Գազի գնի բարձրացումը ուղղակի ազդեցություն կունենա գնաճի վրա. Բագրատ Ասատրյան
ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը գտնում է, որ գազի գնի թանկացումը էական ազդեցություն է ունենալու Հայաստանում գնաճի ցուցանիշի վրա։
Հիշեցնենք, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն այսօր պաշտոնապես դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ գազի գնի և մի շարք ծառայությունների սակագների վերանայման հայտերով: Ըստ այդ հայտի, ամսական մինչև 10.0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող բաժանորդների համար հազար խմ խորանարդ մետր բնական գազի սակագինը ներկայիս 132 000 դրամի փոխարեն կդառնա 221 000 դրամ, իսկ 10.0 հազար խմ և ավելի սպառում ունեցողների համար՝ ներկայիս 243.13 դոլարի փոխարեն՝ 392.05 դոլար։
Բ.Ասատրյանի խոսքերով, գազի թանկացումը կզգան ոչ միայն անմիջական գազ սպառողները, այլ այն շղթայաբար կտարածվի տնտեսության բոլոր ոլորտների վրա՝ արդյունաբերությունից մինչև բեռնափոխադրումներ։ Թե քանի՞ տոկոսային կետով կավելանա կանխատեսվող գնաճը, եթե «ՀայՌուսգազարդ»-ի հայտը հաստատվի, տնտեսագետը դժարանում է ասել։ «Կարող եմ ասել, որ սա («ՀայՌուսգազարդ»-ի հայտը – 168.am) գնաճի էական խթան է, որի վերջը, սակայն, հայտնի չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Բ. Ասատրյանը։
Ի դեպ, ՀՀ կառավարությունը, խոսելով գազի գնի հնարավոր թանկացման մասին, մշտապես նշում է, որ մասամբ կսուբսիդավորի գազի գինը, և հատկապես բնակչության խոցելի շերտերի համար թանկացումը ցավոտ չի լինի։
Բ. Ասատրյանը, սակայն, գտնում է, որ սուբսիդավորումը՝ որպես այդպիսին, արդյունավետ միջոց չէ և պարտադրանքի տարրեր է պարունակում։ «Օրինակ՝ մեկը գազ չի սպառում, մյուսը սպառում է։ Չսպառողի վճարած հարկերի հաշվին սուբսիդավորվում է գազ սպառողի ծախսը։ Ստացվում է՝ մի բնակիչը գազ է սպառում մյուսի հաշվին»,- ասում է Բ. Ասատրյանը։ Նրա խոսքերով՝ սուբսիդավորման փոխարեն, կառավարությունը պետք է ուղիներ գտնի մարդկանց եկամուտները ավելացնելու ուղղությամբ։
Բ.Ասատրյանը նաև նշեց, որ կառավարությունը 90-ականներին ընդհանրապես հրաժարվել էր սուբսիդավորման սկզբունքից, սակայն ներկայիս իշխանությունը վերադարձել է այդ մոտեցմանը։