Բաժիններ՝

«Մատաղիսի» գործով ներկայացվել է վճռաբեկ բողոք

«Մատաղիսի» գործով զինդատախազությունը  բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝  ընդդեմ գործով կայացված արդարացման դատավճռի և այն անփոփոխ թողնելու ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց  Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի անցյալ տարվա դեկտեմբերի 18-ի դատավճռով արդարացվածներ  Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի ու Արայիկ Զալյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Հետաքրքրական է, որ այս անգամ բողոք չեն  ներկայացրել տուժող   Ռոման Եղիազարյանի  հարազատները՝ այսօր բողոք ներկայացնելու ժամկետի վերջին օրն էր:  Հ.Ալումյանը չի բացառում, որ «գուցե իրենք էլ են համոզվել», որ իր պաշտպանյալները առնչություն չունեն հանցագործության հետ: Ըստ Հայկ Ալումյանի, մեղադրող կողմը ներկայացրել է նույնաբովանդակ Վճռաբեկ բողոք, ինչպիսին ներկայացվել էր Վերաքննիչ քրեական դատարան:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում գործը քննվում էր մեղադրողների ու վերոհիշյալ տուժողի իրավահաջորդի  բողոքների հիման վրա: Մասնավորապես, գործով դատավարական հսկողություն իրականացնող ՀՀ զինվորական դատախազությունը միջնորդում էր  բեկանել արդարացման դատավճիռը և կայացնել մեղադրական դատավճիռ ՝ Ռազմիկ Սարգսյանին դատապարտելով   7 տարվա, իսկ  Արայիկ Զալյանին ու  Մուսա Սերոբյանին`  8-ական  տարվա ազատազրկման:

Գործը երկար դատական ճանապարհ է անցել՝  Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 2005թ. մայիսի 18-ի դատավճռով  Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը և Արայիկ Զալյանը մեղավոր էին  ճանաչվել ՀՀ քրեական  օրենսգրքի 104-րդ հոդվածի  2-րդ մասի 1-ին, 5-րդ և 7-րդ կետերով՝  մի խումբ անձանց կամ  կազմակերպված խմբի կողմից երկու կամ ավելի անձանց առանձին դաժանությամբ սպանություն և  դատապարտվել էին  15-ական  տարվա ազատազրկման:

ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը, 2006թ. մայիսի 30-ի դատավճռով, առաջին ատյանի դատարանի դատավճիռը փոփոխել էր, և  Ռ. Սարգսյանին, Մ. Սերոբյանին ու Ա. Զալյանին դատապարտել  ցմահ ազատազրկման:

2006թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի որոշմամբ, ստորադաս դատարանների դատավճիռները բեկանվել էին և նրանց մասով գործն ուղարկվել էր  նոր նախաքննության, իսկ ամբաստանյալները`  ազատվել կալանքից:

2012թ. դեկտեմբերի 4-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատական վիճաբանությունների փուլում, մեղադրողները, ամբաստանյալներին  առաջադրված մեղադրանքը  փոփոխել էին և սպանության փոխարեն առաջադրել նոր մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի  112-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ եւ 14-րդ կետերով՝  մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից  պատճառելը  երկու կամ ավելի անձանց նկատմամբ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատժառելը, որն անզգուշությամբ առաջացրել է  տուժողների, այսինքն՝ ամբաստանյալների ծառայակիցներ Ռոման Եղիազարյանի ու Հովսեփ Մկրտումյանի,   մահը:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով  ամբաստանյալներ Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանն ու Արայիկ Զալյանը անմեղ էին  ճանաչվել   ու արդարացվել՝ կատարված հանցագործությանը նրանց մասնակցությունը ապացուցված չլինելու հիմքով:

Սոնա Մաշուրյան
«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս