Մայիսի 5-ի դասերը

Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների արդյունքները բավական տխուր պատկեր է արձանագրում Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերի համար: Այո, ընտրությունները հերթական անգամ խայտառակ կերպով կեղծվեցին, ընտրություններում իշխանությունը կարողացավ հաղթել ընտրակաշառքների, վարչական ռեսուրսի ու թաղային հեղինակությունների օգտագործման արդյունքում: ՀՀԿ-ի հետ հավասարապես, բացառությամբ վարչական լծակների, մնացած մեթոդները կիրառեց նաև ընտրություններում երկրորդ տեղը գրաված ԲՀԿ-ն: Բայց ընդդիմության ստացած ցածր ձայներն այս անգամ գրեթե հնարավոր չէ պայմանավորել այս գործոններով:

Մայիսի 5-ի ընտրություններում արձանագրվեցին գրեթե բոլոր տեսակի ընտրախախտումները, բացի Հայաստանում նախկինում ամենատարածված մեթոդից՝ լցոնումներից ու ձայնագողությունից: Չնչին բացառություններով՝ ընտրությունների ամբողջ օրվա ընթացքում, ըստ էության, ահազանգեր չստացվեցին որևէ տեղամասում քվեարկված քվեաթերթիկներ լցոնելու կամ, արդեն ձայների հաշվարկի փուլում, որևէ այլ ուժի ստացած քվեները ՀՀԿ-ի օգտին «գրելու» փաստերի վերաբերյալ:

Պատճառը, բնականաբար, այն չէ, որ իշխանությունն ավելի օրինական է դարձել, դրա համար այլևս չի դիմում ընտրակեղծարարության այդ բռնի մեթոդներին: Ամենևին: Պարզապես իշխանությունը կարողացել է անցած տարիների ընթացքում ընտրակաշառքների և «ընտրող բերելու» մեխանիզմները կատարելագործել այն աստիճանի, որ այլևս լցոնումների կամ ձայն գողանալու անհրաժեշտություն չկա:

Հետևաբար, կարելի է արձանագրել, որ, մեծ հաշվով, ընդդիմադիր ուժերը՝ ՀԱԿ-ի, «Ժառանգության» և ՀՅԴ-ի օգտին քվեարկված ձայները չեն կեղծվել, չեն պակասեցվել, չեն նվազեցվել: Այսինքն՝ այդ ուժերը ստացել են մոտավորապես այնքան ձայն, որքան արձանագրել է ԿԸՀ-ն: Այլ հարց է, որ, եթե իշխանությունն ընտրակեղծիքների չդիմեր և արհեստականորեն չավելացներ ընտրությունների մասնակիցների քանակը, գուցե ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն ևս հաղթահարեին Երևանի ավագանու կազմում ընդգրկվելու համար անհրաժեշտ նվազագույն շեմը՝ 6 տոկոսը: Դա, իհարկե, կարևոր փաստ է, և նորմալ է, որ այդ ուժերը վերահաշվարկի դիմումների միջոցով վիճարկում են ընտրությունների արդյունքները:

Սակայն դա գրեթե կապ չունի քաղաքական  այն իրողության հետ, որն արձանագրվեց մայիսի 5-ին: Իսկ այդ իրողությունն այն է, որ  հասարակությունը չի վստահում ընդդիմադիր ուժերին, և նրանց վարկանիշը տատանվում է 4-10 տոկոսի սահմաններում: Ի՞նչ է տեղի ունեցել մայիսի 5-ին: ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կարողացել են փողով կամ ճնշումներով տեղամաս տանել իրենց ընտրողներին, ըստ էության, երաշխավորված ընտրողներին: Հենց այդ ընտրողներն են կազմել ընտրություններին մասնակցածների մեծամասնությունը՝ ավելի քան 70 տոկոսը:

Ընտրողների մնացած հատվածը քվեարկել է «խղճի մտոք» և իր ձայնը տվել է ընդդիմադիր այս կամ այն ուժին, ընդհանուր առմամբ՝ ընդամենը 65 հազար ձայն: Այսինքն՝ ընտրություններին չի մասնակցել քաղաքացիների այն հատվածը, որը մասնակցելու դեպքում քվեարկելու էր ընդդիմադիր ուժերից որևէ մեկի օգտին կամ հաստատ չէր քվեարկելու ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի օգտին: Այդ հատվածը, սակայն, չի մասնակցել ընտրությանը՝ ցույց տալով, որ ընդդիմադիր ուժերից որևէ մեկին այլևս չի վստահում: Ընդ որում, խոսքն այն ուժերի մասին է, որոնցից մեկի նախագահը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդամենը 3 ամիս առաջ Երևանում ստացել էր մոտ 200 հազար ձայն, մյուսի ղեկավարը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, 2008 թվականի ընտրություններից հետո  համարվում է համաժողովրդական շարժման առաջնորդ:

Մի խոսքով, մայիսի 5-ի ընտրություններն արձանագրեցին, որ Հայաստանում ընդդիմադիր ուժերի վարկանիշն ու նրանց նկատմամբ վստահությունը սարսափելի անկում է ապրել: Իրավիճակի նրբությունն այն է, որ դա տեղի է ունեցել ոչ թե իշխանության նկատմամբ հավատի կամ վստահության աճի հաշվին, այլ ընդդիմության ապաշնորհության և միմյանց դեմ պայքարելու քայքայիչ մարտավարության արդյունքում:

Այսպիսով, Հայաստանը կարող է եզակի երկիր համարվել այն իմաստով, որ հասարակությունն այստեղ չի վստահում ոչ ընդդիմությանը, ոչ էլ,առավել ևս, իշխանությանը: Իսկ երբ չկա վստահության կամ հավատի աղբյուր հանդիսացող գաղափար կամ ծրագիր, հասարակությունն ընտրում է ոչ թե իշխանությանը, այլ փողը, որը Հայաստանում պատկանում է իշխանությանը: Մեկ էլ բուրժուադեմոկրատական այլընտրանք ԲՀԿ-ին:

Տեսանյութեր

Լրահոս