Ապրիլի 24-ին Վիեննայում տեղի է ունեցել Հայոց Մեծ Եղեռնի 98-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներ
Ապրիլի 24-ին Վիեննայում տեղի է ունեցել Հայոց Մեծ Եղեռնի 98-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներ:
Ավստրիայի հայկական կազմակերպությունների և ավստրիական հասարակայնության ներկայացուցիչները ծաղկեպսակներ են դրել Վիեննա քաղաքի կենտրոնում՝ Ֆրիդրիխ Շիլլերի հրապարակում, տեղադրված ավստրիացի գրող և մեծ հայասեր Ֆրանց Վերֆելի հուշարձանին:
Երեկոյան Վիեննայի Հայ առաքելական Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մատուցվել է հոգեհանգստյան պատարագ` ի հիշատակ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի:
Պատարագի ավարտին` Ավստրիայում Հայաստանի դեսպանության, Վիեննայի հայկական կազմակերպությունների՝ Եկեղեցական վարչության, Հայ Բարեգործական Ընդհանուր Միության, Հայ ուսանողների միության, «Արարատ» սպորտային միության կողմից ծաղկեպսակներ զետեղվեցին եկեղեցու բակում վեր խոյացող Հայոց Մեծ Եղեռնի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Ելույթով հանդես է եկել Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցու եկեղեցական վարչության նախագահ Հայկ Ազենբաուերը, ով ներկայացրեցվարչության այս տարվա նախաձեռնությունը. վարչությունը ձեռք է բերել գերմանացի կինոռեժիսոր Էրիկ Ֆրիդլերի 2010թ.-ին նկարահանած «ԱՂԵՏ» փաստավավերագրական ֆիլմի 300 օրինակ և, Հայոց ցեղասպանության 98-ամյակը խորհրդանշող համապատասխան փաթեթավորմամբ, ցեղասպանությունը ճանաչելու նամակ-հորդոր է հղել Ավստրիայի քաղաքական, լրատվական և մտավորական շրջաններին: Ֆիլմի նախադիտում-պրեմիերան Ավստրիայում տեղի էր ունեցել նախորդ տարի՝ Հայոց ցեղասպանության 97-ամյակի ոգեկոչման շրջանակներում, Ավստրիայում ՀՀ դեսպանության, եկեղեցական վարչության և Վիեննայի Künstlerhauskino-ի տնօրինության նախաձեռնությամբ:
Այնուհետև Հայոց ցեղասպանության և մոտեցող 100-ամյա տարելիցի խորհրդի շուրջ ելույթով հանդես է եկել Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը, ով իր խոսքում, մասնավորապես, անդրադարձավ Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջազգային արձագանքներին, ցեղասպանության հետևանքների հաղթահարման, արդարության վերականգնման, Հայոց Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման, ինչպես նաև հայկական սփյուռքի կառույցների հզորացման, Հայաստանի ու արտերկրում ՀՀ դեսպանությունների հետ այդ կառույցների համագործակցության ակտիվացման խնդիրներին:
ՀՀ ԱԳՆ