Ժ.Սէֆիլյան. «Սերժ Սարգսյանի դարակում է` ովքեր են լինելու ավագանու անդամները»

«Սարդարապատ» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սէֆիլյանը, այսօր հրավիրված մամլո ասուլիսում` խոսելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին, նշեց, որ ընդդիմադիր ուժերը, որոնք ձգտում են հասնել իշխանափոխության, պետք է իրենց պայքարը տանեն գործող համակարգից դուրս` զերծ մնալով դրա պարտադրած կանոններից:

Սէֆիլյանը հիշեցրեց, որ հետընտրական շրջանում ձևավորված ընդդիմադիր շարժման ընթացքում մշտապես հորդորել է նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին ձևավորել շարժումը համակարգող մարմին, քանի որ, ըստ նրա, «անցել են առաջնորդների ժամանակները, եկել են առաջնորդող խմբերի ժամանակները»: Իսկ Սարդարապատը, ինչպես տեղեկացրեց հայտնի ազատամարտիկը, այդ «առաջնորդող խումբն» արդեն ձևավորել է և մտադիր է ինքնուրույն տանել իր պայքարը:

Այս առումով Ժ.Սէֆիլյանից հետաքրքրվեցին, թե «Սարդարապատի» շարժման պայքարն ինչո՞վ է տարբերվում Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած «Նոր Հայաստան» քաղաքացիական շարժումից: Այս մասին Սէֆիլյանը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն Անի հյուրանոցում խոսել է իրենց առաջարկած ծրագրի տարրերի մասին, ինչը ողջունելի է, սակայն ամբողջությամբ չի ըմբռնել այն և դեռևս շարունակում է գործել իշխանության պարտադրած համակարգի շրջանակներում:

«Մենք սկսում ենք մեր ընթացքը և պատրաստ ենք գործակցելու բոլոր այն ուժերի հետ, որոնք հրաժարվում են պայքարից սիստեմի ներսում, իսկ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը տակավին չի հրաժարվել, բոլորիդ վկա այս թատրոնը, որը կոչվում է Երևանի ավագանու ընտրություններ, չընտրություններ»,- նշեց Սէֆիլյանը: Վերջինիցս հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ ինքը «Սարդարապատը» չի մասնակցում այդ ընտրություններին:

Կարդացեք նաև

«Ընտրությունների արդյունքը կանխորոշված է. այսօր Սերժ Սարգսյանի դարակում է գտնվում` ովքեր են լինելու ավագանու անդամները: Տոկոսային հարաբերակցությունը, թե ՀՀԿ-ն ինչքան կլինի, «Օրինացը», ԲՀԿ-ն կամ Դաշնակցությունը, կապ չունի: Նա հստակ մի բան գիտի, որ մեծամասնությունը, անհատները, ովքեր մտնելու են, իր ծառաներն են լինելու: Նույնպես երկար տարիներ ձևավորվել է խորհրդարանը, և այդպես կշարունակվի մինչև այս խանական համակարգը գոյություն ունի: Մենք պետք է դուրս գանք այդ խանական արժեքային տրամաբանությունից»,- հայտարարեց Ժիրայր Սէֆիլյանը:

Տեսանյութեր

Լրահոս