
Զելենսկին քննադատել է ռուսական հարվածները Վաշինգտոնում հանդիպման նախաշեմին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ռուսական նոր հարվածներն անվանել է «ցուցադրական և ցինիկ»՝ շեշտելով, որ դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Վաշինգտոնում նախատեսվում է իր և եվրոպացի առաջնորդների հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին Զելենսկին գրառում է կատարել X սոցիալական հարթակում:
«Բոլորը ձգտում են արժանապատիվ խաղաղության և իրական անվտանգության: Եվ հենց այս պահին ռուսները հարձակվում են Խարկովի, Զապորոժիեի, Սումիի մարզի և Օդեսայի վրա՝ ոչնչացնելով բնակելի շենքերը և մեր քաղաքացիական ենթակառուցվածքը», – հավելել է Զելենսկին:
Նա հայտնել է ռուսական հարվածներից Խարկովի մարզում 7 զոհի, տասնյակ վիրավորների, Զապորոժիեում 3 զոհի, 20 վիրավորի մասին:
«Ռուսաստանի կողմից նաև միտումնավոր հարված է հասցվել Օդեսայում ադրբեջանական ընկերությանը պատկանող էներգետիկ օբյեկտին, ինչը ենթադրում է, որ դա հարձակում է ոչ միայն մեզ վրա, այլև մեր հարաբերությունների և էներգետիկ անվտանգության վրա», – նշել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կշարունակի «ցուցադրական սպանությունները», որպեսզի պահպանի ճնշումն Ուկրաինայի և Եվրոպայի վրա, ինչպես նաև «նսեմացնի դիվանագիտական ջանքերը»:
«Հենց այս պատճառով է, որ մենք օգնություն ենք փնտրում, որպեսզի վերջ դնենք սպանություններին: Այս պատճառով է, որ հարկավոր են անվտանգության հուսալի երաշխիքներ», – հավելել է Զելենսկին:
Օգոստոսի 18-ին ավելի ուշ Վոլոդիմիր Զելենսկին Սպիտակ տանը կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Թրամփ-Զելենսկի երկկողմ հանդիպումից հետո նրանց կմիանան Ֆրանսիայի, Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ֆինլանդիայի ղեկավարները, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: