Նաիրա Զոհրաբյան. Իշխանության բոլոր փորձերը՝ սեպ խրել ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ համագործակցության միջև, չի ստացվի
Այսօր ԱԺ ճեպազրույցում լրագրողները ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞վ է պայմանավորված ՀԱԿ-ԲՀԿ անակնկալ համակրանքը: Ն. Զոհրաբյանն ասաց, թե ճիշտ կլինի այդ հարցն ուղղել ՀԱԿ ներկայացուցիչներին՝ շեշտելով. «Մենք միասին շատ ճիշտ համագործակցում ենք և իշխանության բոլոր փորձերը՝ սեպ խրել ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ համագործակցության միջև, չի ստացվի»:
Պատգամավորը նաև նշեց, որ ԲՀԿ խմբակցությունը Երևանի ավագանիում անցած տարիներին հնարավոր ամեն բան արել է, որպեսզի լինի երևանցու կողքին՝ ընդգծելով, որ եթե կա «մեկ քաղաքական ուժի դիկտատ, իսկ մնացածը չունեն ձայնի հնարավորություն՝ որևէ խնդիր լուծելի չէ»:
Հարցին, թե ի՞նչ է նշանակում Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունը, թե ինքը բարոյական պատասխանատվություն չունի որևէ մեկի հանդեպ, բացի ժողովրդից, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ թեև սիրում է հայկական ժողովրդական հեքիաթները, բայց «Կիկոսի մահը» քաղաքականության մեջ իր ամենանախընտրելի հեքիաթը չէ:
Նա կոչ արեց ենթադրություններ կամ ուղղորդված վերլուծություններ չանել ու շեշտեց, որ Գագիկ Ծառուկյանն իսկապես պատասխանատու է ժողովրդի առջև ու քաղաքական այն ուժերը, որոնք այսօր մեծամասնություն են կազմում, ապա «պետք է ունենային ժողովրդի համակրանքը, ոչ թե երկիրը տանեին սոցիալ-տնտեսական աղետի, ինչպես դա անում է գործող իշխանությունը՝ ձեր շատ սիրելի վարչապետի գլխավորությամբ»:
Ինչ վերաբերում է ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե քարոզարշավի ժամանակ ճնշումների են ենթարկվում ՀԱԿ և ԲՀԿ ակտիվիստները, ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանն ասաց, որ իրենց ակտիվիստներին ոստիկանատուն էին տարել տարբեր առիթներով, իսկ հետագայում, երբ հետաքրքրվել են՝ պարզվել է, որ առիթը 2009 թվականի միջադեպի հետ է կապված եղել: