Սաակաշվիլին Վրաստանի նոր կառավարությանը համեմատել է թալիբների հետ
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում «աղետալի» է որակել Վրաստանի նոր կառավարության այն որոշումը, որն առնչվում է Բաթումի քաղաքապետարանը Ամերիկյան տեխնոլոգիական նոր համալսարանի շենք փոխադրելուն:
Սաակաշվիլին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին կոչ է արել վերանայել այդ որոշումը: Սաակաշվիլիի խոսքերով՝ Ամերիկյան տեխնոլոգիական համալսարանի շինարարությունն ավարտվել է 2012 թվականին, որում Վրաստանի նախորդ կառավարությունը ներդրել է մի քանի տասնյակ միլիոն լարի: Պլանավորված էր ներդնել ևս 50-100 միլիոն դոլար՝ համալսարանի գործարկման համար:
Սաակաշվիլին իր էջում գրել է. «Օրեր առաջ ես իմացա Վրաստանի նոր կառավարության աղետալի որոշման մասին՝ այդ վիթխարի շենքում չտեղակայել համալսարան և դրա փոխարեն այնտեղ տեղավորել Բաթումի քաղաքապետարանը:
Դա այնպիսի որոշում է, որը կարելի էր սպասել թալիբներից և ոչ թե 21-րդ դարի եվրոպական երկրի կառավարությունից: Տեխնոլոգիական համալսարանը քաղաքին կբերեր զարգացում և կնպաստեր նրա բնակիչների բարեկեցությանը: Բացի այդ, Բաթումի քաղաքապետարանն արդեն իսկ ունի մեծ և հարմարավետ շենք: Այդ համալսարանը, որը կտեղակայվեր Կովկասի ամենաբարձր շենքում, կլիներ մեր հպարտությունը:
Այն մեր երկրին կտար ժամանակակից տեխնոլոգիաների մասնագետներ: Այն կլիներ Վրաստանի թիվ մեկ ուսումնական հաստատությունը, և վրացի ուսանողների մեծ մասն այնտեղ կսովորեր անվճար: Վրաստանի նոր կառավարության որոշումը կործանիչ ու ոչ քաղաքակիրթ է և ուղղված է Վրաստանի ապագայի դեմ»: