
Եգիպտոսում հայտնվել են միայն կանանց համար նախատեսված ավտոբուսներ

UMMA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եգիպտացի քաղաքական գործիչները գտել են տրանսպորտում կանանց սեռական ոտնձգություններից պաշտպանելու ձևը: Եգիպտոսի «Ուժեղ Եգիպտոս» չափավոր իսլամական կուսակցությունը հանդես է եկել «Կանանց հարգող տրանսպորտ» նախաձեռնությամբ:
Առաջարկվել է երկրի խոշոր քաղաքների փողոցներում գործարկել այնպիսի ավտոբուսներ, որոնցով երթևեկելու իրավունք կունենան միայն կանայք: Նախագիծը դեռ գտնվում է փորձնական փուլում, և «կանացի ավտոբուսները» հայտնվել են միայն երկու վայրում:
Խոսքը գնում է Կահիրեի համալսարանի առջևի հատվածի մասին, ուր մշտապես հավաքվում են բազմաթիվ ուսանողներ և Կահիրեի նոր շրջաններից մեկի՝ Նասեր Սիթիի մասին: Միկրոավտոբուսների վառ նարնջագույն գույնով գրված է «Տրանսպորտ միայն կանանց համար»:
Նշվում է, որ «կանացի ավտոբուսներ» են գործում նաև Հնդկաստանում, Ճապոնիայում, Բրազիլիայում ու Մեքսիկայում: