Կապրիլեսը բողոքարկելու է Վենեսուելայի նախագահական ընտրությունների արդյունքները
Globovision հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Վենեսուելայի նախագահի նախկին թեկնածու, Միրանդա նահանգի նահանգապետ Հենրիկե Կապրիլեսը երեկ հայտարարել է, որ մտադիր է պաշտոնապես բողոքարկել նախագահական ընտրությունների արդյունքները, իսկ ընդդիմությունն էլ չի մասնակցի քվեարկության արդյունքների՝ ներկայիս տեսքով ստուգմանը.
«Եթե ստուգման չենթարկվեն քվեարկության արձանագրությունները, մենք չենք մասնակցի այդ աուդիտին: Հաջորդ քայլը կդառնա ընտրությունների պաշտոնական բողոքարկումը: Օրենքի համաձայն, հաջորդ քայլը պետք է լինի նոր ընտրությունների նշանակումը՝ նվազագույնն այն ընտրատարածքներում, որտեղ գրանցվել են բազմաթիվ խախտումներ»:
Կապրիլեսը նախագահ ընտրված Նիկոլաս Մադուրոյին վերստին մեղադրել է ընտրությունների ժամանակ խարդախություններ գործելու և մասնավորապես ընտրական ձայներ գողանալու մեջ:
Ապրիլի 14-ին տեղի ունեցած նախագահական արտահերթ ընտրություններում Մադուրոն հավաքել էր քվեների 50.78 տոկոսը, իսկ Կապրիլեսը՝ 48.95 տոկոսը: