Իրանում նավթի արտահանման ծավալը նվազել է մինչև 27 տարի առաջվա մակարդակի. ԱՄՆ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ի էներգետիկ նախարարությանը կից Տեղեկատվական վարչությունն այսօր հայտնել է, որ Իրանի հանդեպ սահմանված միջազգային պատժամիջոցների պատճառով այդ երկրից նավթի արտահանումը կտրուկ անկում է ապրել, ինչն աննախադեպ է` սկսած 1986 թվականից:
Նշվում է, որ 2012 թվականին իրանական նավթի արտահանման ծավալը նվազել է օրական մինչև 1.5 միլիոն բարելի: Նախանցյալ տարում այդ ցուցանիշը կազմում էր 2.5 միլիոն բարել: Ամերիկացի մասնագետներն իրենց հաշվետվությունում ընդգծել են, որ իրանական նավթի արտահանումը նվազել է 39 տոկոսով, իսկ նավթի ու գազային կոնդենսատի արդյունահանումը` 17 տոկոսով:
Հաշվետվությունում նաև նշված է, որ նախորդ տարի նավթի արտահանումից Իրանի ստացած եկամուտները 95 միլիարդ դոլարից նվազել են մինչև 69 միլիարդ դոլարի: Ամերիկյան տվյալներով` Իրանում արտահանումից ստացվող եկամուտների հարցում նավթի մասնաբաժինը կազմում է մոտ 80 տոկոս, իսկ բյուջեի համալրումներում` ավելի քան 50 տոկոս:
Ամերիկացի փորձագետներն ընդգծում են, որ պատժամիջոցներն անգամ հանգեցրել են Իրանի նավթարդյունաբերական ոլորտում կատարվող ներդրումների կրճատմանը և երկրիտարածքում մի շարք նոր նախագծերին մասնակցելուց օտար ընկերությունների հրաժարվելուն: