«Արմավիային» ռուսնե՞րն են սնանկացրել
Հանրային խորհուրդն այսօր դարձյալ քննարկում էր կազմակերպել «Արմավիա» ավիաընկերության և նրա կողմից թռիչքների դադարեցման արդյունքում առաջացած իրավիճակի վերաբերյալ: Քննարկման արդյունքում համարյա միաձայն (ընդամենը մեկ ձեռնպահ) Հանրային խորհուրդն ընդունեց «Հայաստանի քաղաքացիական ավիացիայի հեռանկարների մասին» որոշումը: Հետաքրքրական է, որ որոշումն ընդունվեց` առանց լսելու «Արմավիա» ավիաընկերության ներկայացուցիչների կարծիքը:
«Ստեղծված իրավիճակը հետևանք է «Արմավիայի» մենաշնորհային դիրքի, ընկերության կողմից վարած ոչ ճիշտ ֆինանսատնտեսական, կառավարման և մարքետինգային քաղաքականության, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի և «Արմավիայի» միջև մշտապես առկա հակասությունների և փոխհամաձայնության գալու ցանկության բացակայության, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության ոչ արդյունավետ միջամտության»,- այսպիսի եզրահանգման էր եկել Հանրային խորհուրդն իր փաստաթղթում: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն իր խոսքում ևս շեշտեց, որ իրենք չեն ցանկանում դատավորի դեր ստանձնել և դատել «Արմավիային», հակառակը` կարծում են, որ այս հարցում կա մեղավորների եռանկյունի` «Արմավիա», քաղավիացիա, «Զվարթնոց» օդանավակայան: Վազգեն Մանուկյանը ներկայացրեց նաև ՀԽ-ի դիրքորոշումը, թե ինչպիսին պետք է լինի հայկական ավիացիայի ապագայի կարևոր ելակետը: «Մենք պետք է մաքսիմալ ձևով ունենանք սեփական ավիացիա, մյուս կողմից էլ` մենք պետք է համաչափ գնանք աշխարհի հետ լիբերալիզացիայի հարցում, այսինքն`մեկը մյուս հաշվին չպետք է անի: Պրոբլեմն այն է, թե որտեղ գտնել այդ ճիշտ եզրը»,- ասաց Վազգեն Մանուկյանը: Ընդունված որոշման մեջ ՀԽ-ն կառավարությանն այսպիսի առաջարկներ արեց` ունենալ տեղական ավիափոխադրող`սեփականության ձևը, պետության մասնաբաժնի առկայությունը և այլ հարցեր լրացուցիչ քննարկելով, նպաստել տեղական ավիափոխադրողների և օդանավակայանի միջև ծագող բոլոր վիճելի հարցերը փոխհամաձայնությամբ լուծելուն, ստեղծել պայմաններ «Արմավիա» ավիաընկերության օդաչուների, տեխնիկական անձնակազմի, նյութատեխնիկական բազայի պահպանման համար, պայմանագրերում, որպես պարիտետային ելակետ, այնպիսի պայմանների ընդունում, որոնք ընդունելի կլինեն ավիափոխադրողների համար: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն առանձնացրեց հատկապես, այսպես ասած, «պարիտետի»` հավասարության խնդիրը: Նա ասաց, որ ավիաընկերության պահանջներից մեկը դրան է վերաբերում, քանի որ «Արմավիան» պնդում է, որ մինչև 2009թ. իրեն է բաժին հասել «Զվարթնոցի» իրականացրած ավիափոխադրումների 60 տոկոսը, քանի որ «պարիտետը» սահմանված է եղել ոչ թե թռիչքների, այլ` նստատեղերի քանակով։ Սակայն, քանի որ մյուս ավիաընկերությունները թռիչքներն իրականացնում են ավելի շատ նստատեղեր ունեցող ինքնաթիռներով, քան «Արմավիան», անհավասար պայմաններ են առաջանում, այս իսկ պատճառով էլ «Արմավիան» առաջարկում է վերադառնալ նախկին «պարիտետին»: Այս հարցի առնչությամբ քննարկմանը ներկա Քաղավիացիայի վարչության գլխավոր տնօրենի տեղակալ Արամ Մարությանն ասաց, որ ցանկացած ավիափոխադրում իրականացվում է երկու երկրների կառավարությունների միջև կնքած պայմանագրերով: «Մենք` որպես ICAO-ի անդամ պետություն, իրավունք չունենք այնպիսի պայմաններ ստեղծել, որոնք կսահմանափակեն պարտնյոր ընկերության իրավասությունները` որոշակի դաշտ ստեղծելու մեր կողմից նշանակված ընկերության համար: Միանշանակ կարող եմ ասել, որ հավասար մրցակցային պայմաններ են ստեղծված և՛ մեր ավիափոխադրողի, և՛ պարտնյոր ընկերության ավիափոխադրողների համար»,- ասաց Արամ Մարությանը: «Արմավիայի» դժգոհությունները, ինչպես նշված էր քննարկմանը ներկայացված առողջացման փաստաթղթում, հիմնականում ուղղված են ռուսական ավիափոխադրողների դեմ: «Արմավիան» նշում է, որ 1993թ. Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքված համաձայնագրով՝ կողմերից յուրաքանչյուրն իրավունք ուներ մեկ ավիափոխադրող նշանակել: Բացառություն էր կազմում միայն Մոսկվան, քանի որ այս ուղղությամբ երկու ավիափոխադրող էր գործում` «Աերոֆլոտ» և «Սիբիր» ավիաընկերությունները: Այս դեպքում ևս հավասարությունը պահպանվում էր, քանի որ քվոտան սահմանված էր ուղևորային նստատեղերով, այնինչ` 2009թ.-ից այդ սահմանափակումները հանվեցին: «Արմավիան» պնդում է նաև, որ ռուսական ավիափոխադրողներն իրենց բազային օդանավակայաններում ունեն ավելի քան 60 տոկոսի զեղչ, ինչից «Արմավիան» զրկված է: «Լինի «Արմավիան» թե ուրիշ ավիաընկերություն, չի կարող մրցակցել նման պայմաններում, և դուրս կշպրտվեն շուկայից, որովհետև ի՞նչ է նշանակում՝ մրցակցել «Աերոֆլոտի» հետ»,- քննարկումից հետո լրագրողներին հայտարարեց «Արմավիա» ավիաընկերության ինֆորմացիոն տեխնոլոգիաների բաժնի պետ Լևոն Ղազարյանը: Ընկերության կոմերցիոն տնօրեն Լևոն Քարամյանն էլ նշեց, որ այժմ Դոնի Ռոստով և Սոչի ուղղություններով ռուսական երկու ավիաընկերությունները շաբաթական յոթ չվերթ են իրականացնում՝ այն դեպքում, երբ ակնհայտորեն դրա պահանջարկը չկա: «Դա միտում ունի գրավելու տեղական շուկան և դուրս մղելու տեղական ավիափոխադրողին»,- պնդեց ընկերության ներկայացուցիչը:
Անահիտ Փիլոսյան