Բաժիններ՝

Դպրոցների «մանր ծառայությունները». մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Որքան էլ հանրապետականները աոարկեն, պարզ է՝ ամեն մի ընտրարշավ կրկին ու կրկին ապացուցում է. որ դպրոցները Հայաստանի արատավոր համակարգի մի մասն են և ակտիվորեն, կասեի նաև ցինիկաբար օգտագործվում են ընտրություններում՝ իշխանության վերարտադրությունն ապահովելու համար։

Անհերքելի փաստ է, որ դպրոցների տնօրենները ուսուցիչներից պահանջում են մարդկանց ցուցակներ, որոնք, ենթադրաբար, բվեարկելու են Տարոն Մարգարյանի օգտին, և այդ ցուցակներն ուղարկվում են ՀՀԿ տարածքային շտաբներ կամ, որը նույնն է՝ վարչական շրջանների գրասենյակներ։ Ես գրեցի՝ «որը նույնն է», բայց դա չպիտի նույնը լինի, վարչական շրջանի ադմինիստրացիան պետք է հանդես գա որպես պետական, ոչ թե քաղաքական կուսակցական մարմին, նրա գործառույթների մեջ ամենևին չի մտնում մոբիլիզացնել վարչական ռեսուրսներն ու թաղի քրեական տարրերին՝ գործող քաղաքապետի հաղթանակն ապահովելու համար։

Բայց քանի որ հենց գործող քաղաքապետն է նշանակում վարչական շրջանի ղեկավարին, վերջինս էլ ղեկավարում է մնացած աշխատողներին, և նրանք բոլորը կապված են, այսպես ասած, «կոռուպցիոն ռիսկերով», այդ բոլոր մարդիկ մեծապես շահագրգռված են, որ մնա գործող քաղաքապետը, իսկ դրա համար անհրաժեշտ է «հանրապետական» ձևանալ։ Եթե գա մեկ այլ քաղաքապետ, նա կնշանակի վարչական շրջանի այլ ղեկավարներ, որոնք «կոոուպցիոն ռիսկերը» վայելելու են այլ թիմերի հետ, և այդ թիմերը կկպցնեն համապատասխան կուսակցության կրծքանշանը։ Խնդիրը, հետևաբար, ոչ թե վարչական շրջանների կուսակցական լինելն է (դա հետևանք է), այլ համակարգը, որը ստիպում է խառնել «պետական և սեփական բուրդը»։

Դպրոցների դեպքում իրավիճակն ավելի մտահոգիչ է դառնամ այնքանով, որ նույնատիպ սխեմայի պայմաններում դպրոցի տնօրենների, փոխտնօրենների և ուսուցիչների նվաստացմանը կամա թե ակամա ականատես են դառնում երեխաները, ինչը, մեղմ ասած, չի նպաստում նրանց քաղաքացիական ինքնագիտակցության բարձրացմանը։ Դպրոցի կամ մանկապարտեզի տնօրենը ստիպված է կպցնել իշխող կուսակցության կրծքանշանը, որովհետև հակառակ դեպքում վարչական շրջանը իր դպրոցին «լավ աչքով չի նայի»։ Իսկ «լավ աչքով նայելու» համար դպրոցի ղեկավարությունից, ինչպես ասում էր Օստապ Բենղերը, ամեն մի կալորիայի դիմաց պահանջվում են «բազմաթիվ փոքրիկ ծառայություններ»։ Դրանց թվում են, անշուշտ, այդ «ընտրական ծառայությունները»։

Կասեք` ինչի՞ համար է պետք այդ «պոտենցիալ ընտրազանգվածի» ցուցակը, որը վարչական շրջանը հանձնարարում է տնօրենին, տնօրենը՝ ուսուցիչներին, իսկ ուսուցիչներն այդ հարցով դիմում են, բնականաբար, իրենց աշակերտների ծնողներին։ Չէ՞ որ քվեարկությունը գաղտնի է։ Այո, գաղտնի է, բայց այդ քիչ թե շատ «հուսալի» մարդկանց հետ կարելի է «աշխատել»՝ ընտրակաշաոք բաժանել, հոգեբանական տարատեսակ ճնշումներ գործադրել, որը եթե նույնիսկ տա 50 տոկոսանոց արդյունք, դա էլի արդյունք կլինի։

Այստեղ խնդիրը երկկողմանի է։ Մի կողմից՝ իշխանությունը պիտի հասկանա, որ չի կարելի դպրոցներն օգտագործել իր քաղաքական նպատակների համար։ Մյուս կողմից էլ՝ տնօրեններն ու մանկավարժները պետք է գիտակցեն, որ իրենց առաքելաթյունը շատ ավելի բարձր է։ Իմ ասածը ուտոպիա՞ է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս