Հարևան երկրներն առաջնահերթություն են հարաբերությունների կառուցման և զարգացման համար. Փեզեշքիան

Հայաստան ուղևորությունը մեր հարևան երկրներ առաջնահերթ ուղևորությունների շարունակությունն է։ Այս մասին Երևան մեկնելուց առաջ «Մեհրաբադ» օդանավակայանում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Նրա խոսքով՝ հարևան երկրներն առաջնահերթություն են հարաբերությունների կառուցման և զարգացման համար։

«Մենք ամուր ռազմավարական հարաբերություններ ունենք մեր հարևան և բարեկամ Հայաստանի հետ և միշտ ձգտել ենք միմյանց հետ լավ հարաբերություններ կառուցել սոցիալական, քաղաքական, տնտեսական և մշակութային հարցերում», – նշել է Փեզեշքիանը։

«Անհրաժեշտ հարմարություններն ապահովվել են, և Իրանի ու Հայաստանի միջև հաղորդակցությունը հնարավորինս հեշտացվել է։ Ուստի այս այցի ընթացքում մենք կքննարկենք մեր համաձայնագրերն ու կապերն ամրապնդելու ուղիները, այդ թվում՝ հաղորդակցության և մշակութային ուղիները, մասնավորապես՝ Հյուսիս-Հարավ միջանցքը», – նշել է նա։

«Ինչ վերաբերում է Արևելք-Արևմուտք ուղուն, այն, բնականաբար, կդառնա հարմարավետ հարթակ՝ այս ուղղությամբ առևտրային ճանապարհի զարգացման համար, և մենք ձգտում ենք ընդլայնել այն», – հավելել է Փեզեշքիանը։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրից հետո Հայաստանում ամերիկյան ընկերությունների ներկայության վերաբերյալ մտահոգություններին, Փեզեշքիանը նշել է. «Բնական է մտահոգություններ ունենալ տարածաշրջանում ամերիկյան ընկերությունների ներկայության վերաբերյալ, քանի որ նրանք գալիս են որևէ ընկերության անունից, իսկ հետագայում կարող են զբաղվել այլ գործունեությամբ: Մենք քննարկումներ կանցկացնենք հայ պաշտոնյաների հետ այս մտահոգությունների շուրջ»:

«Այլ հարցերի առնչությամբ, այդ թվում՝ տեխնիկական, ճարտարագիտական, շինարարական, հանքարդյունաբերական, գեղարվեստական, սոցիալական և զբոսաշրջային ոլորտների վերաբերյալ պատրաստվել են հիանալի փաստաթղթեր. նախատեսվում է այնտեղ ստորագրել դրանք», – նշել է նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս