Բաժիններ՝

Սպիտակ ստրկություն. Նպատակակետ երկրները՝ Թուրքիա, ԱՄԷ, Ռուսաստան

2002-ին ստեղծված թրաֆիկինգի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը տարիներ անց վերանվանվեց Թրաֆիկինգի հարցերով ազգային խորհուրդ, որը ղեկավարվում է փոխվարչապետի կողմից. դրանում ընդգրկված են բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները:

Համաձայն մի շարք ներպետական և միջազգային փաստաթղթերի՝ թրաֆիկինգի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու նպատակով կատարվում են կանխարգելիչ միջոցառումներ՝ սկսած հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումից, սահմանային կետերում՝ տեղեկատվական նախազգուշական գրքույկների տրամադրումից, վերջացրած՝ հատկապես ռիսկային խմբերի հետ խորհրդատվական աշխատանքներով:

ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (ԿՀԴՊ ԳՎ) Թրաֆիկինգի դեմ պայքարի բաժնի պետ Ռոբերտ Գրիգորյանը վստահեցնում է, որ ինչպես` ներքին, այնպես էլ՝ արտաքին թրաֆիկինգ հանցատեսակում շարունակում է ամենատարածվածը համարվել մարդկանց սեռական շահագործման ենթարկելու եղանակը: Ընդ որում՝ համաձայն վիճակագրական տվյալների՝ աշխարհի գրեթե բոլոր երկրներում ամենատարածվածը սեռական շահագործումն է, որին հաջորդում է աշխատանքային շահագործումը, այնուհետև՝ մարմնի մասերի կորզումը:

Անդրադառնալով արտաքին թրաֆիկինգին` Ռ. Գրիգորյանն ընդգծում է, որ մարդկանց սեռական շահագործման նպատակակետ երկրները շարունակում են համարվել Թուրքիան և Արաբական Միացյալ Էմիրությունները: Այս տարվա տվյալներով՝ Դուբայում բացահայտվել է մեկ դեպք, որտեղ առկա է և՛ սեռական, և՛ աշխատանքային շահագործում, ընդ որում՝ գործը դեռ նախաքննության փուլում է: Քանի որ Հայաստանը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, մեր իրավապահ մարմինները Թուրքիայում թրաֆիկինգի դեպքերը բացահայտում են «Ինտերպոլի» միջոցով: «2010 թ.-ին մի քրեական գործ ուղարկվեց Թուրքիա: Հանցագործություն կատարող անձը թեև ՀՀ քաղաքացի էր, այնուամենայնիվ, այնտեղ էլ էր քաղաքացիություն ստացել: Քրեական գործը թարգմանվեց, ուղարկվեց այնտեղ, և հիմա այդ անձի վերաբերյալ դատաքննություն է գնում:

Կարդացեք նաև

Այնպես որ, Թուրքիայի հետ համագործակցում ենք «Ինտերպոլի» միջոցով»,- ասում է Ռ. Գրիգորյանը: Այնուամենայնիվ, Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը բարդություններ է ստեղծում զոհերի հետ ռեպատրիացիայի, հետախուզման մեջ գտնվող թրաֆիկյորների հայտնաբերման և էքստրադիցիայի միջոցառումների իրականացման համար: Կասկածյալներն օգտվելով իրավիճակից՝ Թուրքիայում գրանցում են կեղծ ամուսնություն, ստանում քաղաքացիություն՝ այդպիսով անհասանելի դառնալով ՀՀ իրավապահների համար:

Վիճակագրական տվյալներով՝ Հայաստանում երկրորդ տեղում է աշխատանքային շահագործումը, որի մեջ ընդգրկված է նաև մուրացկանությունը: Ռ. Գրիգորյանը նշում է, որ աշխատանքային շահագործման հիմնական թիրախը Ռուսաստանի Դաշնությունն է, որտեղ զոհերը և՛ կանայք են, և՛ տղամարդիկ: Ինչ վերաբերում է մուրացկանությամբ մարդկանց շահագործելու դեպքերին, ապա դրանք ավելի շատ մայրաքաղաքում են, ընդ որում՝ առավել շատ են շահագործվում անչափահասները:

Միայն այս տարեսկզբին Թրաֆիկինգի դեմ պայքարի բաժինն անչափահասներին մուրացկանության մեջ ներգրավելու և շահագործելու երկու դեպք է բացահայտել, որոնցից երկուսի առնչությամբ էլ հարուցվել է քրեական գործ: «Անչափահասներից մեկի ծնողի եղբայրն է ստիպել մուրացկանությամբ զբաղվել, իսկ մյուսի դեպքում՝ կազմակերպիչը մի երիտասարդ է, որն իր շուրջը հավաքել է երեխաների և մուրացկանությամբ շահագործել է»,- տեղեկացնում է Ռ. Գրիգորյանը: Մարմնի մասերի (օրգանների) կորզման միակ դեպքը Հայաստանում բացահայտվել է անցյալ տարի, և հանցագործություն կատարողը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման: «Մարդկանց խոցելի վիճակն օգտագործելով` տվյալ անձը պայմանավորվածություն է ձեռք բերել օտար երկրներում բնակվող անձանց հետ, այնուհետև շահադիտական նպատակներով Հայաստանից մարդկանց ուղարկել է Շրի Լանկա:

Բնականաբար, նախնական պայմանավորվածությունն իրականացրել են՝ մարդկանց օրգանները՝ երիկամները, հեռացվել և փոխպատվաստվել են այլ անձանց: Հայաստանում մարմնի մասերի կորզման եղանակով միակ դեպքը դա է եղել»,- տեղեկացնում է Թրաֆիկինգի դեմ պայքարի բաժնի պետը: Ի դեպ, արտաքին թրաֆիկինգի կազմակերպիչները՝ թրաֆիկյորները, հիմնականում այլ երկրներում բնակվող հայազգի անձինք են, ովքեր համագործակցում են Հայաստանում գտնվող մարդկանց հավաքագրողների, տեղափոխողների հետ:

Գործազրկությունն աճում է, թրաֆիկինգը` նվազո՞ւմ
ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ Թրաֆիկինգի դեմ պայքարի բաժնի պետ Ռ.Գրիգորյանը պաշտոնապես հայտարարում է, որ թրաֆիկինգի դեպքերը զգալի նվազել են: Օրինակ, եթե 2007-2008 թթ. թրաֆիկինգի դեպքերի հաճախականությունն այնպիսին էր, որ Հայաստանում արձանագրվում էր 10-20 զոհ (տուժած), ապա վերջին տարիներին զոհերի քանակը տատանվում է 1-2-ով: Թրաֆիկինգի նվազումը Ռ. Գրիգորյանը բացատրում է և գերատեսչությունների ակտիվ աշխատանքով, և՛ հասարակական կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցությամբ, ինչպես նաև ԶԼՄ-ների ակտիվ լուսաբանմամբ: Նա հավաստիացնում է, որ առանձնապես ծանր հանցագործություն համարվող մարդու շահագործման որևէ դեպք անպատժելի չի մնացել, հետևաբար այդ գործունեությամբ զբաղված բավականին շատ մարդիկ ներկայումս կամ գտնվում են ազատազրկման վայրերում, կամ հետախուզման մեջ են:

«Մարդկանց շահագործման դեպքերի նվազումը, բնականաբար, նաև պայմանավորված է հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումով»,- ասում է նա:

Այնուամենայնիվ, սկսած 2007թ.-ից` առայսօր ՀՀ Կառավարությունը հաստատել է մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի ազգային ծրագիրը: Թրաֆիկինգի դեմ պայքարի ազգային ծրագրում, ի թիվս ռազմավարական մի շարք ուղղությունների, կարևորվում է երկրի սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացումը, որով ենթադրվում էր մարդկանց շահագործման դեպքերի նվազեցում:

Օրինակ՝ ազգային ծրագրում աղքատությունն ու գործազրկությունը դիտելով որպես ՀՀ-ում մարդկանց շահագործմանը նպաստող կարևոր գործոններ` նախատեսվում էր մի շարք ոլորտներում բարեփոխումներ իրականացնել. այն է՝ զարգացնել բնակչության շրջանում իրականացվող ծրագրերի սոցիալ-տնտեսական ուղղվածությունը, գործազուրկ և փախստական կանանց համար իրականացնել ձեռներեցությամբ զբաղվելուն նպաստող աջակցության ծրագրեր, գործազուրկներին, հատկապես երիտասարդներին և կանանց աջակցել մասնագիտական կողմնորոշման հարցերում, շարունակել իրականացնել խոցելի խումբ կազմող, գյուղական վայրերում բնակվող կանանց զբաղվածության ապահովման ծրագրերը և այլն: Մինչդեռ, կյանքը ցույց է տալիս, որ Թրաֆիկինգի դեմ պայքարի ազգային ծրագրի ռազմավարական կետերից սոցիալ-տնտեսական, մարդկանց զբաղվածության խնդիրը շարունակում է մնալ նույնքան սուր, որքան տարիներ առաջ էր:

Հետևաբար` տրամաբանորեն ներկայիս արտագաղթի, գործազրկության թվի աճի պայմաններում նաև կանխատեսվում էր զուգահեռաբար` մարդկանց շահագործման դեպքերի աճ: Հարցին, թե՝ մարդկանց շահագործման դեպքերի համար նպաստավոր նախապայման համարվող արտագաղթի, գործազրկության, աղքատության պայմաններում արձանագրված թրաֆիկինգի նվազումն արդյո՞ք տարակուսանք չի առաջացնում Թրաֆիկինգի դեմ պայքարի բաժնի պետի մոտ, հատկապես, երբ սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում ճիշտ հակառակ պատկերն է կանխատեսելի, Ռ. Գրիգորյանն այսպես է արձագանքում. «Ճիշտն ասած՝ ես համամիտ չեմ այն զուգահեռների հետ, երբ աղքատությունը կապում են թրաֆիկինգի հետ:

Թրաֆիկինգը տարածված է ամբողջ աշխարհում, մինչև անգամ եվրոպական զարգացած երկրներում: Պետք չէ մտածել, որ թրաֆիկինգի զոհ միայն դառնում են 3-րդ երկրների քաղաքացիները: Սոցիալապես բարձր կենսամակարդակ ունեցող բազմաթիվ երկրներում՝ ԱՄՆ-ում, եվրոպական մի շարք երկրներում մարդկանց շահագործման երևույթը շարունակում է իրենից մեծ վտանգ ներկայացնել: Այնպես որ, ես դեմ եմ, երբ կապում եք երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ, մանավանդ, որ մեր երկրում անօրինական միգրանտներին նավերով շատ վատ պայմաններում տեղափոխելու, այլ երկրում շահագործելու երևույթներ չկան: Երկրում տիրող սոցիալ-տնտեսական վիճակը կարող է լինել մարդկանց շահագործման պատճառներից մեկը, բայց ոչ երբեք` հիմնական պատճառը»:

Այնուամենայնիվ, ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ Թրաֆիկինգի դեմ պայքարի բաժնի պետը հիշեցնում է, որ թրաֆիկինգը դժվար բացահայտվող հանցագործություն է, որի պարագայում գրեթե նյութական ապացույցներ չկան: Եթե փաստաթղթերի կեղծման, սպանության դեպքում առկա են բազմաթիվ նյութական ապացույցներ՝ զենք, պարկուճ, գնդակ, դիակ, ապա թրաֆիկինգի դեպքում դեպքի հայտնաբերումը հիմնված է ցուցմունքների կամ օպերատիվ հետախուզական գործունեությամբ ձեռք բերված ապացույցների վրա:

Ընդհանրապես այս հանցատեսակը սպեցիֆիկ է նաև այն հանգամանքով, որ և՛ հոդվածն է շատ ծանր, և՛ արարքը` բարդ ապացուցելի:
2002-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի «Աշխարհում թրաֆիկինգի իրավիճակի մասին» տարեկան հաշվետվության մեջ Հայաստանն ընդգրկվել էր 3-րդ կարգի երկրների շարքում: Համաձայն ԱՄՆ Պետդեպի դասակարգման՝ երրորդ կարգ համարվում են այն երկրները, որոնք ուշադրություն չեն դարձնում թրաֆիկինգին և չեն իրականացնում կանխարգելիչ միջոցառումներ: Սկսած 2008-ից` Հայաստանը դասվում է 2-կարգում: Ռ. Գրիգորյանն ընդգծում է, որ վիճակագրական տվյալները, իրավիճակային վերլուծությունը թույլ են տալիս գնահատելու, որ Հայաստանն արդեն պետք է դասվեր 1-կարգի երկրների ցանկում, քանի որ թե՛ օրենսդրությամբ, թե՛ թրաֆիկինգի զոհերի հետ տարվող աշխատանքների որակով, թե՛ թրաֆիկինգի դեմ պայքարով` մեր երկրի մեխանիզմը բավարարում է միջազգային ստանդարտներին:

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս