
Հովիկ Աբրահամյանը` Անահիտ Բախշյանին. «Տիկին Բախշյան, դու ի՞նչ գիտես` ատկատն ի՞նչ ա»

Քիչ առաջ Ազատության հրապարակում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում, ի թիվս «Բարև, Երևան» դաշինքի այլ ներկայացուցիչների, ելույթ ունեցավ նաև «Ժառանգության» անդամ, ցուցակի 2-րդ ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը, ում «Բարև, Երևանի» մեկ այլ ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը ներկայացրեց որպես կոռուպցիոն երևույթների` «ատկատների» դեմ ժամանակին լուրջ պայքար մղած գործիչ, ով «Ժառանգության» մյուս անդամների հետ միասին ԱԺ-ում բացել է «ատկատների» թեման:
Անահիտ Բախշյանն «ատկատների» հետ կապված պատմեց մի դեպք, երբ 2010 թ. Վերահսկիչ պալատն իր հերթական հաշվետվության ժամանակ քաղաքաշինության նախարարության ենթակայության տակ գտնվող շինանյութերի գնագոյացման որակն էր ստուգել և հայտնաբերել էր «սարսափելի» փաստեր` կապված շինանյութերի գնի վերաբերյալ:
«Մի խոսքով, ես այն ժամանակ անկեղծորեն լավ չգիտեի` էդ «ատկատն» ինչ ա, ուրեմն վեր եմ կացել, ելույթ եմ ունենում և ասում եմ սրանք «ատկատներ» են, էս ի՞նչ է և այլն, քննադատում եմ, մեկ էլ Ազգային ժողովի նախագահ պարոն Հովիկ Աբրահամյան այնտեղից, լսում եմ, ասում է. «Տիկին Բախշյան, դու ի՞նչ գիտես` ատկատն ի՞նչ ա»,- պատմեց տիկին Բախշյանը և ավելացրեց ժպտալով. «Ես իսկապես այդ օրը հասկացա, թե «ատկատն ինչ է»: