
Խոշոր հրդեհ Եղվարդ քաղաքում. բնակիչը տեղափոխվել է հիվանդանոց (լուսանկարներ)

Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզում: Ժամը 10:25-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի թիվ 7 շենքի 1-ին հարկի բնակարանում հրդե է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մեկ մարտական հաշվարկով, ինչպես նաև ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արագ արձագանքման խումբը՝ Լևոն Շահինյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջները մարել են կրակը և պարզվել է, որ այրվել է նշված շենքի 17 բնակարանի բնակիչ 29-ամյա Ալիկ Հարությունյանի բնակարանի հյուրասենյակի, խոհանոցի և նախասրահի գույքը:
Տեղում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության պարամեդիկիները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Ա. Հարությունյանին, որից հետո նա տեղափոխվել է Եղվարդի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների՝ նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին և առողջության վնաս չի սպառնում: Ժամանել էին նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ-քննչական խումբը: