Ինչպե՞ս տնտեսությունը սնուցել 1 տրիլիոնով. Գարեգին Թոսունյանը լուծում է առաջարկել
Եթե բանկերի շահույթի մի մասը, որն ուղղում է վերակապիտալիզացիային, ազատվի շահութահարկից, ապա Ռուսաստանի տնտեսությունը լրացուցիչ 1 տրիլիոն ռուբլի կստանա՝ վարկերի տեսքով։ Այս մասին, ըստ ИТАР-ТАСС գործակալության, հայտարարել է Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի (ՌԲԱ) նախագահ Գարեգին Թոսունյանը։
Վերջինիս խոսքերով՝ հարկերի տեսքով չստացված յուրաքանչյուր 1 ռուբլու դիմաց բանկերը կարող են տնտեսություն ներարկել 6-7 ռուբլի վարկային միջոցներ։
Թոսունյանը նաև ավելացրել է, որ տոկոսադրույքների նվազեցման համար անհրաժեշտ է բանկերին տրամադրել հարկային ծառայության տվյալների բազաներ մուտքի իրավունք՝ վարկառուների վերաբերյալ տեղեկատվությունը ճշտելու համար։ Իսկ ներկայումս, ըստ ՌԲԱ նախագահի, բանկերի կողմից ստացվող տեղեկատվության ոչ հավաստի բնույթը թանկացնում է վարկային ռեսուրսների գինը։
Այս մասին Թոսունյանը հայտարարել է ՌԴ Պետդումայի նիստի ժամանակ, երբ քննարկվում էր 2014-2016թթ. հարկային քաղաքականությունը։ Պատգամավորների կամ իշխանության ներկայացուցիչների արձագանքի վերաբերյալ ոչինչ չի հաղորդվում։
Ներկայումս 20% դրույքաչափով հարկվում է բանկերի ամբողջ շահույթը՝ անկախ նրանից, թե ինչի նպատակի է այն ծառայեցվում։ Նախորդ տարի ռուսաստանյան բանկերը ռեկորդային ցուցանիշ են արձանագրել. Շահույթը գերազանցել է 1 տրիլիոն ռուբլին։
Մինչդեռ գործարները հատվածը մշտապես քննադատությնա է ենթարկում բանկային համակարգին՝ բարձր տոկոսադրույքի համար, որն արգելակում է տնտեսական աճը։ Գործարարները քննադատում են նաև Կենտրոնական բանկին՝ նշելով, որ վարկերի թանկության պատճառն այն է, որ ԿԲ-ն չի ցանկանում իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Ի դեպ, վարկային ռեսուրսների ծավալի մեծացման շնորհիվ տնտեսությունը խթանել առաջարկում է նաև երկրի ֆինանսների նախարարությունը։