Շաքարային դիաբետ` անհրաժեշտ նյութեր

Շաքարային դիաբետը գլյուկոզայի ոչ բավարար յուրացման հետևանք է։ Գլյուկոզան անհրաժեշտ է օրգանիզմի հյուսվածքների (բջիջների) սնուցման համար և նաև վերամշակվում ու պահեստավորվում է։ Գլյուկոզայի յուրացման գործընթացին մասնակցող հիմնական «փոխադրամիջոցն» ինսուլին հորմոնն է, որն արտադրվում է ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջներում։ Ինսուլինի միջնորդությամբ փոխանցված գլյուկոզան փոխակերպվում է գլիկոգենի և պահեստավորվում` հիմնականում լյարդում և կմախքին ամրացված մկաններում։ Լյարդը և ուղեղը կլանում են գլյուկոզան նաև առանց ինսուլինի միջամտության։

Եթե արյան մեջ պարունակվող գլյուկոզան ավելի շատ է, քան լյարդի` գլիկոգեն կուտակելու ունակությունը, ապա այն փոխակերպվում է ճարպի։ Ճարպային բջիջներն արտադրում են հորմոններ, որոնք արգելափակում են գլյուկոզայի յուրացումը, ինչի հետևանքով լյարդի և մկանների հյուսվածքների բջիջների ընկալիչները կորցնում են զգայունությունը ինսուլինի հանդեպ։
Կան քիմիական տարրեր և նյութեր, որոնք կարգավորում են գլյուկոզայի յուրացման, ինսուլինի գոյացման և հյուսվածքներն էներգիայով մատակարերլու գործընթացներ։

Սոխ և սխտոր
Հին Հռոմի բժիշկները նկատել են, որ այս երկու բույսերը շատ օգտակար են շաքարային դիաբետի դեպքում։ Ժամանակակից բժիշկները խորհուրդ են տալիս պարտադիր ընդգրկել սոխը և սխտորը դիաբետով հիվանդների սննդակարգում, խոսքը վերաբերում է առաջին և երկրորդ տիպի շաքարային դիաբետին։

Նշված բույսերը պարունակում են ալլիցին` նյութ, որն իջեցնում է գլյուկոզայի մակարդակն արյան մեջ։ Հետաքրքիր է, որ ալլիցինը և ինսուլինը պարունակում են սուլֆիդներ, որոնք կլանվում և տրոհվում են լյարդի բջիջներում։
Ալլիցինն ընկալվում է լյարդի ընկալիչների կողմից` որպես ինսուլին, ինչի շնորհիվ ինսուլինի զգալի մասը մնում է արյան մեջ։
Սոխը և սխտորը պարունակում են քրոմ, ցինկ և ինուլին։

Քրոմ
Քրոմը կարգավորում է բջիջների թաղանթի թափանցելիությունը, ինչի շնորհիվ ինսուլին-գլյուկոզա միացությունից կլանվում է գլյուկոզան, իսկ ինսուլինը մնում է արյան մեջ և կրկին մասնակցում է գլյուկոզայի փոխանակման գործընթացին։
Մարդու օրգանիզմում պարունակվում է 6-12 մգ քրոմ, հիմնականում` մաշկի, ոսկորների, մկանների մեջ։ Տարիքի հետ, ի տարբերություն շատ այլ միկրոտարրերի, քրոմի պարունակությունն օրգանիզմում նվազում է։
Քրոմը մեծ դեր է կատարում ոչ միայն գլյուկոզայի, այլ նաև խոլեստերինի, ածխաջրերի և լիպիդների փոխանակման գործընթացներում։
Օրգանիզմի բնականոն գործունեության համար անհրաժեշտ է 200-250 մկգ քրոմ, որը յուրացվում է սննդից, հիմնականում մսից, լյարդից, թռչնամսից, լոբեղենից, գարեձավարից, տարեկանի հացից և այլն։

Ցինկ
Ցինկն ակտիվ մասնակցություն ունի ինսուլինի գոյացման գործընթացում, առավել` ինսուլինի մոլեկուլը չի կարող գոյություն ունենալ, այսինքն` պահպանել իր կայունությունն` առանց ցինկի։
Մարդու օրգանիզմում պարունակվում է 2-3 գ ցինկ, հիմնականում` մաշկի, ոսկորների, ավելի քիչ` մազերի մեջ։ Ցինկն անհրաժեշտ է` հիպոֆիզի, մակերիկամների, իսկ տղամարդկանց մոտ` շագանակագեղձի և սերմնարտադրող գեղձերի բնականոն գործունեության համար։
Ցինկն անհրաժեշտ է սպիտակուցի սինթեզի, A վիտամինի յուրացման և պահեստավորման, արյունաստեղծման, համի և հոտի զգայարանների բնականոն գործունեության, մաշկի առողջ վիճակի պահպանման, վերքերի արագ ապաքինման համար։

Ցինկը կարգավորում է ճարպերի և ածխաջրերի փոխանակման գործընթացը` արագացնում է ճարպերի տրոհումը և կանխարգելում լյարդի ճարպակալումը, նաև նպաստում է օրգանիզմի դիմադրողականության ամրացմանը և մտավոր զարգացմանը։

Ցինկ պարունակող մթերքները պետք է պարտադիր ընդգրկվեն շաքարային դիաբետով հիվանդների և նորմայից բարձր քաշ ունեցող անձանց սննդակարգում։ Օրգանիզմի բնականոն գործունեության համար անհրաժեշտ է օրական 10-20 մգ ցինկ, կերակրող մայրերին` 13-54 մկգ։ Ցինկի հանդեպ պահանջարկն առավել բարձր է սեռական հասունացման և կմախքի աճի շրջանում, ծանր ֆիզիկական և լարված մտավոր աշխատանքի դեպքում։

Առավել շատ ցինկ է պարունակվում ոստրեներում` մոտ 150 մգ (հարյուր գրամ հումքի մեջ)։ Բավարար քանակի ցինկ կա տավարի մսում` 5,6 մգ, և լյարդում` 4 մգ, չոր ոլոռում (սիսեռում)` 4,2 մգ, ձվի դեղնուցում` 3,3 մգ, վարսակի, տարեկանի և ցորենի հատիկներում, նշի և ընկույզի մեջ` 3-3,2 մգ, հավի ճտում, պնդուկում, հնդկացորենում` 2,5 մգ, ձկնեղենում և ծովամթերքներում` 1,7-2,1 մգ, կանաչ ոլոռում` 1-1,5 մգ, կանաչեղենում և բանջարեղենում` 0,5-1,2 մգ, թարմ կաթում` 0,4 մգ, և այլն։

Օրգանիզմում յուրացվում է սննդի հետ ներմուծվող ցինկի կեսը, խոչընդոտող հանգամանքներն են` ալկոհոլը, ծխախոտը, սուրճի չարաշահումը, ինֆեկցիաները դեղորայքը, բարձր քրտնարտադրությունը, և այլն։

Ինուլին

Զգալի քանակությամբ պարունակվում է գետնախնձորում (ավելի ճիշտ` գետնատանձ) և խատուտիկի արմատում, նաև մաղադանոսի, գեորգենու և եղերդակի արմատներում։
Սննդի հետ ներմուծված ինուլինը փոխակերպվում է ստամոքսում ֆրուկտոզայի և յուրացվում` առանց ինսուլինի միջամտության։
Ինուլին պարունակող մթերքները կամ դրանցից ստացված բուժիչ պատրաստուկները հագեցնում են հյուսվածքների «էներգետիկ» քաղցր, ինչը շատ կարևոր է շաքարային դիաբետի դեպքում։

Ինսուլինը նաև բնական պրեբիոտիկ նյութ է` նպաստում է աղիների միկրոֆլորացում օգտակար միկրոօրգանիզմների աճին և զարգացմանը, օգտակար է դիսբակտերիոզի բուժման ընթացքում։
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս