
ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն բանակցում են փոխքաղաքապետի պաշտոնի շուրջ

168.am-ի տեղեկություններով՝ իշխանության հետ բանակցությունների արդյունքում ԲՀԿ-ն փորձում է ստանալ Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը: Մեր աղբյուրների համաձայն, նախագահ Սերժ Սարգսյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին հասկացրել է, որ դա հնարավոր է, եթե ԲՀԿ-ն լոյալ արձագանքի մայիսի 5-ի ընտրություններին և «ավելորդ աղմուկ չբարձրացնի»:
Հենց դրանով էլ պայմանավորված է ԲՀԿ-ի այսօրվա՝ ոչինչ չասող հայտարարությունը, ըստ որի՝ «ԲՀԿ նախընտրական շտաբն առաջիկա օրերին կվերլուծի կուտակված տեղեկատվությունն ու փաստերը»: Այսինքն՝ ԲՀԿ-ն էլ իր հերթին՝ իշխանությանն այս հայտարարությամբ հասկացրել է, որ, եթե փոխքաղաքապետի պաշտոնն իրենց չտրվի, «առաջիկա օրերին» կարող են ավելի սուր գնահատական հնչեցնել:
Ի դեպ, եթե փոխքաղաքապետի պաշտոնի շուրջ բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, ապա, ամենայն հավանականությամբ, այն կզբաղեցնի ԲՀԿ համամասնական ցուցակի երրորդ համարը՝ Աբրահամ Մանուկյանը: ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանն ու երկրորդ տեղը զբաղեցնող Գուրգեն Արսենյանը կտրականապես հրաժարվել են վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը՝ փոխքաղաքապետի պաշտոնի համար: