Ծառուկյանն արեց իր գործը, Ծառուկյանը պետք է վերադառնա
Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները դեռ երկար կքննարկվեն քաղաքական դաշտում: Իհարկե, ընտրություններ ասվածը մայիսի 5-ի միջոցառման պարագայում շատ չափազանցված է հնչում, քանի որ տեղի ունեցավ ոչ թե ընտրություն, այլ իշխանության կողմից «հաստատված» քվոտաների շրջանակներում քվեների բաշխում: Բայց իշխանությունը մայիսի 5-ին բաժանեց ոչ միայն երևանցիների քվեները, այլև քաղաքական ուժերին՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստով:
Մայիսի 5-ին տեղի չունեցավ իշխանափոխություն Երևանի քաղաքային իշխանության մակարդակում, սակայն տեղի ունեցավ իշխանափոխություն ընդդիմադիր դաշտում: Իշխանության գծած սցենարով արձանագրվեց, որ ընդդիմության առաջամարտիկը ոչ թե «Ժառանգությունն» է ու Րաֆֆի Հովհաննիսյանը, այլ ԲՀԿ-ն՝ Գագիկ Ծառուկյանով: Այդ գործում իշխանությանը մեծապես օգնեցին մնացած արմատական ու ոչ այնքան արմատական ընդդիմադիրները՝ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն: Վերջիններս, հատկապես՝ ՀԱԿ-ը, իհարկե, ԲՀԿ-ի մասով այլ հաշվարկներ ուներ, սակայն իշխանությունն այդ հաշվարկներն ուղղեց հենց ՀԱԿ-ի դեմ:
Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները՝ ԲՀԿ-ի երկրորդ տեղ գրավելը, առաջին հերթին՝ թակարդ էր ՀԱԿ-ի ու Լևոն Տեր-Պետրոսյանի համար, ով ԲՀԿ-ին տակավին վերջերս հռչակեց՝ որպես իշխանության կողմից հալածվող ուժ ու բուրժուադեմոկրատական հեղափոխության իրականացման փարոս: ԲՀԿ-ին տալով երկրորդ տեղը Երևանի ավագանիում՝ իշխանությունը, մեղմ ասած, սեպ խրեց ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի միջև: Կարելի է մազաչափ անգամ չկասկածել, որ ԲՀԿ-ն ընդունելու է ընտրությունների արդյունքները:
Ոչ միայն այն պատճառով, որ 23 տոկոսն այնքան էլ վատ ցուցանիշ չէ «ոչ իշխանական ուժի» համար, այլ որովհետև՝ չընդունելու դեպքում իշխանությունն անմիջապես կարող է «օբյեկտիվ հետաքննություն» սկսել մայիսի 5-ին ընտրակաշառքի բաժանման տասնյակ ահազանգերի առնչությամբ: Այսինքն՝ ԲՀԿ-ն այս և բազմաթիվ այլ պատճառներով ոչ միայն ընդունելու է ընտրությունների արդյունքները, այլ գուցե նաև գոհ ու շնորհակալ է լինելու իշխանությունից:
Այն դեպքում, երբ ՀԱԿ-ն ընտրությունների ավարտից կարճ ժամանակ անց շտապեց հայտարարել, որ մայիսի 5-ի ընտրությունները «ռեժիմի հերթական հանցագործությունն էր ժողովրդի դեմ»: Հիմա ԲՀԿ-ն կամ պետք է միանա ՀԱԿ-ին՝ բողոքարկելով ընտրությունների արդյունքները կամ չճանաչելով դրանք, կամ պետք է կիսի «ժողովրդի դեմ կատարված հանցագործության» արդյունքում ստացած իշխանությունը ՀՀԿ-ի հետ: Բնականաբար, ԲՀԿ-ն ընտրելու է հենց երկրորդ տարբերակը՝ հերթական անպարկեշտ հարվածը հասցնելով Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությանը:
Իհարկե, վերջինս՝ ապավինելով հայոց լեզվի ճկունությանն ու իր անգերազանցելի հռետորաբանությանը, կարող է որևէ հիմնավորում գտնել ԲՀԿ-ին հերթական անգամ արդարցնելու համար, ասենք՝ հայտարարելով, որ ԲՀԿ-ական ավագանիներն իրականում քաղաքապետարանում իրականացնելու են ՀԱԿ-ի հանձնարարականները՝ իշխանությունը ներսից տապալելու մասով, բայց դրանից խնդրի էությունը չի փոխվի:
Իրականությունն այն է, որ մի քանի քայլերի միջոցով ու ավազակապետության դեմ պայքարող ուժերի օգնությամբ Սերժ Սարգսյանը կարողացավ ԲՀԿ-ին կարգել ընդդիմադիր դաշտի առաջնորդի դերում: Դա, իհարկե, կարող է շատ կարճ տևել, քանի որ գուցե այդ գործառույթն իրականացնելու համար ԲՀԿ-ն մաս ստանա նաև վաղը ձևավորվելիք կառավարությունում: Բայց խնդիրն այն է, որ նախագահական ընտրություններին հաջորդած ու քաղաքապետի ընտրություններին նախորդած գործընթացների արդյունքում հենց ԲՀԿ-ն դարձավ այն ուժը, որից կախված է իշխանության, տվյալ դեպքում՝ քաղաքային իշխանության լեգիտիմությունը:
Եթե ԲՀԿ-ն չճանաչի ընտրությունների արդյունքները, ապա իշխանությունը լուրջ խնդիրներ կունենա: Եթե ընտրությունները չճանաչեն «Ժառանգությունը», ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն, ապա իշխանությունը դա կորակի՝ որպես քաղաքական փոքրամասնության շահարկում: Մի խոսքով, ԲՀԿ-ն հերթական անգամ առանցքային դերակատարություն ունեցավ իշխանության վերաբաժանման հարցում, ու, թերևս, պետք է սպասել, որ Սերժ Սարգսյանն արդարամիտ կգտնվի ու համարժեք վերաբերմունք կցուցաբերի ԲՀԿ-ի պետականամետ գործունեությանը: Սերժ Սարգսյանը, թերևս, կառաջնորդվի «Ծառուկյանն արեց իր գործը, Ծառուկյանը պետք է վերադառնա (կոալիցիա)» սկզբունքով: Հատկապես, որ դրա քաղաքական հիմնավորումն ուղղակի աչք է ծակում. ԲՀԿ-ն այլևս մեծությամբ երկրորդ կուսակցությունն է ոչ միայն օրենսդիր, այլ նաև քաղաքային իշխանությունում:
Հետևաբար, իշխանության ամբողջական հավասարակշռության հաստատման համար, թերևս, պետք է մաս ստանա նաև գործադիր իշխանությունում: Հատկապես, որ ՀՀԿ-ն շատ դաժան վարվեց իր ամենահավատարիմ կոալիցիոն գործընկերոջ՝ ՕԵԿ-ի նկատմամբ՝ շատ համարելով անգամ Երևանի ավագանու մի քանի մանդատը: Այնպես որ, շատ հավանական է, որ առաջիկա ժամերին, ամենաուշը՝ վաղը, հայտարարվի ԲՀԿ-ի վերադարձը կոալիցիա:
Մնում է «բարիշել» նախարարական պորտֆելների թվի շուրջ: Չնայած «ախպերության» մեջ մի քանի պորտֆել ավել-պակասը՝ նույնիսկ ամոթ է քննարկել: