Առանց հերոսի

Մայիսի 9-ին հեռուստացույցի էկրանները չստեցին… այդ օրը տեսանք  իսկական հերոսների` Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին:   Եվ այս դեպքում էական չէ` նրանցից ով որտեղ է եղել ռազմական գործողությունների ժամանակ. նրանք բոլորը հերոսներ են, քանի որ կարողացել են անցնել դժոխային  այդ շրջանն ու ողջ մնալ: Այդ շրջանի հերոսների մասին ամեն ինչ կարծես պարզ է:  Սակայն կա հարց` որտե՞ղ են մեր օրերի հերոսները:

Մայիսի 9-ը առաջարկում է նաև մեր նոր` Արցախյան պատերազմն անցած, Շուշիի  ազատագրմանը մասնակցած հերոսներին: Նրանք ևս անառարկելի հերոսներ էին`  Լեոնիդ Ազգալդյան, Մովսես Գեորգիսյան, Մոնթե Մելքոնյան… Կան նաև ողջ մնացած հերոսներ, որոնց անունները, ավաղ, չգիտենք: Նրանք հերոսներ են, քանի որ պատերազմի ավարտից հետո իրենց անձնազոհությունը չեն  փորձել վաճառել, և այժմ ապրում են` ոչ այնքան ապահով  ու ոչ հրապարակային կյանքով:

Կան այլ հերոսներ ևս, որոնցից մեկին,  օրինակ՝ Շուշիի հատուկ գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանին, ՀՀ իշխանությունները հետևողականորեն ՀՀ քաղաքացիություն չեն տրամադրում:  Պետությունը մերժում է քաղաքացիություն տալ իր հերոսին, առհասարակ` ընդունել, որ նա հերոս է (արխիվում այդ փաստը վկայող  որևէ փաստաթուղթ  այդպես էլ չգտնվեց), քանի որ  այս մի հերոսն ունի  մի քանի  մեծ «թերություն»՝ չի զոհվել պատերազմի ժամանակ, չի ձգտել դառնալ ֆեոդալ, գեներալների պուրակում դղյակ չունի, փոխարենն ունի  հիմնավոր կասկածներ, որ այս իշխանությունները  լեգիտիմ չեն:

Բոլոր նրանք, ովքեր երեկ և այսօր  իշխանություն ունեն, Արցախյան պատերազմում իրենց լուման ևս  ունեցել են:  Սակայն պատերազմից հետո նրանք  չափազանց թանկ վաճառեցին իրենց  և իրենց ընտանիքների զոհողությունները: Ինչպես Սամվել Բաբայանը, ով հրադադարից հետո  Արցախի ահուսարսափն էր, ամենաթողության խորհրդանիշը: Կամ Ռոբերտ Քոչարյանը, ով Հայաստան եկավ նախ` որպես վարչապետ, ապա երկու ժամկետով` նախագահ, հանկարծ դուրս եկավ դաժան կառավարիչ: Նրա համար մահացու վիրավորանք էր Պողոս Պողոսյանի «Բարև Ռոբ»-ը:

Եվ դա վերջինիս համար լետալ ավարտ ունեցավ: Վազգեն Սարգսյանին անգամ սրբացնելու առաջարկ եղավ, որը եկեղեցին խելամտորեն մերժեց: Պատերազմի հերոսը խաղաղ կյանքում հանկարծ հայտարարեց, որ, եթե ընդդիմության թեկնածուն 100 տոկոս ձայն էլ հավաքի, միևնույն է, չի անցնի:   Պատերազմի ժամանակ իրենց քաջությամբ աչքի ընկած  Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, մյուս    գեներալներն այսօր հանրապետության ամենահարուստ մարդկանցից են:

Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզչության առանցքում ևս Արցախյան պատերազմն էր: Պատերազմը համարվում է  այն քուրան, որի միջով անցնողների «լավագույն կեսն»  արդեն խաղաղ պայմաններում  դառնում են տիրաններ: Պատերազմին մասնակցությունը դառնում է ինդուլգենցիա` խաղաղ պայմաններում  շրջանցել օրենքի ստեղծած անհարմարությունները: Եվ  ամեն գնով և առանց հագենալու  հարստանալ:

Եվ այս դեպքում կարևոր է հասարակական գիտակցությունը վարակել մտքով, որ, դիցուք,  Շուշիի ազատագրման փաստն ընկալվի  ոչ թե՝ որպես պատմական իրողություն, այլ՝ առասպելական իրադարձություն: Որոշ առումով` նաև միստիկական: Պատմագրությունն ու առասպելաբանությունը, որքան հայտնի է, կարող են համերաշխ գոյակցել շատ երկար ժամանակ: Սակայն ինչ-որ ժամանակ հետո խնդիր է առաջանում` ինչն ընդունել որպես իրականություն, որպես հիմք` պատմությո՞ւնը, թե՞ առասպելը:

Այս դեպքում որքան էլ նյութական են մարդկային, տարածքային կորուստներն ու ձեռքբերումները, թեև  ռազմական իրադարձությունները 20-ամյա վաղեմություն ունեն, այդուհանդերձ, առասպելը կարծես գերիշխում է: Եվ  ժամանակի ընթացքում Շուշիի  ազատագրման և, առհասարակ, Ղարաբաղյան պատերազմի վրա գաղափարական ծանրաբեռնվածությունը մեծանում է:

Սակայն պատերազմը թույլատրված է ինչպես՝ առասպելականացնել, այնպես էլ՝ ապաառասպելականացնել: Եվ հաղթանակն էլ ամեն տարի` մի նոր, գունեղ ժապավենով փաթեթավորված ներկայացնելը, հեռացնում է իրականությունից: Ստացվում է այնպես, որ, եթե հաղթանակի  գաղափարախոսությունը բեռնաթափենք  շահարկումներից, իրականությանը կարող է մահացու հարված հասցվել:

Ովքե՞ր են մեր հերոսները: Ինչո՞ւ նրանցից  լավագույններն այդպես էլ ողջ չմնացին: Ինչո՞ւ նրանք, որոնք պատերազմի ժամանակ հաղթեցին մահին,  վերադառնալով քաղաքացիական կյանք` դարձան բռնակալներ, ինչո՞ւ այդքան թանկ վաճառեցին իրենց հայրենասիրությունը: Այնքան թանկ, որ, եթե այսօր նժարին դնենք այն, ինչ ունեինք մինչև Արցախյան պատերազմը, ու այն, ինչ ունենք հաղթանակից հետո,  կորուստներն անհամեմատ մեծ կգտնենք, քան ձեռքբերումները:

Թեև դժվար է տալ «հերոս» բառի ամբողջական, ունիվերսալ բացատրությունը, սակայն  մեր չափանիշներով՝ Հայրենական պատերազմին կամ Ղարաբաղյան պատերազմին  մասնակցած զինվորներն իսկական հերոսներ են: Սակայն   պատերազմից վերադարձած զինվորները` որպես իրենց հերոսության վարձատրություն, չափազանց թանկ վարձատրություն պահանջեցին: Ամենածանրը  բարոյական հարվածն էր, երբ «պատերազմի հերոս» և «կապը կտրած  գեներալ» արտահայտությունները նույն նժարին դրվեցին: Այնպես որ, այսօր դարձյալ հրատապ է հարցը` ովքե՞ր են մեր օրերի հերոսները: IT մասնագետնե՞րը, որոնք մեզ նորանոր համակարգչային ծրագրեր են առաջարկում: Օլիգարխնե՞րը, որոնք բարեգործություն են անում: Մարզիկնե՞րը, որոնք մրցապայքարի վերջին վայրկյաններին մեդալ են պոկում:

Հայրենական պատերազմի  կամ  Արցախյան պատերազմի ժամանակ հերոսների հարցում ամեն ինչ պարզ էր.  նրանք կանգնած էին թշնամու դիմաց: Հիմա ամեն ինչ այնքան էլ պարզ չէ.  ծրագրավորողը կարող է հաքեր լինել, օլիգարխը` ժողովրդին թալանող և թալանած փողերով բարեգործություն անող, մարզիկը կարող է հաղթել դոպինգի ազդեցությամբ:

Այսօր հերոսին ուշադիր զննելու դեպքում կարող է պարզվել,  որ նա վերջացած սրիկա է:

Հիմա հերոսներ չկան: Ի՞նչ է, ստացվում է, որ նոր հերոսների համար անհրաժեշտ են նոր պատերամնե՞ր…

Տեսանյութեր

Լրահոս