Թուրքիան Գերմանիային կոչ է արել «պատմական դատավճիռ» կայացնել նեոնացիստների նկատմամբ
Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ՝ այսօր Մյունխենում (Բավարիա) մեկնարկում է նեոնացիստների նկատմամբ դատական գործընթացը: Նրանց մեղադրում են ռասայական ու գաղափարական դրդապատճառներով 10 մարդու, որոնցից 8-ը՝ թուրք, սպանությանը մասնակցելու և հանցակցելու մեջ:
Չորս ամբաստանյալներից ամենահայտնին 38-ամյա Բեատե Չեպեն է: Մեղադրող կողմի տվյալներով՝ նա օրինական ծածկ է ապահովել ահաբեկիչներին, սակայն անմիջականորեն չի մասնակցել հանցագործություններին: Նրան սպառնում է ցմահ ազատազրկում:
Ակնկալվում է, որ նեոնացիստների դատավարությունը լինելու է տևական և բարդ: Դատալսումներում հանդես է գալու մոտ 600 վկա և 22 փորձագետ: Նեոնացիստները (NSU) 1998-2011 թվականին լայն գործունեություն են ծավալել Գերմանիայի տարբեր մասերում, իսկ սպանություններն իրագործել են 2006-2007 թվականներին:
Դատական նիստի սկսվելուց առաջ Թուրքիայի խորհրդարանի՝ Մարդու իրավունքների գծով հանձնաժողովը Գերմանիայից պահանջել է խստացնել ռասիզմի և այլատյացության դեմ պայքարը:
Հանձնաժողովի ղեկավար Այհան Սեֆեր Յուսթունը հայտարարել է, որ եկել է ժամանակը՝ ի ցույց դնելու համար, որ ծայրահեղականների հանցագործությունները, ինչպիսիք որ արել են այդ խմբավորման անդամները, այլևս չեն մնա անպատիժ:
Նա Մյունխենի դատարանին կոչ է արել չկորցնել «պատմական հնարավորությունը» և կայացնել «պատմական դատավճիռ»՝ ընդդեմ գերմանական հասարակությունում ռասիզմի և այլատյացության՝ «խիղճը հանգստացնելու» համար.
Նա ընդգծել է, որ գերմանական դատարանները դեռ երբեք չեն փորձել հասնել ռասիզմի լայնորեն տարածման արմատներին, ինչից տուժում են գերմանաբնակ թուրքերը:
Հիշեցնենք, որ ավելի քան 1 ամիս առաջ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն խնդրել էր իր գերմանացի գործընկեր Գիդո Վեստերվելեին երաշխավորել թուրք լրագրողների մասնակցությունը նեոնացիստների նկատմամբ դատավարությանը: