահանված է քրոնիկալ վիդեո ժանրում, այնտեղ ներկայացված է խմբի աշխատանքը ստուդիայում՝ ձայնագրման ընթացքում։ Երաժշտական առանձնահատկություններից մեկն այն է, որ ստեղծագործության մեջ հնչում են բացառապես ակուստիկ գործիքներ։ Երգում գլոբալ աշխարհին հակադրվում է Հայաստանը՝ իր ներքին սահմանների գոյության գերակայությամբ, թեմա, որն ավելի քան ակտուալ է մերօրյա իրականության մեջ և Շուշիի ազատագրման օրվան ընդառաջ։

– Պարոն Արծրունի, երկար տարիներ ստեղծագործում եք, բայց սա Ձեր առաջին տեսահոլովակն է: Ինչո՞ւ որոշեցիք տեսահոլովակ նկարահանել: Դրա անհրաժեշտությո՞ւնը զգացիք:

– Միշտ համարել եմ, որ համերգային ակտիվությունն առավել ճշմարիտ և անմիջական տեսակն է հանդիսատեսի հետ հարաբերվելու, որովհետև համերգի ժամանակ կենդանի ուղերձ հղելով` նույն պահին կենդանի պատասխան ես ստանում դահլիճից, և գրեթե 30 տարի մնացել էի այդ սկզբունքին հավատարիմ։ Բացի այդ, մեր հայկական իրականության մեջ տեսահոլովակ հասկացությունը, տեղայնացված իր չափանիշներով ու շատ հաճախ՝ ոչ մասնագիտական լուծումներով, միշտ ծիծաղ էր առաջացնում, քան համոզում, որ դիտում ես վիզուալ արվեստի մի տեսակ, որի միջազգային որոշ նմուշներ կարելի է իրապես համարել արվեստի գործ։

vahan6

Հիմնական դրդապատճառն, իհարկե, արձանագրելն էր իմ նորաստեղծ կազմի նոր համերգային ծրագրի գործերից մեկը, որը պիտի համահունչ լիներ ժամանակին, արտահայտեր նաև իմ տրամադրությունը և նաև հստակ ուղերձ լիներ հանդիսատեսին։ Ավելի հարմար ժամանակ, քան Հաղթանակի օրը, «Սա ո՞ւմ հայրենիքն է» հարցադրման համար չէր կարող լինել, այդ իսկ պատճառով մենք՝ երաժիշտներս, մեկ օրվա ընթացքում կատարեցինք թե՛ ձայնագրությունը, թե՛ նկարահանումը, և մի քանի օր անց ծնվեց իմ տեսահոլովակը։

– Ինչո՞ւ որոշեցիք տեսահոլովակը հենց քրոնիկալ վիդեո ժանրում նկարահանել:

– Դա առավել ազնիվ մոտեցում է, քանի որ տեսախցիկը պարզապես ֆիքսում է աշխատանքային պահերը՝ առանց մատից ծծած սյուժեի, առանց խոշոր եղջերավոր անասունների և առանց վատ խաղացած դերասանական տվայտանքների։ Որպեսզի առավել ցայտուն լինի այդ գաղափարը, ես նաև նախընտրեցի տեսահոլովակի մոնոքրոմ գունային գամման և կինոժապավենին հատուկ խազերն ու լույսի թրթռոցները։ Եթե ուշադիր նայեք տեսահոլովակը, ապա կնկատեք, որ սոլիստները՝ Վարդան Գասպարյան՝ կիթառ, Նելլի Մանուկյան՝ ֆլեյտա, ոչ թե տեսախցիկի առաջ ձևացնում են, իբրև թե նվագում են, այլ դրանք իրական նվագած հատվածներն են, ինչպես նաև մնացած ամբողջ ձայնագրությունը։

vahan7

Այսինքն՝ ինձ համար միշտ առաջնային է եղել՝ ազնիվ լինել իմ հանդիսատեսի հետ, և ես, նույնիսկ տեսահոլովակի ժանրի սահմաններում, աշխատեցի հավատարիմ մնալ իմ հիմնական այդ չափանիշին։ Բացի այդ, ինձ համար շատ կարևոր է ներկայացնել իմ երաժշտությունը բնական նվագարանների համադրմամբ։ Ինչպես տեսնում եք, և՛ ռոք խումբը, և՛ լարային կվինտետը, հնչում են առանց որևէ էլեկտրոնային էֆեկտների և միջամտության։ Իմ նոր ծրագիրն ամբողջովին ներկայացված է հենց այդ որակի մեջ։

– Երգում հարցադրում եք` «սա ո՞ւմ հայրենիքն է»: Ի վերջո գտե՞լ եք Ձեր հարցի պատասխանը:

– Խնդիրն այն է, որ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի պիտի պատասխանի այդ հարցին, հաստատվի իր պատասխանի մեջ և այդ սահմանները ունակ լինի պահել։ Ես ինքս վաղուց առանձնացրել եմ իմ Հոգևոր Հայրենիքի սահմաններն այն նյութական, առևտրատնտեսային տարածքից, որն արդեն 20 տարի դարձել է վերաբաշխման և վերավաճառքի, անարդարության, հուսալքության և հանցավորության տիրույթ։ Կարծում եմ՝ այն հասկացությունները, որոնց մասին ասվում է Ռազմիկ Դավոյանի բանաստեղծության մեջ, խիստ իրարամերժ հակասության մեջ են մտնում այն դժգույն իրականության հետ, որին պարտադրել և դատապարտել են մեզ բոլորիս մեր սեփական երկրում։

– Այլ տեսահոլովակներ սպասվո՞ւմ են:

– Զարմանալի է, մի գիշերվա մեջ հազարից ավելի դիտում եղավ ինտերնետում, բայց արդեն մի քանի օր է անցել շնորհանդեսից, և որևէ հեռուստաընկերություն կամ ռադիոկայան չի դիմել այդ երգը հեռարձակելու համար։ Իհարկե, բարձր պահանջներ և սպասումներ երբեք չեմ ունեցել մեր եղած երաժշտական և ոչ երաժշտական ալիքներից, պարզապես հերթական անգամ համոզվում եմ, որ մեր երկրում կա երկու տեսակի մշակութային իրականություն՝ «պահանջարկ ունեցող» և իշխանությունների կողմից հովանավորվող կոչումներ և պարգևներ ստացող տխմարություններ և անտեսված, իբրև չնկատվող մեկ այլ իրականություն, որի մեջ են նաև հարգանքի արժանի և արվեստում հաստատված, բարձր չափանիշների հավատարիմ շատ ու շատ արվեստագետներ։ Ուրեմն՝ բնականաբար, կենտրոնանում եմ իմ կենդանի համերգների վրա։ Փետրվար ամսից մինչ օրս իմ նոր կազմով և նոր ծրագրով գրեթե 2 շաբաթը մեկ համերգ-հանդիպումներով ներկայացել եմ հանդիսատեսին, և այսուհետ այդպես էլ կշարունակվի։ Առաջիկայում համերգները լինելու են մայիսի 14-ին՝ ՄԵՑՑՈ ակումբում, և 27-ին՝ ԻնՌոք ակումբում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս