
Թուրքական Otokar ընկերությունը ներկայացրել է Cobra II զրահամեքենայի նոր տարբերակը

Military-informant-ի փոխանցմամբ` մայիսի 7-10-ին Ստամբուլում տեղի է ունենալու IDEF 2013 ցուցահանդեսը: Դրանում թուրքական Otokar ընկերությունը ներկայացրել է Cobra II զրահամեքենայի նոր տարբերակը: Otokar-ն ամերիկյան AM General կորպորացիայի հետ համատեղ զարգացնում է բավական հայտնի Cobra թեթև զրահամեքենայի արտադրությունը, և այժմ արտադրել է Cobra 2.5 տարբերակը:
Վերջինիս քաշը (11.3 տոննա) շատ ավելի է, քան`նախորդ սերնդի Cobra մեքենան (6.3 տոննա), ինչն արվել է պաշտպանության ուժեղացման հաշվին: Քաշի ավելացումը փոխհատուցելու համար մեքենայի վրա տեղադրվել է ավելի հզոր շարժիչ: Մեքենայի վրա տեղադրվել են նաև նոր, առավել հզոր և պաշտպանված անիվներ: Մեքենայի վրա կարող են տեղադրվել կախովի զրահի տարբեր տարբերակներ:
Cobra 2.5-ի բեռնունակությունը կազմում է մինչև 3 տոննա: Մեքենան ունի 5 դուռ` երկուական դուռ կողից և մեկը` հետևից, մինչդեռ նախորդ տարբերակն ուներ 3 դուռ: Մեքենան շարժման մեջ է դնում AM General ընկերության GEP SCCS 400 6.5 լիտրանոց դիզելային շարժիչը` 250 ձիաուժ հզորությամբ: Մեքենան ունի երթային կայունության ավտոմատ համակարգ և ABS: