Վճռորոշ պահ է, ամեն ջանք գործադրում ենք, որպեսզի պատերազմն ավարտվի այս տարի. Ուկրաինայի ԱԳ նախարարը՝ Թրամփ-Զելենսկի սպասվող հանդիպման մասին

Ուկրաինական կողմը հիմնական ակնկալիքներ ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև Վաշինգտոնում կայանալիք բանակցություններից, երկուշաբթի՝ օգոստոսի 18-ին, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան։

«Այն պահը, որում մենք գտնվում ենք, թույլ է տալիս մեզ ասել, որ դիվանագիտական ջանքերի առավելագույն մոբիլիզացիան այսօր մեզ հնարավորություն է տալիս արդար, արժանապատիվ խաղաղություն հաստատել Ուկրաինայի համար», – ասել է նա Կիևում կառավարության գործողությունների ծրագրի նախագծի ներկայացման ժամանակ։

Սիբիհայի խոսքով՝ Վաշինգտոնում կայանալիք հանդիպումը, ինչպես սպասվում է, կապահովի եռակողմ հանդիպման (Զելենսկի-Թրամփ-Պուտին – խմբ.) օրակարգի և դրա ժամանակացույցի, ինչպես նաև ապագա անվտանգության երաշխիքների պարամետրերի ըմբռնում։

Նա վստահեցրել է, որ Ուկրաինայի բոլոր դաշնակիցները կիսում են Կիևի տեսլականը ռուսական ագրեսիան դադարեցնելու ուղիների և բանաձևի վերաբերյալ։ Սիբիհան ընդգծել է, որ Թրամփի և Զելենսկու միջև Վաշինգտոնում այսօրվա հանդիպումը խաղաղության մերձեցման վճռորոշ պահերից մեկն է, որին Ուկրաինան ձգտում է հասնել այս տարի։

«Սա վճռորոշ պահ է, երբ դիվանագիտական ջանքերի առավելագույն մոբիլիզացիայի շնորհիվ մենք կարող ենք մոտեցնել արդար խաղաղությունը։ Մենք ամեն ջանք գործադրում ենք ապահովելու համար, որ այս պատերազմն ավարտվի այս տարի», – վստահեցրել է նախարարը։

Հիշեցնենք, որ այսօր Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը կարող է ավարտվել «գրեթե անմիջապես», բայց որ դա կախված է Զելենսկիից: ԱՄՆ նախագահի խոսքով՝ Ուկրաինան պետք է մոռանա Ղրիմի և ՆԱՏՕ-ի անդամակցության մասին:

Տեսանյութեր

Լրահոս