Մարզերում դասատուներին ստիպում են երևանաբնակների տվյալներ հավաքել՝ ՀՀԿ-ի թեկնածուի համար

«Քարոզարշավի մեկնարկից մինչ օրս մենք արձանագրել ենք շուրջ 50 բավական լուրջ խախտում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու ընտրությունների մասնակից, «Բարև, Երևան» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը: Վերջինս նշեց, որ խախտումները հիմնականում կատարվում են՝ ԲՀԿ, ՕԵԿ և ՀՀԿ կուսակցությունների, ինչպես նաև՝ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, մարզպետարանների ու  Ոստիկանության կողմից:

«Օրինակ «Բարև, Երևանի» հավաքներին Ոստիկանությունը քաղաքացիական հագուստով գալիս էր ու նկարում մասնակիցների դեմքերն, ու, ի դեպ, չէին ընդունում, որ ոստիկաններ են, բայց մեզ հայտնի էր այդ մասին: Զավեշտալի է, բայց Հանրապետականը Երևանից դուրս ևս գործունեություն է ծավալում: Մարզային դպրոցներում, մարզպետարաններում դպրոցների դասատուներին ստիպում են, որ երևանաբնակների տվյալներ հավաքեն, ովքեր ՀՀԿ-ի օգտին կքվեարկեն: Անգամ Սյունիքի դպրոցից ահազանգ ստացանք, որ խնդրել են ձայն ապահովել Երևանում: Շատ տեղերում մարզպետներն ու մարզպետարաններն են մասնակցում քարոզարշավին, շատ դեպքերում՝ աշխատանքային ժամերի հաշվին ու օգտագործելով իրենց ծառայողական դիրքը»,- հայտնեց Իոաննիսյանը:

Նրա դիտարկմամբ, ՀՀԿ-ի տարածված խախտումները հիմնականում անթույլատրելի  վայրերում պաստառները փակցնելուն են վերաբերում: Նրա խոսքով՝ Տարոն Մարգարյանի պատկերով A3 ֆորմատի պաստառը թվագրված է 7 հազար տպաքանակով, այնինչ Երևանում պաստառի փակցման սահմանված վայրերը 1300-ն են. «Զարմանալի չէ այս պարագայում, որ մենք տեսնում ենք այդ պաստառները արգելված վայրերում, ասենք՝ շաուրմայանոցների վրա կամ խանութի վրա, և այլն: Սկզբից մեզ թվում էր, որ դա լոկալ նախաձեռնություն է, որ ՀՀԿ-ի տարածքային կառույցից ինչ-որ մեկը որոշել է իր գլխից դուրս ինչ-որ բան անել: Բայց հետո հասկացանք, որ սա քաղաքականություն է, որ տպավորություն ստեղծվի, որ իրենք ամենուր են: Սա հոգեբանական ազդեցություն է»:

Դանիել Իոաննիսյանը շեշտեց, որ որոշ դեպքերում, երբ իրենք դիմում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), նրա միջնորդությամբ պաստառները հանվում են:

Տեսանյութեր

Լրահոս