Foreign Policy-ն հրապարակել է աշխարհի 500 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը՝ ներառյալ «դժոխքի ծնունդները»
Ամերիկյան Foreign Policy պարբերականը հրապարակել է աշխարհի 500 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը: Պաշտոնապես այն հրապարակվում է առաջին անգամ: Պարբերականի փորձագետների կազմած վարկանիշային աղյուսակը գլխավորել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը:
Նրանց հաջորդում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, չինական Baidu որոնողական համակարգի ղեկավար Ռոբին Լին, Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, ԱՄՆ-ի առևտրային պալատի ղեկավար Թոմաս Դոնահյուն, Կատարի էմիր Համադ բին Խալիֆա ալ Թանին և Աբու Դաբիի գահաժառանգ Մուհամեդ բին Զահիդ ալ-Նահյանը:
Աշխարհի 500 ամենաազդեցիկ մարկանց ցանկում ընդգրկվել են քաղաքական ու զինվորական գործիչներ, գաղափարախոսներ (ներառյալ կրոնը), ԶԼՄ-ների, ուղեղային կենտրոնների ներկայացուցիչներ և այլք:
«Դժոխքի ծնունդներ» են ճանաչվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին, Սուդանի նախագահ Օմար Հասան ալ-Բաշիրը, ԿԺԴՀ-ի նախագահ Կիմ Չեն Ինը և Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի ղեկավար Մոհամեդ ալ-Ջաֆարին:
Նրանցից բացի, այդպիսի «պատվի» են արժանացել մեքսիկական հանցավոր կարտելների երկու ղեկավարներ՝ Վիսենտե Կարիլյո Ֆուենտեսը և Խոակին Գուզման Լոերան, «Ալ Քաիդայի» իրաքյան ստորաբաժանման առաջնորդ Աբու Դուան:
Նրանցից հետ չեն մնում Իրանի միջուկային կենտրոնի գիտական բաժանմունքի ղեկավար Մոհսուն Ֆահրիզադե Մահաբադին, աֆղանական հանցավոր խմբի առաջնորդ Ջալալուդդին Խագանին, պակիստանյան «Թալիբանի» առաջնորդ Հաքիմուլլահ Մեսուդը, ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Հալեդ Մաշալը, ռուս մաֆիոզի Սեմեոն Մոգիլևիչը և այլք:
Ցուցակում ամենամեծ ներկայացուցչությունն ունի ԱՄՆ-ը՝ 142 մարդ: Ռուսաստանն ունի 23 ներկայացուցիչ: Կանայք կազմում են 10 տոկոս՝ 50 մարդ: Վարկանիշային աղյուսակը կազմելիս Foreign Policy-ի մասնագետներն օգտվել են բոլոր մատչելի ազդեցության վարկանիշներից, այդ թվում նաև Forbes-ի, Times-ի, Vanity Fair-ի, Wall Street Journal-ի, Global Finance-ի և մյուսների հրապարակումներից:
Foreign Policy-ի 500 ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշային աղյուսակին ամբողջովին կարող եք ծանոթանալ այստեղ: