Իսպանիայում գործազուրկների քանակը գերազանցել է 6 միլիոնը
BBC-ի փոխանցմամբ՝ 2013 թվականի առաջին եռամսյակում Իսպանիայում գործազրկությունը հասել է ռեկորդային մակարդակի՝ 27.2 տոկոս: Այս մասին են վկայում նոր հրապարակված պաշտոնական տվյալները:
Դրանց համաձայն, գործազուրկների ընդհանուր քանակը գերազանցել է 6 միլիոնը: 5 տարի առաջ Իսպանիայում սկիզբ առած տնտեսական ճգնաժամը հատկապես ուժեղ է հարվածել Իսպանիայի շինարարական ոլորտին և հանգեցրել է տվյալ ոլորտում զանգվածային գործազրկության:
Ավելի ուշ դրան հավելվեց ֆինանսական ճգնաժամը: ՀՆԱ-ի մակարդակով Իսպանիան ԵՄ-ում զբաղեցնում է չորրորդ տեղը: Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կանխատեսում է, որ ՀՆԱ-ն նվազելու է 1.6 տոկոսով: ԱՄՀ-ի հայտարարությունում ասվում է, որ Իսպանիայում գործազրկության մակարդակն այս տարի հասնելու է 27 տոկոսի, ինչից հետո անկում է ապրելու:
Իսպանիայում նմանատիպ մասշտաբային գործազրկություն չէր գրանցվել 1976 թվականից, երբ բռնապետ Ֆրանկոյի մահվանից հետո սկսվել է ժողովրդավարական ղեկավարմանն անցում կատարելու ժամանակաշրջան: 2007 թվականի կեսերին Իսպանիայում գործազրկության մակարդակը կազմում էր 7.9 տոկոս և սկսեց կտրուկ աճել 2008 թվականին: