Ո՞վ է գնել Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանին հարող գետնանցումը. մամուլ
«Ըստ «Ժողովուրդի» տեղեկությունների` Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանին հարող գետնանցումը, որտեղ հիմա ընթանում են շինաշխատանքներ, գնել է Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխ, ղարաբաղցի Կարեն Բաղդասարովը:
Նա ցորենի ներկրմամբ զբաղվող և շուկայում գերիշխող դիրք ունեցող «Վիկտորիա թրեյդ» ՍՊԸ-ի սեփականատերն է: Բաղդասարովն Արցախում հացի գործարան ունի, իսկ այստեղ` ալրաղաց և ՌԴ-ում լուրջ բիզնեսներ»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.
«Նշենք նաև, որ Բաղդասարովը համարվում է ղարաբաղյան կլանի ամենավստահելի գործարարը և հայաստանյան շատ բիզնեսներում արդեն «արմատներ է ձգել»: Եվ որպեսզի շատ բացասական կարծիք չձևավորի իր շուրջ, երբեմն բարեգործություններ է անում: Օրինակ՝ 2008-ի ապրիլի 21-ին 50 հազար ԱՄՆ դոլար և 15.5 միլիոն դրամ է փոխանցել Ստեփանակերտում գտնվող Սուրբ Աստվածամայր Հովանու եկեղեցու կառուցման համար:
Մինչդեռ նրա կողմից գնված գետնանցումի փակվելուց հետո ավելի քան 300 ընտանիք գործազուրկ է դարձել: Գրավաճառների մի մասն էլ մտածում է երկրից հեռանալու մասին»: