Աշխարհում առաջին ծրագրավորողը կին է եղել
«Ըստ էության, սա մի ոլորտ է, որը սահմանափակված է միայն մարդու երևակայությամբ, և, քանի որ միայն երևակայությամբ է սահմանափակված, ապա որքան կարող ենք՝ պետք է շատ մարդ ընդգրկել: Արդյունքում, նրանցից հաստատ կլինի մեկը, ով ինչ-որ մի խնդրի լուծում կառաջարկի: Հատկապես կարևոր է այս ոլորտում կանանց ներգրավվածությունը, քանի որ մեր հասարակության 50%-ը կանայք են, այստեղ այդ զարգացումը կախված է նաև նրանից, թե հասարակության այդ մյուս 50%-ն ինչպե՞ս է ներգրավված ոլորտում»: Այս մասին այսօր «Տեխնոլոգիաներին անհրաժեշտ են աղջիկներ» խորագրով ֆորումի ժամանակ՝ ողջունելով մասնակիցներին, ասաց Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանը՝ նշելով, որ սա խնդիր է ոչ միայն Հայաստանում այլև ամբողջ աշխարհում:
«Ձեզանից քանի՞սը գիտեն, որ աշխարհում առաջին ծրագրավորողը կին է եղել»,- դիմելով կոնֆերանսի մասնակիցներին՝ ասաց բանախոսը՝ նշելով, որ 1800- ական թվականներին էր այդ ծրագիրը ստեղծվել, որի լուծումները հետագայում՝ 1900-ականներին, օգտագործվեցին ծովային նավատորմում:
Բ. Պողոսյանի խոսքով՝ 1950-60-ական թվականներին համակարգչային ծրագրերի կուրսն ավարտողների մոտ 40%-ը կանայք էին, այսինքն՝ շատ մեծ էր նրանց թվաքանակը և նրանց հետաքրքրությունը ոլորտի նկատմամբ, սակայն նրանց թիվն այժմ, ըստ նրա՝ 12% է կազմում:
«Ոչ մեկը չի կարող ասել, թե պատճառն ի՞նչ է, որ այդպես նվազում է ոլորտում կանանց թիվը, սակայն, օրինակ՝ ԱՄՆ-ում համակարգչային գիտության ոլորտում ընդունվելու համար նախորդ տարի շուրջ 12.000 տղա և ընդամենը 2500 աղջիկ են քննություններ հանձնել»,- ասաց Բ. Պողոսյանը: Նրա խոսքով՝ կանայք իրենց կարողություններով և հմտություններով պակաս չեն, քան տղաները՝ այս ոլորտում առաջ գնալու համար, սակայն նրանք փոքր-ինչ մեկուսացած են, մի քիչ անվստահ են կամ էլ պարզապես չեն ներկայացնում իրենց հնարավորություններն այնպես, ինչպես հարկն է: Այդ առումով կարևորելով նմանատիպ կոնֆերանսների կազմակերպումը, ինչպիսին «Տեխնոլոգիաներին անհրաժեշտ են աղջիկներ» խորագրով ֆորումն է, ըստ բանախոսի՝ կանանց և աղջիկներին հնարավորություն է տրվում սովորել, համարձակություն ձեռք բերել և առաջ գնալ: «Ուզում եմ ընդգծել, որ հատկապես Հայաստանում՝ այս արագ աճող ոլորտում, մենք իրապես շատ-շատ կարիք ունենք կանանց, որովհետև այս 50% բնակչության կազմը միանգամայն ոչ հավասար, ոչ ադեկվատ է ներկայացված այս ոլորտում: Երբեք մի հուսահատվեք, որքան էլ որ դժվար լինի, սակայն, եթե դուք սիրում եք համակարգչային գիտությունը, աշխատեք այդ ուղղությամբ, հետևողական եղեք ձեր գործին, մի լսեք որևէ մեկին, ով կասի, որ դուք չեք կարող, և երբեք մի հուսահատվեք, որքան էլ դժվար լինի, և վստահ եմ՝ դուք այս ոլորտում ձեր տեղը կգտնեք»,- ասաց Բ. Պողոսյանը:
Տեղեկացնենք, Հայաստանի Ամերիկյան համալսարանում անցկացվող «Տեխնոլոգիաներին անհրաժեշտ են աղջիկներ» խորագրով ֆորումի նպատակն է՝ քաջալերել հայ աղջիկներին՝ իրենց կարիերան սկսելու տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտում:
Ֆորումի ժամանակ ՏՀՏ ոլորտում հաջողությունների հասած ղեկավար կանայք «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամից, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից, Հայկական վիրտուալ համալսարանից և այլ հաստատություններից, խոսելով իրենց գործունեության մասին՝ մի շարք խորհուրդներ տվեցին ֆորումի մասնակիցներին: Այդ մասին տեսանյութը կներկայացնենք առաջիկայում: