«Չեմ կարծում, որ պետք է մի կողմից՝ հանդուրժենք, որ ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում, մյուս կողմից՝ պահենք նրանց վաստակած ձայները»

«Բարև, Երևան» դաշինքի նախընտրական շտաբի խոսնակ Դավիթ Սանասարյանը կարծում է, որ ընտրակեղծիքների առումով այս քարոզարշավը չի տարբերվում նախորդ քարոզարշավներից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դավիթ Սանասարյանը նշեց, որ իրենց քարոզարշավները պարբերաբար խոչընդոտվում են, ինչը խոսում է այն մասին, որ անգամ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները չեն հավատում «գելափների ու Ադիբեկյանի» կատարած հարցումների արդյունքներին:

Դ. Սանասարյանը շեշտեց, որ իրենք ահազանգ են ստացել ընտրակաշառքի բաժանման դեպքերի առնչությամբ. «Ահազանգերն ու բողոքները շատ են քաղաքական երկու ուժերի կողմից: Երեկ ստացանք բողոք, որ ԲՀԿ-ն դիմումի հիման վրա խոսք է տալիս գումարներ փոխանցել մարդկանց ընտրություններից հետո, իսկ դա ձևակերպում են՝ որպես բարեգործություն:

ՀՀԿ-ի վերաբերյալ ևս Աջափնյակից ահազանգ կա, որ գումարներ են բաժանում: Նախորդ ընտրությունների ժամանակ էլ տեղի է ունեցել այն, ինչ հիմա, նույնն է: Ես չեմ կարծում, որ պետք է մի կողմից՝ հանդուրժենք, որ ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում, մյուս կողմից՝ պահենք այն ձայները, որ իրենք վաստակում են: Սա անընդունելի է մեզ համար: Կոչ ենք անում դադարեցնել այդ գործելաոճը»:

168.am-ի հետ զրույցում օրերս ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ասել էր, թե ընտրախախտումների դեմ պայքարելու նպատակով քաղաքական ուժերի ղեկավարների միջև քննարկումների մակարդակով իրենք հետաքրքրություն տեսնում են ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի կողմից, ու չէր բացառում, որ նման քննարկումներ կունենան նաև «Ժառանգության» հետ:

168.am-ը Դավիթ Սանասարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը, արդյո՞ք «Ժառանգությունը» չի պատրաստվում պայքարել ընտրակեղծիքների դեմ: Ի պատասխան մեր հարցին, Դ. Սանասարյանը նշեց. «Մենք միշտ մեր գործելաոճով ցույց ենք տվել, որ շահագրգռված ենք բացառելու ընտրակեղծիքները: Ինձ համար զարմանալի է, որ ընտրակեղծիքների դեմ պայքարի մասին խոսում են ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը կամ ՀՀԿ-ն, որովհետև իրենց ռեսուրսները միշտ էլ այլ են եղել: Փաստերը շատ են, որ տարբեր գյուղերում, քաղաքներում խախտումների դեպքերը շատ են, հենց նույն ԲՀԿ-ի առումով: Չգիտեմ՝ Լևոն Զուրաբյանը ինչի մասին է խոսել, բայց քննարկումների արդյունքում կարող ենք որոշել տեղամասում միասին ընտրախախտումները կանխելու մասին: Այս պահի դրությամբ նման քննարկում չկա»:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք «Ժառանգությունը» կկարողանա ճիշտ վստահված անձանց ընտրել այն հայտարարության շնորհիվ, որը տեղադրվել է կուսակցության ֆեյսբուքյան էջում ու չկրկնել նախագահական ընտրություններին գրանցված սխալը, երբ իրենց վստահված անձն աշխատում էր ՀՀԿ-ի համար, Դ. Սանասարյանն  ասաց. «Հարյուր տոկոս, իհարկե, վստահ լինել չենք կարող: Բայց կարծում եմ՝ այս անգամ նման խնդիր չի լինի: Մենք աշխատում ենք վստահել մարդկանց, բայց այս անգամ հենց նկատենք, որ նման խնդիր կա, կհեռացնենք տեղամասից»:

Տեսանյութեր

Լրահոս