Բաժիններ՝

Դավիթ Հարությունյանը՝ ոստիակնության բաժիններում մարդկանց նկատմամբ կիրառված բռնության մասին. Ծեծը տարիներով եկած շատ վատ երևույթ է

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն այսօր հրապարակեց իր զեկույցը, համաձայն որի՝ ոստիկանության բաժիններում նախորդ տարի անձանց նկատմամբ կիրառվել են ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական բռնություններ: Ընդ որում, ըստ զեկույցի, ֆիզիկական բռնության ձևերը բազմազան են, ընդհուպ՝ ոտքով, փայտով, մահակով և այլ առարկաներով ծեծելը, մարմնի տարբեր հատվածներին հարվածներ հասցնելը, էլեկտրաշոկով էլեկտրահարելը և այլն:

Քննարկմանը ներկա ՀՀ ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողավի նախագահ Դավիթ Հարությունյանն այս առիթով լրագրողների հետ զրույցում ասաց, որ նման խնդրի առկայությունն ակնհայտ է.

«Ընդհանրապես խոշտանգումների դեմ պայքարը պետք է լինի առաջնահերթ խնդիր, և ես կասեի՝ թեև ոչ բոլոր դրույթներն են, իմ կարծիքով, պատշաճ հիմնավորված, այնուամենայնիվ, խնդիրն ակնհայտ է, որ առկա է, և այդ ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարվեն: Ի՞նչ տիպի քայլեր. դրանք բազմաբնույթ  են՝ սկսած ուսուցումից, օրենսդրական փոփոխություններից, որոշակի կանոնակարգերի ընդունումից, վերջացրած՝ վերահսկողության պատշաճ մեխանիզմների սահմանմամբ: Ամենակարևոր քայլը դա այն է, որ քաղաքացիական հասարակությունն անտարբեր չէ այդ երևույթի նկատմամբ, իսկ դա նշանակում է, որ արդյունք միանշանակ կլինի»:

Պատասխանելով հարցին՝ ինչի՞ հետանք են նման խնդիրները՝ Դավիթ Հարությունյանն ասաց, որ դա տարիներով եկած շատ վատ երևույթ է.

Կարդացեք նաև

«Բայց, ի վերջո, եթե հետադարձ հայացք նետենք՝ և՛ իմ սերունդը, և՛ անգամ ինձանից ավելի մեծ սերունդը, ապա կհիշեն, որ սա նորություն չէ մեզանում: Ցավոք սրտի, խորհրդային տարիներին ևս ժողովուրդը շատ հաճախ ավելի շատ վախենում էր իրավապահներից, քան հանցագործներից: Եվ այդ երևույթը, այդ մոտեցումն արմատախիլ անելը պահանջում է քաղաքական կամք, ջանք, եռանդ»:

ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ասաց, որ խնդրի հետ կապված օրենսդրության ոչ բոլոր դրույթներն են, որ համապատասխանում են միջազգային փորձին, սակայն այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են: Անդրադառնալով՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին հարցին, Դավիթ Հարությունյանն ասաց, որ չկա որևէ երկիր, որտեղ կալանքը խափանման միջոց չէ.

«Խնդիր է, որ պետք է լինեն այլընտրանքային խափանման միջոցներ, որոնց արդյունավետությունը պետք է բարձրացվի: Կալանքը չպետք է դառնա հիմնական միջոցը կամ, այսպես ասենք՝ չպետք է դիտվի որպես հիմնական միջոց: Միշտ պետք է դիտարկվեն ավելի մեղմ խափանման միջոցներ և միմիայն եթե դատարանը կամ իրավապահ մարմինը հանգի այն եզրակացության, որ ավելի մեղմ միջոցները արդյունավետ չեն՝ դիմի դատարան: Դատարանը պարտավոր է ևս ստուգելու՝ իսկապես ավելի մեղմ միջոցները արդյունավետ չե՞ն լինի տվյալ պարագայում և նոր միայն կիրառի կալանքը որպես խափանման միջոց»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս